«Իրավական շաբաթ» #11 (Քրեական պատասխանատվություն իրավաբանական անձանց նկատմամաբ)

Իրավաբանական անձանց նկատմամաբ քրեական պատասխանատվության ինստիտուտը հանվել է ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգից

«Քրեական գործ հարուցել իրավաբանական անձի նկատմամբ նշանակում է վերից վար այդ ընկերությունը շուռ տալ», _ կարծում է իրավական ոլորտում բիզնեսի խորհրդատու, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը: Նա հետխորհրդային երկրների համար նման դրույթ սահմանելը տարօրինակ է համարում, բայց նաև նշում է, որ նման կարգավորում աշխարհում գոյություն ունի: «ԱՄՆ-ում վարչական պատասխանատվություն որպես իրավունքի առանձին տարատեսակ գոյություն չունի: Այնտեղ ամեն ինչ կարգավորվում է քրեական օրենսգրքով, հետևաբար, եթե պետք է տուգանել, ապա քրեական օրենսգրքով տուգանում են»:

 

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով և հարկերի մասին օրենքով իրավաբանական անձանց նկատմամբ տուգանք սահմանված է որոշ արարքների կատարման դեպքում, մի անգամ էլ տուգանք սահմանել քրեական օրենսքով կնշանակի նույն արարքի համար երկու անգամ տուգանել. առաջինն անվանելով իրավախախտում, երկրոդը՝ տնտեսական հանցագործություն: Նորմին ծանոթանալուց հետո Սեդրակ Ասատրյանն անմիջապես առաջարկություններ է ներկայացրել հայեցակարգի մշակման աշխատանքային խմբին՝ հանել այդ նորմն ու ուշադրություն դարձնել Քրեական օրենսգրքի 205 հոդվածին. պետք է ապաքրեականացնել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: «Եթե բիզնեսի 3-5%-ն է չարամտորեն խուսափող, իրենց նկատմամաբ կարելի է շատ խիստ լինել, բոլորին ձերբակալել, և այլն: Բայց եթե տարբեր գնահատականներով մեզ մոտ  հարկերից չարամտորեն խուսափել են 80%-ը, 80%-ի նկատմամբ քրեական պատասխանատվությու՞ն սահմանել: Դու 80%-ին չես կարող բերդերում պահել: Նշանակում է պետք է ընտրովի անես, դրա համար նախատեսել ես նաև Քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասը», _ մանրամասնում է պարոն Ասատրյանը:

 

Քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Եթե ձեռնարկատերը վճարել է պատճառված վնասն ու հաշվարկված տույժերն ու տուգանքները, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից»: Սեդրակ Ասատրյանը պնդում է, որ այս ձևակերպումը պետք է միանշանակ դուրս գա քրեական օրենսգրքից: «Նման կարգավորում ոչ մի երկրի օրենսդրության մեջ չկա»: Մասնագետի կարծիքով՝ եթե հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը շարունակելու են պահել Քրեական օրենսգրքում, ապա անհամապատասխանություն կա պաշտոնատար անձի կողմից բիզնեսին չարամտորեն խոչընդոտելու հոդվածի հետ: «Պետությունը շատ մեղմ է վերաբերվում պաշտոնատար անձին, ասում է՝ եթե դու բիզնեսին խոչընդոտել ես, ոչինչ, կտուգանեմ: Իսկ եթե բիզնեսն է հանկարծ ինչ-որ ձևով խուսափելհարկերը վճարելուց, իրեն ասում է ՝ քեզ մինչև 10-ը տարի կնստացնեմ: Սա արդար չի»:

Արդար է նման կարգավորումը, թե՝ ոչ, ցույց կտա ապագան: Մի բան այս պահին հստակ է. իրավաբանական անձանց նկատմամաբ քրեական պատասխանատվություն սահմանող դրույթը հանված է: Սա պաշտոնապես հայտնել է քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը:

 

Տեսանյութը © «Իրավական շաբաթ» #11, 15:47 րոպեից սկսած

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21