Հրանտ Բագրատյանի վարքագիծը դատարանում պարտված մարդու վարքագիծ է

Դատարանն ապացուցված է համարել, որ դեռևս 2010 թվականի ապրիլի 30-ին Մանե Հակոբյանը իր այդ ծրագրի երեք տարբերակներն ի պահ է հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքի պաշտպանության ՀԿ-ին, ստացել հավաստագիր, այնուհետև իր ստեղծագործությունը տպագրել է «Հետք» կայքում:

S.Asatryan

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրատն Բագրատյանը թաքնվում է ընդդիմադիր քողի ներքո և, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի դատարանների նկատմամբ մարդկանց վստահությունը բարձր չէ, փորձում է վարկաբեկել «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ 2011 թվականի օգոստոսի 7-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում հրապարակվեց «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»-ը Հրանտ Բագրատյանի և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի ստորագրությամբ: Դրանից հետո գիտնական Մանե Հակոբյանը հայտարարեց, որ այդ ծրագիրն ինքն է գրել: Հեղինակային իրավունքը խախտելու փոխադարձ մեղադրանքները կողմերին հասցրեց Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 «Քանի որ հայցվոր կողմը մենք էինք, դատարանում մեր վրա դրվեց ապացուցելու, որ այդ ծրագիրն իրենք են հրապարակել ֆեյսբուքյան խմբում կամ հավանություն են տվել հրապարակման գաղափարին: Մենք պետք է ապացուցեինք, թե ծրագրից ո՞ր մասերն են գրագողացված և այն, որ իմ վստահորդն ավելի վաղ է ունեցել այդ ծրագիրը, քան պատասխանող կողմը: Նշեմ, որ Հայաստանում հեղինակային իրավունքը հենց ստեղծման փաստով է ապացուցվում»,- ասաց հայցվոր Մանե Հակոբյանի ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը:

Մինչ դատարան հայց ներկայացնելը Սեդրակ Ասատրյանն ապացույցների ապահովման համար դիմել էր «Մալաթիա» նոտարական տարածքի նոտար Թեհմինա Ավագյանին՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում հրապարակված ծրագիրը մեկնաբանություններով հանդերձ հաստատելու համար:
Սեդրակ Ասատրյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ դեռևս 2009 թվականին Մանե Հակոբյանն ունեցել է «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»-ը և այն ներկայացրել է ՀԱԿ հանձնաժողով:
Պատասխանող կողմի փաստաբանը երեք փաստաբանական հարցում է ներկայացրել դատարան, համաձայն որի` Մանե Հակոբյանը գիտության ոլորտի վերաբերյալ ՀԱԿ հանձնաժողով որևէ ծրագիր չի ներկայացրել:
Հայցվոր կողմի պնդմամբ այդ երեք վկաները հրավիրվել են դատարան` ՀԱԿ գիտության և կրթության հանձնախմբի անդամ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի կրթության և գիտության հանձնաժողովի աշխատանքները համակարգող Սամվել Կարաբեկյանը և Վիկտոր Միրումյանը: Նրանք երեքն էլ պնդել են, որ Մանե Հակոբյանը հանձնաժողովին գիտության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ նախագիծ ներկայացրել է:
«Դատաքննության ընթացքում պարզվեց, որ Հրանտ Բագրատյանը Մանե Հակոբյանի հետ ոչ մի անգամ ՀԱԿ հանձնաժողովի նիստերին չի մասնակցել, բայց ինքն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը գնում էր ՀԱԿ հանձնաժողովի նիստերին, իր ծրագիրը քննարկում էր, Մանե Հակոբյանը լսում, գրում էր»,- նշեց գիտնական Մանե Հակոբյանի ներկայացուցիչը:
Հրանտ Բագրատյանը ԶԼՄ-ներից մեկում հայտարարել էր, որ ինքը դեռևս 1,5 տարի առաջ այդ ծրագիրն ուղարկել է Ուկրաինայի կառավարություն, սակայն «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ Ուկրաինայի կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ Հրանտ Բագրատյանի կողմից հաստատված գիտության ոլորտում վերափոխման որևէ ծրագիր չի ստացել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ևս հայտնել էին, որ նման ծրագիր Ուկրաինայի կառավարությանը չի փոխանցվել:
Պատասխանող Հարություն Կարապետյանը դատարանում պնդել է, որ ինքը պատշաճ պատասխանող չէ, ինքը տեղյակ չէ և չի տվել իր համաձայնությունը, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում հրապարակված «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նախագծի տակ հարպարակվի իր անունը: Այն հրապարակվել է առանց իր գիտության: Ինքը տեղյակ է, որ եղել է գիտության զարգացման երկու նախագիծ, որոնցից մեկի հեղինակն ինքն է, և, որին հավանություն է տվել Հրանտ Բագրատյանը` նշելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է, իսկ մյուսը` ՀԱԿ-ի ծրագիրն է:
Գործով մյուս պատասխանող Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը ներկայացրել էր նաև հակընդդեմ հայցադիմում` դատարանից խնդրելով ճանաչել Հրանտ Բագրատյանի հեղինակային իրավունքը «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նկատմամբ:
Սեդրակ Ասատրյանի խոսքով` հակընդդեմ հայցի հիմքում դրված էր միայն այն, որ 2010 թվականի ամռանը` գործով մյուս պատասխանող Հարություն Կարապետյանը նամակ է ուղարկում Հրանտ Բագրատյանին` գրելով, որ ուղարկում է գիտության ծրագիրը: Հրանտ Բագրատյանն էլ այն ուղարկում է Մանե Հակոբյանին քննարկման համար` գրելով, որ ուղարկում է Հարութենց ծրագիրը: Մանե Հակոբյանը պատասխանում է, որ այն Հարութենց ծրագիրը չէ, իր ծրագիրն է, որի մեջ որոշ փոփոխություններ են արվել:
«Մենք խնդրեցինք, որ պատասխանող կողմի փաստաբանը մեզ ուղարկի այդ ֆայլը, մի աջ քլիկ արեցինք ու տեսանք, որ այդ ֆայլը ստեղծված է եղել Մանեի կողմից: Նույնիսկ ֆայլի անունը չէին փոխել. գրված էր` Մանե.գիտության ծրագիր»,- ժպտալով ասաց Սեդրակ Ասատրյանը:
Դատարանն ապացուցված է համարել, որ դեռևս 2010 թվականի ապրիլի 30-ին Մանե Հակոբյանը իր այդ ծրագրի երեք տարբերակներն ի պահ է հանձնել «Հայհեղինակ» հեղինակային իրավունքի պաշտպանության ՀԿ-ին, ստացել հավաստագիր, այնուհետև իր ստեղծագործությունը տպագրել է «Հետք» կայքում: Դատահեղինակային եզրակացության համաձայն` «Հետք Online»-ում և «Ֆեյսբուք»-ում հրապարակված ծրագրերի տեքստերը մեծամասամբ համընկնում են (58%), «Հայհեղինակ» հկ-ում ի պահ հանձնված երեք տարբերակների տեքստերը Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակությամբ ծրագրի տեքստի հետ, ըստ տարբերակների, համընկնում են համապատասխանաբար 24, 14 և 23 %-ով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը վճռել է Մանե Հակոբյանի հայցը բավարարել և պարտավորեցնել Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանե Հակոբյանի թույլտվության նրա ստեղծագործության ցանկացած եղանակով անբարեխիղճ օգտագործման հրապարակումները, այն է` հրապարակումից հանել «Ֆեյսբուք»-ում Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակությամբ ծրագրի այն մասերը, որոնք համընկնում են Մանե Հակոբյանի ծրագրի հետ:
Դատարանը Հրանտ Բագրատյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մանե Հակոբյանի մերժել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատասխանողի վերաքննիչ բողոքը ևս մերժել է:
Սեդրակն Ասատրյանի խոսքով` Հրանտ Բագրատյանը դատարանում պարտություն կրելուց հետո սկսել է վարկաբեկել նաև իր` «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակը` նշելով, որ այն պատկանում է Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանին. վերջինս գործուն ազդեցություն է ունեցել վճռի արդյունքի վրա, բայց իրականում Արամ Օրբելյանը գրասենյակի ընդամենը 25 տոկոսի բաժնետերն է:
Նրա կարծիքով` Հրանտ Բագրատյանի վարքագիծը  դատարանում պարտված մարդու վարքագիծ է:  

 

Հարցազրույցը՝ Նունե Հովսեփյանի
Օրիգինալ հոդվածը © iravaban.net կայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21