Նարինե Բեգլարյան. ՀՀ Վճռաբեկ դատարանի անդրադարձը թույլատրելի ապացույց եզրույթի վերաբերյալ

2014թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց “Կոնցեռն-Դիալոգ” ՓԲԸ վստահորդի անունից ընկերության փաստաբան Նարինե Բեգլարյանի ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը՝ սահմանելով, որ վկայի ցուցմունքները թույլատրելի, իսկ վկայի ցուցմունքների և գրավոր ապացույցների համակցությունը  բավարար են ապացուցված համարելու համար ՀՀ աշխ. օր. 226 հոդվածի համաձայն բացատրություն պահանջելու փաստը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադարձել է թույլատրելի ապացույց եզրույթին ընդհանրապես՝ սահմանելով ապացույցի թույլատրելիության որոշման կանոնները.

  • գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով,
  • օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում,
  • գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Անդրադառնալով ՀՀ քաղ դատ. օր. 51 հոդվածի 1-ին մասին, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն մեկնաբանվում է հետևյալ կերպ.

  • գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ
  • գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով որոշմամբ սահմանել է նաև այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է հիմք չընդունել առաջին ատյանի հաստատած փաստերը.

  • Երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և
  • Երբ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:

Վերաքննիչ դատարանը պետք է որպես հիմք ընդունի և իր նախաձեռնությամբ չի կարող քննարկել առաջին ատյանի հաստատած փաստերը, եթե դրանք չեն վիճարկվում վերաքննիչ բողոքում:

Նարինե Բեգլարյան

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21