Արամ Օրբելյան. «Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին» - Armenpres

«Որպես Էլեկտրոնային նոտարի վերջնական և երկարաժամկետ արդյունք՝ ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- Ա.Օրբելյան

A.Orbelyan

2014թ. հունվարի 20-ին ՀՀ Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը «Արմենպրեսի» հետ զրուցեց Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգի շուրջ՝ տեղեկացնելով, որ համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ.-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները:  Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ համակարգի գործարկման դեպքում հնարա­վոր կլինի ստեղծել ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային նոտարի համակարգի ամբողջական ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից»,- ասաց Օրբելյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև նոտարիատի բնագավառում որոշ հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի» ներդրման համար: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն: Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝  ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

Էլեկտրոնային նոտարի համակարգի ծրագրային մասը պատրաստվել է ամբողջությամբ և գտնվում է ակտիվ փորձարկման փուլում: Մի շարք նոտարական գրասենյակներում այն կիրառվում է փորձնական ռեժիմով. միաժամանակ հիմնական գործընթացը շարունակում է կատարվել թղթային տարբերակով: Համակարգի վերջնական և ամբողջ ծավալով գործարկման համար, փոխնախարարի խոսքով, անհրաժեշտ է փոփոխություններ  կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև որոշակի տեխնիկական փոփոխություններ այլ էլեկտրոնային կառավարման համակարգերում՝ կադաստր, անձնագրային բաժին, ավտոմեքենաների ռեգիստր և այլն:

«Օրենքի փոփոխությունների նախագիծը հիմա լրամշակման փուլում է, իսկ համակարգերի տեխնիկական համակցումը իրականացվում է փորձարկմանը զուգահեռ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այժմ համակարգը փորձարկվում է մոտ տասը նոտարական գրասենյակում: «Նոտարական պալատի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ 2014 թվականի փետրվարի 3-ից համակարգը լիազորագրերի մասով կփորձարկվի բոլոր նոտարական գրասենյակներում  և փորձարկումների ծավալը (գործարքների մասով) կավելանա յուրաքանչյուր ամիս»,- ասաց Օրբելյանը: 

 

Օրիգինալ հոդվածը՝ «Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին» © Armenpress

Օրիգինալ հոդվածը՝ «Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին» © ՀՀ Նոտարական պալատի կայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21