Արամ Օրբելյան. Զրույց Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վերաբերյալ

«Քաղաքացիական հասարակության կայացումը կարող եմ հինգ բալանոց սանդղակով գնահատել 3,5-4՝ եթե վերցնենք միջին համաշխարհայինը»,- Արամ Օրբելյան

A.Orbelyan2014թ. սեպտեմբերի 16-ին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը Անի Պլազա հյուրանոցում մասնակցեց «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության ինդեքսը» զեկույցի շնորհանդեսին, որը կազմակերպվել էր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) կողմից: Պարոն Օրբելյանը խոսեց ՔՀԿ իրավական դաշտում 2012-13թթ. զարգացումների մասին:

 

Լրագրողների հետ կայացած ճեպազրույցում Արամ Օրբելյանը գնահատեց Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման մակարդակը: «Չեմ կարող պնդել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացած չէ ընդհանրապես կամ մեծամասամբ: 

Քաղաքացիական հասարակության կայացումը կարող եմ հինգ բալանոց սանդղակով գնահատել 3,5-4՝ եթե վերցնենք միջին համաշխարհայինը»,- ասաց նա: Ըստ նրա` տարածաշրջանի երկրների համեմատությամբ, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումը մի քիչ ավելի բարձր է: Ա. Օրբելյանի կարծիքով, Հայաստանում բավականին զարգացած է քաղաքացիական ակտիվիզմը:

 

«Կոնցեռն Դիալոգի» ավագ գործընկերը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նաև նշեց, որ 2013 թ. լայնորեն քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հայեցակարգը: Այս ոլորտում վերջին տարիների ձեռքբերումներից ամենամեծը, Արամ Օրբելյանի կարծիքով, հիմնական հարցերի վերաբերյալ լայն կոնսենսուսի գալն է: «Չեմ կարող պնդել, որ օրենսդրությունը էականորեն խոչընդոտում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Բայց որ որոշակի փոփոխություններ կարող են հետագայում աջակցել, որոշակի ինստիտուտների ներդրում կարող է աջակցել՝ դա ակնհայտ է: Նման ինստիտուտներից է էնդաումենթների (այն հիմնադրամներն են, որտեղ դրամագլուխը չի ծախսվում) կարգավորումը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիակայն հասարակական կազմակերպությունների երկարակեցությունը: Հաջորդ լծակը կանոնադրության դերի բարձրացումն է: Քանի որ այսօր սահմանափակ են այն հարցերը, որոնք կարող են լուծվել կանոնադրությամբ: Որոշ փոփոխություններ անցնող տարում արդեն տեղի են ունեցել»,- ասում է նա:

 

Հայեցակարգի ուշադրության կենտրոնում ՔՀԿ-ների իրավական միջավայրի բարելավումն է: Հայեցակարգն առաջարկում է նաև կանոնակարգել նպատակային դրամագլխի միջոցով ֆինանսավորման հնարավորությունները, վերացնել ՔՀԿ-ների իրավական ձևերը և ավելացնել թափանցիկության մեխանիզմները: Նախատեսվում է, որ այս տարի կառավարությունը կհաստատի հայցակարգը, որից հետո համապատասխան օրենսդրական նախագծեր կմշակվեն և կներկայացվեն խորհրդարանի օրակարգ:

 

Ըստ Օրբելյանի` կառավարության հետ երկխոսության գործընթացը բազմաշերտ ու բազմաոլորտ է: «Բավական լայնաշերտ ու ինտենսիվ երկխոսություն տեղի ունեցել է: Քրեակատարողական համակարգի հետ կապված որոշակի երկխոսություն տեղի ունեցել է: Թե ինչքան է արդյունավետ եղել, կամ չի եղել՝ դա երկրորդական հարց է: Որոշ հարցերում, իհարկե, արդյունավետությունը պետք է ավելի բարձր լիներ»,- նշում է նա: Նրա խոսքով՝ չի կարելի պնդել, որ օրենսդրությունը էականորեն խոչընդոտում է ՔՀԿ-ների զարգացմանը, բայց որոշակի փոփոխությունները, նոր ինստիտուտների ներդրումը կարող են հետագայում աջակցել ՔՀԿ-երի զարգացմանը:

 

Օրիգինալ հոդվածը («Արամ Օրբելյան. Հայաստանում բավականին զարգացած է քաղաքացիական ակտիվիզմը») © Panorama.am

Օրիգինալ հոդվածը («Օրենսդրական բարեփոխումները կարող են խթանել ՔՀԿ-ների զարգացմանը. Արամ Օրբելյան») © AraratNews

Օրիգինալ հոդվածը (««ՔՀԿ կայունության ինդեքս»-ում Հայաստանը տարածաշրջանում առաջընթաց դիրքերում է») © Հայաստանի հանրային ռադիո

Տեսանյութը («Ինչո՞ւ են ՀԿ-ները ստանում «գրանտակեր» պիտակը») © Ա1+

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21