Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան

Եթե դու իսկապես նպատակ ունես լուրջ ծառայություններ մատուցել, դա առանց լուրջ մասնագետների չես կարող անել: Երբ դու գնում ես ոչ թե իշխանությունների, դատարանների, պետական մարմինների հետ համագործակցության ճանապարհով, այլ զուտ պրոֆեսիոնալ ու արդար ճանապարհով, պետք է լավ պատրաստված լինես:

S.Asatryan«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը hիմնականում զբաղվում է բիզնես իրավաբանությամբ: Ընկերությունն իր աշխատանքում հաջողության հասնելու հարցում  կարևորում է լավագույն մասնագետների ներգրավումը: Գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը մանրամասնում է` լավ աշխատելու դեպքում իրենք միանշանակ խրախուսում են աշխատողներին: Դա է պատճառը, որ լավ աշխատանքի շնորհիվ փաստաբան Ժաննա Սիմոնյանն ընկերության 5%-ի բաժնետերն է դարձել, իսկ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը` 25 %-ի: Նա, մինչև նախարարությունում աշխատանքի անցնելը, ավագ իրավաբան  է եղել  «Կոնցեռն- Դիալոգ»-ում:
Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի զրուցակիցը «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն է:

 
-Ձեր կայքից ակնհայտ երևում է, որ փաստաբանական գրասենյակի աշխատակիցները լավ կրթությամբ և մի քանի օտար լեզուների տիրապետող երիտասարդներ են: Ինչո՞ւ միայն երիտասարդներ և ինչպե՞ս եք կատարում կադրերի ընտությունը:
-Եթե բժշկական հաստատություններում դու լավ սարքավորումներ ունես, դու կարող ես դրանով շուկայում լավ տեղ զբաղեցնել, սակայն մեր դեպքում` մասնագիտական ընկերություններում, կարևորը մարդիկ են: Մեր ընկերությունը մասնագետներին շատ երկար ու դժվար ճանապարհով է ընտրում: Վերջին քսան տարում մեր երկրում կատարվող փոփոխությունները պահանջում են անընդհատ նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ: ԽՍՀՄ-ի տարիներից հետո, երբ փոխվեց տնտեսական ֆորմացիան, մենք պետք է արևմուտքի փորձը ուսումնասիրեինք և կիրառեինք` տեղայնացնելով: Ամենևին նպատակ չունենալով վատաբանել իմ սերնդի և ավելի մեծ տարիքով մասնագետներին` պետք է նշեմ, որ, ցավոք սրտի, իմ սերնդի մարդկանց մոտ ադապտացիան մի քիչ դժվար է տեղի ունենում և կարծրացած մտքերը կամ կրեատիվ մոտեցումները, կարծես թե, իրենց մոտ կաղում են: Նրանք նոր սերնդի տեխնոլոգիաներով աշխատելու խնդիր ունեն, իսկ այսօր առանց նոր տեխնոլոգիաների, առանց մոդեռն մոտեցումների, կարծում եմ, հնարավոր չէ շուկայում տեղ գրավել: Եթե դու իսկապես նպատակ ունես լուրջ ծառայություններ մատուցել, դա առանց լուրջ մասնագետների չես կարող անել: Երբ որ դու գնում ես ոչ թե իշխանությունների, դատարանների, պետական մարմինների հետ համագործակցության ճանապարհով, այլ զուտ պրոֆեսիոնալ ու արդար ճանապարհով, պետք է լավ պատրաստված լինես: Հիմնական պատճառը դա է, որ երիտասարդներրի հետ ենք աշխատում: Իհարկե, կան դժվարություններ փորձի տեսակետից. ես իմ փորձն եմ փորձում իրենց տալ, իսկ իրենցից սովորում եմ նոր մարտավարությունների դիմակայելու նոր գիտելիքներ:


-Ձեր գրասենյակն առաջարկվող մի շարք ծառայությունների ցանկում նաև իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ է իրականացնում: Կմանրամասնե՞ք մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը:
- Մենք հիմնականում զբաղվում ենք բիզնես իրավաբանությամբ: Մեր մոտեցումն ավելի շատ մասնագիտացում գնալն է: Բայց դեռ, ցավոք սրտի, մեր շուկայում նեղ մասնագիտացում գնալը դժվար է, որովհետև շուկան շատ փոքր է: Մենք հիմնականում մասնագիտացված ենք աշխատանքային, պայմանագրային, կոմերցիոն, հեղինակային իրավունքի ոլորտում, ապրանքային նշանների գործերով զբաղվում ենք մեր գործընկեր ընկերության միջոցով` «Սարգիս Կնյազյան և ընկերներ», որը մտավոր սեփականության խնդիրներով է զբաղվում, դրա մեջ ներառվում է նաև ապրանքային նշանի հարցը: Զբաղվում ենք նաև քրեական գործերով, եթե մեր մշտական հաճախորդներն են անհրաժեշտություն ունենում: Այդ դեպքում մենք ինքներս ենք պայմանագիր կնքում քրեական գործերով զբաղվող այլ ընկերությունների հետ: Երբ ասում ենք բիզնես իրավաբանություն, դրա մեջ ամեն ինչ ամփոփված է, բայց չեմ կարող չնշել, որ մենք հարկային և մաքսային խնդիրներով ենք զբաղվում, որը այսօր մեր բիզնեսի համար խոցելի ոլորտներից մեկն է, որը ժամանակի ընթացքում ավելի վատանում է:  Կարծիք կա, որ վատանալուն զուգահեռ իրավաբանական ընկերության գործը պետք է լավանա, մենք ինչո՞ւ ենք դժգոհում, բայց չեմ կարծում, որ այդ եղանակով հաճախորդից փող աշխատելն ամենաբարոյական կամ ամենաազնիվ տարբերակն է:

 
-Իսկ որքանո՞վ եք կարևորում փաստաբանական ընկերությունների նեղ մասնագիտացում ունենալը:
-Ամեն դեպքում ապագան նեղ մասնագիտանալունն է: Մենք գնում ենք այդ ճանապարհով: Երբ ասում եմ նեղ մասնագիտացումը ձեռնտու չէ, նկատի ունեմ մեկ ճյուղը ձեռնտու չէ: Մեր իրավաբաններից, փաստաբաններից ոմանք մասնագիտանում են հենց վարչական իրավունքի ոլորտում, ոմանք` աշխատանքային իրավունքի, բայց աշխատանքային իրավունքով զբաղվելով զբաղվում են նաև պայմանագրային իրավունքով: Բայց դասական տարբերակն այն է, որ եթե մեկը զբաղվում է աշխատանքային իրավունքով, ապա որևէ այլ իրավունքով չպետք է զբաղվի, սակայն միայն դրան հասնելը դժվար է: Ես միայն աշխատանքային իրավունքով 2-3 իրավաբան կամ 1 իրավաբան պահելով, կախված ծավալից, չեմ կարող ապահովվել նրա ամենօրյա ծանրաբեռնվածությունը: Ռեսուրսն այդ դեպքում էֆեկտիվ չի աշխատի: Ինչպես կասեր մեր հարգարժան Դեյվիդ Մայեստրը` զբաղվածությունը միշտ մի փոքր ավելի պետք է լինի, քան ռեսուրսը, որ ռեսուրսդ չլճանա:


- Ի դեպ, Դեյվիդ Մայեստրի մասին… Ասացեք, թե ինչո՞ւ է հենց նրա նկարը կախված Ձեր աշխատասենյակի պատից:
- Դեյվիդ Մայեստրին ես երկրպագում եմ (ժպտում է- Ն.Հ.): Նա 40 տարվա ասուդիտորի փորձ ունի: Իմ սեղանին նաև նրա գրքերից կտեսնես: Նրա գրքերը թարգմանվել են նաև ռուսերենով և տարածվել աշխարհի շատ երկրներում: Նա գրել է հատկապես գրասենյակների կառավարման ու հաճախորդների սպասարկման մասին: Դեյվիդ Մայեստրը հիմա Հարվարդում է դասավանդում: Ես հաճախ եմ օգտվում նրա խորհուրդներից: Սկզբից մտածում էի, որ Դեյվիդ Մայեստրի խորհուրդները վերաբերում են շատ մեծ ընկերությունների, բայց երբ մեր գործընկերների հետ սկսեցինք կամաց-կամաց փորձել կիրառել նրա խորհուրդները, տեսանք, որ լավ էլ աշխատում է, և մեծ և փոքր ընկերությունները տարբերվում են միայն նրանով, որ այնտեղ մեծ դեպարտամենտներ, առանձին ղեկավարներ կան, իսկ այստեղ ամեն ինչ խտացված է:


-Իսկ  գրասենյակի արդյունավետ կառավարման համար ինչ-որ առաջարկներ տեղայնացրե՞լ եք:
-Մենք փորձել ենք տեղայնացնել հաճախորդների սպասարկման, գնագոյացման, աշխատակազմի ընտրության առանձնահատկությունները նաև փոքր-ինչ մարքեթինգային դետալներ:
Ես ու Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հեղինակել ենք «Գրասենյակի կառավարում» գիրքը: Այնտեղ մենք գրել ենք և օրինակների վրա ենք կառուցել, թե ինչպե՞ս հաճախորդների հետ աշխատել, որպեսզի վերջիններս  գոհ մնան և այլն:
Այսօր մեր խնդիրներից մեկ այն է, որ պայմանագիր կնքելուց հետո հաճախորդն ուզում է փաստաբանի հետ կոնտակ ունենալ, բայց փաստաբանը զբաղված է, դատական նիստի է և այլն.. Սկսվում է բողոքներ, որոնցից էլ սկսվում են հիմնական վեճերը:
Մենք հաճախորդի հետ էլ. փոստով պայմանավորվում ենք, թե երբ է հարմար խոսելու համար: Եթե հաճախորդն առանց նախազգուշացնելու զանգի ինձ, ես կարող եմ այլ գործով զբաղված լինել, իսկ դա իրեն ձեռնտու չէ: Հանպատրաստից տված խորհրդատվությունը կարող է ամբողջական չլինել: Դրա համար պայմանագրում նախապես ֆիքսում են կոնտակտի ձևերը և ժամանակը:
Գնագոյացման հարցում մեր գրասենյակն աշխատում է տարբեր մեթոդներով` և՛ ժամավճարով, և՛ խառը մեթոդով, և՛ ֆիքսված հոնորարի, և՛ բռնագանձման գործերի դեպքում բռնագանձվող գումարի չափից ելնելով: Հակառակ կարծիքին` թե Հայաստանը Եվրոպա չէ, մարդիկ ժամավճարով չեն ցանկանա աշխատել ձեզ հետ, ասեմ, որ մենք բավական շատ հաճախորդներ ունենք, որոնց հետ աշխատում ենք ժամավճարով, հատկապես խորhրդատվական բիզնես ոլորտում, և իրենք շատ գոհ են: Մենք իրենց ներկայացնում ենք մեր աշխատանքի հաշվետվությունը և ստանում ենք դրական պատասխան, դրանից հետո ուղարկում ենք հաշիվ ֆակտուրա, իսկ եթե որևէ կետի հետ համաձայն չեն, մենք պատրաստ ենք քննարկել:
Հաջորդ մեթոդը խառը մեթոդն է: Արդեն երեք տարի է, որ մեզ մոտ գործում է: Հետաքրքիր է, որ հայ հաճախորդներն են այդ տարբերակից օգտվում: Դատական ներկայացուցչություն իրականացնելիս սկզբում` հայցադիմումներ գրել, հարցումներ անել, ուսումնասիրություններ, փորձագետների հետ հանդիպել և այլն, իրականացնում եք ժամավճարով` երբեմն նաև վերին շեմ ենք սահմանում ու հենց դատական նիստերն են սկսվում, սկսում ենք աշխատել նիստավճարով: Յուրաքանչյուր նիստի արժեքի մեջ է մտնում այն միջնորդությունները, դիրքորոշումները, փորձաքննությունը, հայտարությունը, որոնք դու կանես: Կլինի մեկ նիստ, ես կուղարկեմ հաշիվ ֆակտուրան, նիստ չի լինի` հաճախորդը որևէ հաշիվ ֆակտուրան չի ստանա, որևէ պարտավորություն չունի: Երկու կողմին էլ հարմար է այս տարբերակը: Նորմալ աշխատում է նաև ֆիքսված հոնորարի տարբերակը և բռնագանձվող գումարի չափից ելնելով գումար վերցնելը:

 
Ըստ Սեդրակ Ասատրյանի` հաճախորդներին հավուր պատշաճի սպասարկելու համար միայն լավ մասնագետ լինելը քիչ է, դրան պետք է գումարվի նաև լավ սպասարկումը: Դա է պատճառը նաև, որ ընկերությունը ծառայություններ է մատուցում մի շարք հայտնի կազմակերպությունների:

 

Զրույցը վարեց Նունե Հովսեփյանը
Օրիգինալ հրապարակումը © iravaban.net կայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21