Ժաննա Սիմոնյան. «Նոր օրենքի ընդունումը հղի է ծնելիության նվազման վտանգով»

««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը ոտնահարում է հղի կանանց իրավունքները, սակայն դրանից առավել շատ տուժում են հատկապես բարձր աշխատավարձ ստացած և կայուն ֆինանսական հոսքերի սովոր կանանց», - Ժ.Սիմոնյան

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը ոտնահարում է հղի կանանց իրավունքները, սակայն դրանից առավել շատ տուժում են հատկապես բարձր աշխատավարձ ստացած և կայուն ֆինանսական հոսքերի սովոր կանանց: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան Ժաննա Սիմոնյանը՝ հավելելով, որ պետության հաշվարկները խիստ նվազ են կատարված: Նա հիշեցրեց, որ սույն օրենքով կրճատվում է հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը և անգամ ամենաերկար ժամկետներով աշխատած կանայք ստանալու են ոչ թե իրենց աշխատավարձերի 100, այլ ընդամենը 80 տոկոսի չափով նպաստ: Առավել վատ է վերջին գործատուի մոտ մեկ տարուց պակաս աշխատանքային ստաժ ունեցող կանանց վիճակը, ովքեր նպաստ ստանում են իրենց աշխատավարձի միայն 40 տոկոսի չափով: Ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ սոցիալական աջակցությունը պետք է հասցեական լինի և հստակ ուղղված լինի նրանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն: «Կառավարության այս որոշումն անտրամաբանական է: Նոր օրենքի ընդունումը հղի է ծնելիության նվազման վտանգով՝ մանավանդ լավ եկամուտ ունեցող կանանց շրջանում: Ընդհուպ, օրենքի սահմանադրականությունը կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում: Ողբերգություն է, երբ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացած կնոջն ամսական ընդամենը 100 հազար դրամի նպաստ է տրվում, այլ բան է, երբ 100 հազար դրամ աշխատավարձ ստացած կնոջը 100 հազար դրամի նպաստ է հատկացվում: Ի տարբերություն առաջինի, ում կենսակերպն էականորեն խախտվում է դեպի վատը, մյուսինը մնում է կայուն՝ նախկինի նման: Ընդհանուր առմամբ, անթույլատրելի է քիչ վաստակողին փոխհատուցել լավ վաստակողի հաշվին, պետությունն ուղղակի պետք է այլ ճանապարհով հոգա չաշխատող կամ քիչ աշխատավարձ ստացող մայրերի հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է փոխի երկու խմբի հղիներին վճարելու գործիքակազմը: Հիշեցնենք, որ նոր օրինագծով նախատեսվում է կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար տրամադրել միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Ըստ այդմ, կնոջը, ով վերջին գործատուի մոտ աշխատել է մինչև 1 տարի, վճարվում է ստացված աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ, 1-3 տարվա ստաժի դեպքում գումարը 60 տոկոսի չափով է, իսկ ահա 3 տարի և ավել ժամկետով աշխատած կանանց պետությունը պարտավորվում է վճարել նպաստ՝ աշխատավարձի 80 տոկոսի չափով:

 

Օրիգինալ հոդվածը՝ © Newsbook.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21