Գևորգ Հակոբյան. «Օրենք-օրենսգիրք կոլիզիոն փոխհարաբերության հիմնախնդիրը ՀՀ իրավական համակարգում։ Մեկնաբանման լուծումներ»

Հոդվածը տպագրված է

«Արդարադատություն» հանդեսի  2013թ. մարտի  1(20) համարում,

էջեր  24-30։  IBSBN 1829-1252

 

 

Նախաբան*

Երբ օրենքի և օրենսգրքի միջև առկա է հակասություն, ապա ո՞րն է գերակա:

Համաձայն գործող «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի`

«Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա»:

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական կոլիզիաները** լուծվում են իրավական ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա: Հետևապես օրենքի և օրենսգրքի միջև վերը նշված հակասության հարցը կոլիզիոն հարց է:

Այս կոլիզիոն հարցի լուծման համատեքստում ձևավորվել է մոտեցում, համաձայն որի օրենք-օրենսգիրք հակասությունը պետք է միանշանակ լուծվի օրենսգրքին նախապատվություն տալու միջոցով, քանի որ օրենսգիրքը կոդիֆիկացված իրավունք է: Մեր կարծիքով այս մոտեցումը սխալ է, և նրա հետանքով ձևավորվել է իրավակիրառ սխալ պրակտիկա, որովհետև ինչպես պաշտպանվում է սույն աշխատանքում, օրենսգիրք-օրենք հակասությունը անհրաժեշտաբար չի հանգեցնում օրենսգրքի գերակայությանը:

Խնդիրը պետք է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության Սահմաանդրության, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ձևավորված դատական պրակտիկայի և կոդիֆիկացիայի տեսության համատեքստում:

Այսպիսով, սույն աշխատանքում կփորձենք ցույց տալ, որ կոդիֆիկացիային նախապատվություն տալը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում իմաստ չունի, ավելին` սխալ է գործող Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեսանկյունից:

Սույն աշխատանքը նպատակ ունի ցույց տալ, որ օրենսգիրք-օրենք հակասությունը լուծվում է ընդհանուր կոլիզիոն կանոններով, որոնք ամրագրված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում:

 

Օրենսգրքի «գերակայությունը»

Օրենսգիրք-օրենք կոլիզիաների դեպքում օրենսգրքին նախապատվություն տալու գաղափարը առաջացել է մասնավորապես իրավական համակարգի կոդիֆիկացման ձևով համակարգման գաղափարից:

Ինչպես ընդունված է նշել տեսության մեջ, օրենսդրության կոդիֆիկացիան համակարգման ձև է, որն էապես վերամշակում, փոփոխում, նորացնում է իրավունքի որոշակի ճյուղի կամ ենթաճյուղի իրավական ակտերը և որի արդյունքում ընդունվում է կոդիֆիկացված ակտ: Այդպիսի կոդիֆիկացման ակտեր են օրենքների ժողովածուները, օրենսգրքերը, օրենսդրության հիմունքները, կանոնադրությունները, կանոնագրքերը, դրույթները և այլ[1]:

Կոդիֆիկացիային ըստ տեսության բնորոշ են մի շարք գծեր.

  1. կոդիֆիկացիայում կարգավորվում են տվյալ ոլորտի առավել կարևոր, սկզբունքային հարաբերությունները,
  2. կոդիֆիկացիան կարգավորում է հարաբերությունների լայն ոլորտ,
  3. կոդիֆիկացիան մեկ միասնական փաստաթուղթ է,
  4. կոդիֆիկացիան ուղվված է ավելի արդյունավետ կարգավորումների սահմանմանը,
  5. կոդիֆիկացիան ունի համակարգվածություն,
  6. կոդիֆիկացիայի ակտը ծավալուն է, ունի բարդ կառուցվածք[2]:

 

Ինչպես կարելի է տեսնել, թվարկված առանձնահատկությունները բնորոշ են ցանկացած օրենքի:

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի` «օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններ», այսինքն օրենքը բավարարում է նշված 1-ին և 2-րդ չափորոշիչներին` ըստ սահմանման. իսկ մյուս չափոշիչներին համապատասխանությունը նույնպես հեշտ ապացուցելի է:

Այսպիսով առաջին խնդիրը, որ անհրաժեշտ է ընդգծել պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրների տեսանկյունից այն է, որ մշակված տեսական չափորոշիչները բավարար հստակ չեն, և ավելին` չունեն պրակտիկ նշանակություն: Տեսությունը մշակվել է օրինակ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, ինչպես Նապոլեոնի օրենսգիրքը կամ Հուստինիանոսի օրենքնեի ժողովածուն, որոնք հանդիսանալով առաջին փաստաթղթեր` հնարավոր է` բավարարել են կոդիֆիկացիայի հիշատակվող տեսական չափորոշինչներին` իրենց ժամանակի օրենսդրությունում համեմատաբար որպես եզակի նմուշներ:

Այս մոտեցումը հանգեցրել է նույն թյուր պատկերացմանը, որ օրենսգիրքն (կոդիֆիկացված օրենքն) «ավելի լավն է», ավելի որակյալ է, քան օրենքը և հետևապես օրենսգրքին պետք է տրվի նախապատվություն: Սակայն այս պատկերացման մեջ չկա պատճառականություն:

Եթե օրենսգիրքն ընդունվում է` վերամշակելով հին օրեքները, ապա այն կարող է լինել ավելի ժամանակակից, իսկ համակարգելով ու ձևափոխելով հինը` ավելի որակյալ, բայց եթե այն նախորդում է նոր օրենքին, որն ավելի ադեկվատ է արտահայտում հասարակական հարաբերությունների զարգացման կարգավորումները, հավանաբար օրենքն է ավելի որակյալ, քան հին օրենսգիրքը:

Եվ վերջապես կոդիֆիկացիան պահպանողական դրսևորում է: Այն արտահայտում է տվյալ ժանանակահատվածի քաղաքական գործընթացը և կաշկանդում է իրավական համակարգը[3]:

Անդրադառնանք մեր երկրի պրակտիկային:

Հայաստանի իրավակիրառական պրակտիկայում օրենսգրքին նախապատվություն տալու տեսակետը հիմնվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վրա, համաձայն որի՝

«Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»:

Ինչպես կարելի է տեսնել, նորմով սահմանվում է պարտավորություն` բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: Սակայն պարզ չէ, թե ում համար է սահմանված կանոնը և որն է դրա հետևանքը: Եթե այն սահմանված է օրենսդրի համար, ապա հավանաբար կա այս նորմի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարց, որովհետև Սահմանադրության  62-րդ հոդվածից բխում է, որ օրենսդրի պարտականություններ կարող են սահմանվել միայն Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակրգով: Թեև զուտ ինքն իրենով այս նորմը չի հանդիսանում կոլիզիոն իրավիճակի լուծում[4], բայց դատական պրակտիկան այս նորմը կիրառել է հենց այդ նպատակներով:

Օրինակ 2009թ. հուլիսի 24-ի  Վարչական գործ թիվ ՎԴ3/0416/05/08 գործով որոշման 6-րդ մասում նշվել է`

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

Նշված օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առոչինչ լինելը:

Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հայցը դատարան կարող է ներկայացվել՝ ճանաչման հայցի դեպքում՝ անկախ ժամկետից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջը ճանաչման հայցի տեսակ է, և այդպիսի պահանջ դատարան կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, իսկ այլ օրենքներում նշված իրավական նորմի մասով այլ իրավական կարգավորման առկայության դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթը»:

Համանման եզրակացությունների կամ դիրքորոշումների կարելի է հանդիպել նաև ԵԿԴ/2794/02/09, ԵՔԴ/0075/02/09, ԱՎԴ1/0444/02/11 գործերում, ինչպես նաև մասնավոր տեսակետներում[5]:

Ոչ այսքան հստակ կերպով, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը նույնպես առիթ է ունեցել արտահայտվելու այս հարցի շուրջ.

«Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանադրական դատարանի որոշման ուժը տարածում է 20-ամյա վաղեմությամբ իրավահարաբերությունների վրա: Ակնհայտ է, որ նշված նորմը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասին, իսկ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ կետի` «2. Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»: Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 6-րդ կետի` «6. Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին» (տվյալ դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին, չնայած այն բանին, որ ՀՀ Ազգային ժողովը 2007թ. փետրվարի 21-ին փոփոխություն կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1  հոդվածի 1-ին մասում, շեշտել էր, որ նոր հանգամանքների ինստիտուտը կիրառվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում: 2007թ. նոյեմբերի 28-ի փոփոխությունների արդյունքում օրենսգրքից այս նորմը նույնպես հանվեց):

Նույն կանոնն ամրագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի 1-ին մասում. «1. Հայաստանի Հանրապետության դատարաններում… քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում… պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին, իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը»:

Վերոգրյալ obiter dictum-ը սակայն բավարար չէ եզրակացնելու, որ Սահմանադրական դատարանը նույնպես հակված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի նորմը համարել կոլիզիոն լուծում[6]: թեև դատարանը նշում է, որ

«(տվյալ դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին, չնայած այն բանին, որ ՀՀ Ազգային ժողովը 2007թ. փետրվարի 21-ին փոփոխություն կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1  հոդվածի 1-ին մասում, շեշտել էր, որ նոր հանգամանքների ինստիտուտը կիրառվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում: 2007թ. նոյեմբերի 28-ի փոփոխությունների արդյունքում օրենսգրքից այս նորմը նույնպես հանվեց),

սակայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի դրույթները ճանաչում է մասամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ոչ այն պատճառով, որ այն չի համապատասխանում ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Եվ ինչպես կարելի է ըմբռնել իրավիճակը` տվյալ գործում խնդիրը պայմանավորված էր ոչ այնքան Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքով, այլ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որում իրավակարգավորման պակասի պատճառով Սահմանադրական դատարանի մասին օրենքը պրակտիկայում ստացել էր Սահմանադրությանը ոչ համահունչ կիրառում[7]:

Սահմանադրական դատարանը վկայակոչել է միայն, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը` «Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»: Վկայակոչելու պատճառները Սահմանադրական դատարանը չի նշել. հնարավոր է, որ դա պարզապես արվել է օրենսդրին կշտամբելու նպատակով, կամ ցույց տալու համար, որ օրենքի և օրենսգրքի միջև կա անհամապատասխանություն: Սահմանադրական դատարանն այս գործում օրենքի և օրենսգրքի միջև կոլիզիա չի լուծել:

Իսկ եթե նաև գանք այն մտքին, որ Սահմանադրական դատարանը նույնպես «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի նորմը համարել է կոլիզիոն լուծում, ապա այդ դեպքում նա առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածում ամրագրված կոլիզիոն նորմով, կիրառել է այն, մինչդեռ անտեսել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգքրի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերի միջև կոլիզիոն հարց լուծելիս չի լուծել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի միջև կոլիզիոն խնդիր:

Այսինքն կոլիզիոն խնդրի լուծման համատեքստում առաջացած կոլիզիային չի անդրադարձել, հարցին տվել է թերի պատասխան:

Անդրադառնանք հարցի առաջարկվող լուծմանը:

 

Օրենսգիրք-օրենք կոլիզիայի լուծումը

Առաջադրված իրավական խնդրի լուծումը պետք է տրվի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի միջոցով, նամանավանդ հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը հիշյալ գործում նորից կիրառում է այս օրենքը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օրենքները և օրենսգրքերը ունեն հավասար իրավաբանական ուժ:

Նախ, նույն օրենքի 8-րդ հոդվածը, սահմանելով իրավական ակտերի ստորադասությունը, չի պարունակում որևէ նշում օրենսգրքի մասին, օգտագործում է միայն օրենք բառը.

«Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և oրենքներին»:

Սույն նորմի համատեքստում օրենսգիրքը կարող է լինել միայն օրենք կամ այլ իրավական ակտ, որովհետև Սահմանադրություն լինել չի կարող: Եթե օրենսգիրքն այլ իրավական ակտ է, ապա նույն տրամաբանությամբ օրենսգիրքը չպետք է հակասի օրենքին, իսկ այդպիսի իրավիճակի դեպքում նախապատվությունը պետք է տրվի օրենքին, ոչ թե օրենսգրքին:

Բայց օրենսգիրքն այլ իրավական ակտ չէ, որովհետև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով»: Այսինքն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ սահմանում է, որ օրենսգրքերը նույնպես օրենքներ են:

Նույն տրամաբանությունն է նաև դրված Սահմանադրության 6-րդ հոդվածում:

Իրավական ակտերի գերակայության հարցը լուծելու համար ուսումնասիրության առարկա են դարձվում այդ ակտերն ընդունող մարմինները և նրանց դերը, այսինքն իրավական ակտերի ստորադասության հարցը քննարկվում է դրանք ընդունող մարմինների ստորադասության տեսանկյունից: Օրինակ՝ գերատեսչական ակտերը ստորադաս են կառավարության որոշումներին: Նույն տրամաբանություն է բովանդակում նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը, որում օգտագործվում է «միևնույն մարմնի ընդունած իրավական ակտ» հասկացությունը, ինչը հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն են: Տվյալ պարագայում օրենսգրքերը և օրենքները միևնույն մարմնի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվող իրավական ակտեր են:

Սահմանադրական դատարանը կիրառելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, չէր կարող փոփոխել այդ օրենքի իմաստը` առանց այդ օրենքի որևէ նորմ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու:

Հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերը տրամաբանորեն չեն կարող լինել գերակա մեկը մյուսի հանդեպ. առնվազն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նրանք կամ հավասար են, սիմետրիկ, կամ անհավասար, ասիմետրիկ:

Կարող ենք կոլիզիոն նորմեր գտնել բազմաթիվ օրենքներում և օրենսգրքերում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը, Քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը, Հողային օրենսգրքի 1-ին հոդվածը, մի շարք այլ օրենքներ և օրենսգրքեր դրանց օրինակներն են: Մասնավորապես Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածում ամրագրված է`

«1. Հայաստանի Հանրապետության դատարաններում… քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում… պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին, իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը»:

Այս նորմն իր բնույթով կոլիզիոն իրավիճակի լուծման համար նախատեսված նորմ է, որովհետև նրա կիրառմն ենթադրվում է այնպիսի իրավիճակներում, որտեղ առաջացել է հակասություն: Սա բխում է հենց նորմի ձևակերպումից` «իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը»:

Սակայն առանձին օրենսգրքերում կամ օրենքներում պարունակվող կոլիզիոն նորմերը չեն կարող ինքնուրույն աշխատել:

Տվյալ դեպքում վերաբերելի են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 24-րդ հոդվածի 1-ին (կոլիզիոն նորմերի լուծման սկզբունք)[8], 2-րդ (հիերարխիկ կոլիզիա)[9], 3-րդ (սիմետրիկ կոլիզիա)[10], 8-րդ (այլ օրենքներում կոլիզիոն նորմերի ամրագրման արգելք)[11] և 9-րդ (բացառությունը չեղարկում է կոլիզիոն նորմերի հնարավոր կիրարկումը)[12]: 4-րդ մասը չի վերաբերում մեր խնդրին, որովհետև մեր իրավիճակը սիմետրիկ է` օրենք-օրենսգիրք, 5-րդի կարգավորման առարկան միևնույն ակտի ներսի կոլիզիաներն են, մինչդեռ մեր դեպքում երկու տարբեր ակտեր են` օրենք և օրենսգիրք, 6-րդը կարգավորում է նորից ասիմտրիկ հարաբերություն, 7-րդը սիմետրիկ հարաբերությունների կարգավորման բացառություն կանոնն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից ելնելով:

Ընդհանուր սկզբունքի կիրարկման համատեքստում Օրենսգիրքը կոլիզիաների լուծումը կապել է գերակայության հետ. մի նորմը գերակա է մյուսի հանդեպ, ունի նախապատվություն և ավելի բարձր իրավաբանական ուժ, ինչի ուժով չեղարկում է կոնկուրենտ նորմին: Օրենքներն ու օրենսգրքերը մեկը մյուսի հանդեպ գերակայություն չունեն, այսինքն հարցը նաև չի կարող լուծվել հիերարխիկ կոլիզիայի կանոնի համատեքստում: Սիմետրիկ կոլիզիան ունի մեկ ընդհանուր կարգավորում` lex posterior derogat lex prior, և դրանից մեկ և միակ բացառությունը ավելի վաղ ընդունված իրավական ակտերի հետ հարաբերակցության համար` lex prior derogat lex posterior (94-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերություն) սկզբունքն է: Ընդ որում 24 հոդվածի 3 մասի և 94 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համադրումը ցույց է տալիս, որ սիմետրիկ կոլիզիաների դեպքում կոլիզիոն հարցերի լուծումը կատարվում է բացառապես «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, այդ դրույթների և այլ հավասարազոր իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են բացառապես առաջինիս դրույթները: Այլ բացառություն, ներառյալ այնպիսի բացառություն, որը թույլ տար այլ օրենքների կամ օրենսգրքերի շրջանականերում իրականացնել կոլիզիոն իրավակարգավորում, չկա:

Այդ նույն նպատակով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասը արգելում է նախատեսել «գերակայության» նորմ այլ օրենքներում, որովհետև գերակայությանը վերաբերող հարցերը, կարգավորվում են բացառապես այս օրենքով:

Եվ վերջապես, բացառությունն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չի համարվում կոլիզիա, որովհետև բացառությամբ ենթադրվում է ընդհանուր իրավահարաբերության կարգավորումից որոշակի իրավահարաբերության առանձնացում (որը չբացառվելու դեպքում կկարգավորվի նույն ընդհանուր կանոնով):

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածում և մի շարք այլ կոլիզիայի լուծման նորմեր պարունակող իրավական ակտերում, սրան հակառակ, սահմանվել են կոլիզիայի հաղթահարման նորմեր` նախապատվությունը տալով այդ ակտերին, որը հակասություն է ստեղծում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի հետ: Նշված տրամաբանությամբ պետք է գործի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, այլ ոչ թե այդ իրավական ակտերի կոլիզիոն կարգավորումները: Վերջինիս դեպքում կոլիզիան լուծվելու է ոչ թե օրենք-օրենսգիրք փոխհարաբերության համատեքստում, այլ lex prior-lex posterior փոխհարաբերության համատեքստում:

Մյուս կողմից «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը, այն է՝

«Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»:

պետք է դիտարկել նրա առաջացրած իրավական հետևանքների պրիզմայում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասն ամրագրում է դիսպոզիցիա  (պարտավորություն` ուղղված համապատասխան սուբյեկտին` համապատասխանեցնել օրենքները օրենսգրքերին), սակայն չի նախատեսում ինքնուրույն հետևանք: Կոլիզիոն իրավիճակում հետևանքներ առաջանում են բացառապես «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24-րդ հոդվածով: Հետևապես օրենք-օրենսգիրք կոլիզիոն փոխհարաբերության լուծման համար կիրառեի է այս նորմը:

 

Եզրակացություններ և առաջարկներ

Օրենք-օրենսգիրք հակասությունը պրակտիկայում լուծվում է կոդիֆիկացիայի գերապատվության և մասնավոր իրավական ակտերի կոլիզիոն լուիրավիճակների կարգավորման նորմերով` անտեսելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը հետևողականորեն չի կիրառվում, և նկարագրված օրենք-օրենսգիրք փոխհարաբերության համատեքստում մեծամասամբ անտեսվում է:

Այսպիսի պրակտիկան պարունակում է համակարգային սխալ և առնվազն ձևական տեսանկյունից չի կարող ապահովել արդարություն: Սրան զուգահեռ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը թերի իրավակիրառման հետևանքով ստացել է բովանդակություն, որը համակարգայնորեն համահունչ չէ նույն օրենքի 24-րդ հոդվածին:

Օրենք-օրենսգիրք փոխհարաբերությունը հնարավոր է կարիք ունի օրենսդրական առանձին կարգավորման` հետևանքների մասով:

Առանձին կանոն նախատեսել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նախընտրելի չէ. եթե նախատեսվի օրենսգրքի գերակայությունը օրենքի հանդեպ, ապա այդ կանոնը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրելն իմաստ չի ունենա, որովհետև օրենքով օրենսգրքի վերաբերյալ կանոն նախատեսելը օրենսգրքի` օրենքի հանդեպ գերակայության համատեքստում, խնդրահարույց է: Կոդիֆիկացիային նախապատվություն տալն էլ Հայաստանի իրավական համակարգի պայմաններում ինքնին նախընտրելի տարբերակ չէ:

24-րդ հոդվածում հատուկ մասնավորեցնել, որ օրենքներն ու օրենսգրքերը ունեն հավասար իրավաբանական ուժ և նրանց միջև չի կարող լինել գերակայություն, նույնպես անիմաստ է, որովհետև կստացվի 24-րդ հոդվածի 3-րդ մասի կրկնություն:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչելը, սակայն, կվերացնի խնդրահարույց բովանդակությունը  և կարող է հարցը իրավակիրառ պրակտիկայում լուծել:

 

 

Օգտագործված աղբյուրների ցանկ

Գրքեր, տեսություն, դոկտրին

  1. В.С. Нерсесянц, Общая теория права и государства: Учебник для вузов (Норма 2004, Москва)
  2. В.С. Нерсесянц, ред., Проблемы общая теории права и государства: Учебник для вузов (Норма 2004, Москва)
  3. Ж.-Л. Бержаль (под общ. ред. В.И. Даниленко), Общая теория права, 117 (Nota Bene 2000, Москва)

Նորմատիվ իրավական ակտեր

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխությունները, ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում, Հոդ. 1426
  2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենք, ՀՀՊՏ 2002.05.21/15(190), Հոդ.344
  3. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական օրենսգիրք, ՀՕ-239, ՀՀՊՏ 1998.08.10/17(50)

Դատական պրակտիկա

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008թ. ապրիլի 15-ի «Քաղաքացիներ Արմեն Համամջյանի, Աիդա Քոչարյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68 -րդհոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՍԴՈ-751 որոշում, ՀՀՊՏ 2008.04.30/25(615) Հոդ.401
  2. Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հուլիսի 24-ի Վարչական գործ թիվ ՎԴ3/0416/05/08 մասին որոշում, ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1, Հոդ.1178.49
  3. Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010 թվականի հունիսի 15-ի քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ2794/02/09 մասին որոշում

10. Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0075/02/09 մասին որոշում

  1. Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հուլիսի 26-ի քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0444/02/11 մասին վճիռ

Այլ

  1. Արթուր Գրիգորյան, Օրենսդրական փաթեթ, որը ենթակա է փոփոխությունների, 18 դեկտեմբերի, 2011 Հետք, առցանց:http://hetq.am/arm/opinion/8151/orensdrakan-patet-ory-entaka-e-popokhutyunneri.html
 

[1] Տե՛ս օրենակ В.С. Нерсесянц, Общая теория права и государства: Учебник для вузов, 447 (Норма 2004, Москва).

[2] Տե՛ս օրինակ В.С. Нерсесянц, ред., Проблемы общая теории права и государства: Учебник для вузов, 359-364 (Норма 2004, Москва).

[3] Ж.-Л. Бержаль (под общ. ред. В.И. Даниленко), Общая теория права, 117 (Nota Bene 2000, Москва).

[4] Այս մասին ներքևում:

[5] Արթուր Գրիգորյան, Օրենսդրական փաթեթ, որը ենթակա է փոփոխությունների, 18 դեկտեմբերի, 2011 Հետք, առցանց:http://hetq.am/arm/opinion/8151/orensdrakan-patet-ory-entaka-e-popokhutyunneri.html

[6] ՍԴՈ-751

[7] Նույնում

[8]«Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա»:

[9] «Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի»:

[10]«Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի»:

[11] «Արգելվում է իրավական ակտում նախատեսել հավասար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ: Նման նորմերն իրավական ուժ չունեն»:

[12] «Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը»:

 

** Սույն հոդվածում օգտագործված «կոլիզիա» եզրույթը պայմանական է։ Հեղինակը դեմ է այս տերմինի օգտագործմանը, ինչպես նաև «հակասություն», «հակառակ», «բախում» տերմինների օգտագործմանը, որովհետև վերջիններս կամ ունեն այլ իմաստ, կամ մասնակի են արտահայտում երևույթը, կամ էլ պատահական օգտագործման արդյունքում արմատացել են իրավագիտական բառապաշարում։ Մեր համար նախընտրելի է «անհամապատասխանություն», կամ «անհամապատասխանության բաց» (inconsistency gap) տերմինի օգտագործումը. սրա մասին կհրապարակվի ապագայում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21