«Շրջանառության հարկի գաղափարը այս նոր փոփոխություններով խեղաթյուրվել է», - Սեդրակ Ասատրյան

«Խաղաղության ապահովման համար քաղաքի վրա ռու՞մբ ենք նետում»:

S.Asatryan«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները հակասում են այս հարկատեսակի ներդման գաղափարին: Պնդում է «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը: Նրա հետ հարցազրույցը կարդացեք ստորև.

 

- Պարոն Ասատրյան, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը` նոր փոփոխություններով: Այն փողոց հանեց բազմաթիվ առևտրականների: Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն է այս փոփոխությունների մասին:

- Ի սկզբանե, շրջանառության հարկի ներդրման ամբողջ գաղափարն այն էր, որ փոքր և միջին կամ էլ մեր կարծիքով` գերփոքր բիզնեսը ձեռք բերման փաստաթղթեր չունենա, որպեսզի կարողանար ազատ շնչել: Հետո ինչ է կատարվել` շուկայում առ ու վաճառքի հետ կապված կարծիք կար դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, որ 3.5 տոկոսը շատ է, եկեք իջեցնենք 1 տոկոսի: Այդ քննարկումներն ընթանում էին, երբ կառավարությունը փոխվեց: Նոր կառավարությունն ուզեց լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Նախկին քննարկումներին ավելացավ նաև այն, որ զուգահեռ պետք է փաստաթղթաշրջանառության, ձեռք բերման փաստաթղթերի հաշվառման և այլ պահանջներ դրվեն, ու հետևանք առաջադրեցին: Այդ փոփոխության հիմնավորումներում ասվում էր` փոքր և միջին ձեռնարկության սուբյեկտների և ընտանիքի կողմից համատեղ իրականացման համար հարկման ավելի բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտություն կա: Բարելավում հասկանում ենք 3.5-ից մեկ տոկոս հարկի իջեցում, բայց դրա հետ մեկտեղ ասվում է` զուգահեռաբար սահմանել կատարվող ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջ: Սա էլ այն ասույթն է հիշեցնում` խաղաղության ապահովման համար քաղաքի վրա ռումբ ենք նետում: Այս ամբողջ հավաքները ընդամենը մի նախադասության հետևանք են: Իմ ձեռքի տակ են նաև էկոնոմիկայի նախարարության բացասական եզրակացությունն այս փոփոխության վերաբերյալ` երկու փոխնախարարների մակարդակով: Այդ պարտավորությունը, որ դնում են մի տարբերակ կա, երբ ՓՄՁ-ները չեն կարողանում խոշորից ձեռք բերել փաստաթղթերը, որպեսզի այդ պարտադիր պահանջը կատարի:

 

- Այս պարագայում, եթե խոշորը հրաժարվի փաստաթուղթ տրամադրել, չի՞ ստացվի, որ նա զրկվում է ՓՄՁ-ների հետ առևտուր անելու հնարավորությունից:

- Ոչ, այդպես չի ստացվի, քանի որ նա ձևը միշտ գտնում է. տանում ապրանքը դնում է շուկայում և ասում է` գնա այնտեղից առ: Ձևերը միշտ կան: Ամեն դեպքում, ինչպես նկատում ենք այդ 3.5-ից իջեցնելը առևտրականներին շատ չի ուրախացրել: Չեք մտածել` ինչո՞ւ:

 

- Մեզ հետ հարցազրույցներում շատ առևտրականներ պնդել են, որ թեև իջացվում է հարկը` հասնելով 1 տոկոսի, սակայն պետք է հաշվապահ պահեն և հավելյալ ծախսեր անեն, ուստի` նրանց վիճակը դրանով չի բարելավվում:

- Իսկ ես այլ պնդում ունեմ: Երկար մտածեցի, ու հասկացա, եթե այդ բամբասանքներին հավատանք` փոքր կրպակների ու խանութների առևտրականներն այնուամենայնիվ հարկային տեսուչի հետ որոշում են` ինչքան պետք է վճարեն, ստացվում է, որ նրանք առանց այն էլ 1 տոկոս էին վճարում:

 

- Այսինքն` առկա՞ է կոռուպցիա:

- Ես պարզապես եզրակացություն եմ անում, վստահ չեմ, ապացույցներ չունեմ: Առևտրականները ինչ են ասում` թողեք նույնը` 3.5 տոկոս: Այս պարագայում ես գնահատողական դատողություն եմ անում, որ մարդը մեկ է` դրանով չի աշխատում, նրա համար միևնույն է` ինչքան տոկոս կլինի, նա աշխատում է տեսուչի հետ, միգուցե` իր և տեսուչի մշակած օրենքներով: Ես այդպես եմ գնահատում: Ամեն դեպքում` կարծում եմ շրջանառության հարկի գաղափարը, այս նոր փոփոխություններով խեղաթյուրվել է:

 

Զրույցը վարեց` Գևորգ Թոսունյանը

Օրիգինալ հոդվածը © iravaban.net կայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21