Գևորգ Հակոբյան. «Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ» (զեկույց «Բարքեմփում»)

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Գևորգ Հակոբյանը «Բարքեմփ Երևան» ամենամյա միջազգային կոնֆերանսում ներկայացրեց իր զեկույցը «Ինչպես բերանը փակել ինտերնետում»՝ սոցցանցերում ֆեյք հաշիվների, դրանց տարածած զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարելու թեմայով:

2015թ. մայիսի 30-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Գևորգ Հակոբյանը «Բարքեմփ Երևան» ամենամյա միջազգային կոնֆերանսում ներկայացրեց իր զեկույցը «Ինչպես բերանը փակել ինտերնետում»՝ սոցցանցերում ֆեյք հաշիվների, դրանց տարածած զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարելու թեմայով:

 

Ներկայացնում ենք Առավոտ.am-ի անդրադարձը Գևորգ Հակոբյանի զեկույցին:

 

«Եթե դուք հայտնաբերեցիք, որ ձեզ զրպարտել կամ վիրավորել են, չնստեք և տանը սպասեք, երկար չմտածեք, որովհետև դուք կարող եք հայց ներկայացնել դատարան 1 ամսվա ընթացքում, իսկ դրանից ուշ չեք կարող, քանի որ վաղեմության ժամկետն անցնում է»,- այս մասին, այսօր Երևանում մեկնարկած թվով յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց ավագ իրավաբան Գևորգ Հակոբյանը։ Իրավաբանի այս դիտարկումը վերաբերում էր այն դեպքերին, երբ զրպարտող կամ վիրավորող անձի ինքնությունը հայտնի է: Սակայն ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ որևէ անձի հասցեին վիրավորանքներ են հնչում կեղծ (ֆեյք) էջերից, որոնց գրեթե հնարավոր չէ գտնել: Ի՞նչ անել այս դեպքում: «Եթե ֆեյքը ձեր հասցեին զրպարտություններ է հնչեցնում, էլի կարող եք դատարան դիմել ու ասել, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դատարանն էլ հաստատի: Սա ձեր պաշտպանության միջոցն է: Հաստատվելուց հետո վճիռը կարող եք նկարել, տեղադրել սոցիալական ցանցերում և գրել, որ այդ ֆեյք հաշվից տարածված տեղեկությունները սուտ էին»,- առաջարկում է իրավաբան Գևորգ Հակոբյանը:

 

Ըստ Գևորգ Հակոբյանի՝ ֆեյքի դեմ պայքարելու միջոցներից մեկն է սոցիալական ցանցին դիմել և փորձել տվյալ օգտատերի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալ: Բայց դա բավականին բարդ գործ է՝ հաշվի առնելով այն, որ Ֆեյսբուքն առանց դատարանի որոշման նման տեղեկություն չի տրամադրի: «Իսկ եթե Հայաստանի դատարանը կայացնի նման որոշում և այն ուղարկվի Ֆեյսբուքին, բավականին երկար ժամանակ կտևի մինչ սոցիալական կայքը կհամաձայնի տվյալներ տրամադրել»: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կայքն ամերիկյան է: Դատական քաշքշուկներից խուսափելու համար իրավաբանը խորհուրդ է տալիս աղբյուրներից օգտվել զգուշությամբ, քանի որ եթե այդ աղբյուրը ապատեղեկատվություն կամ զրպարտություն է հրապարակել, դա տարածողը նույնպես կարող է պատասխանատվության ենթարկվել: «Կա համապարտություն, այսինքն՝ եթե դուք ինչ-որ մեկից հղում եք արել, կարող են ձեզ այդ մարդու հետ միասին պատասխանատվության ենթարկել»:

 

Լուսանկարը @ Երիտասարդ (երիտասարդական առցանց պարբերական)

Օրիգինալ հոդվածը՝ «Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ» @ Առավոտ.am

Տեսանյութը՝ «Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ» @ Գևորգ Հակոբյան ֆեյսբուքյան հաշիվ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21