Օտարերկրացիների աշխատանքը ՀՀ-ում

 2016 թ. հունիսի 04-ից ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության թիվ 493-Ն որոշումը, որով կարգավորվում է Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու կարգը:

Որոշումը երկար սպասված էր, քանի որ օտարերկրացիների մասին օրենքը ուժի մեջ էր մտել դեռևս 2007 թվականի փետրվարի 03-ից: Օրենքով սահմանվել էին Հայաստանի Հանրապետությունում  օտարերկրացիների աշխատանքի առանձնահատկությունները, սակայն դրանք չէին գործում, քանի որ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտը՝ կառավարության որոշումը ընդունված չէր և նշանակված չէր լիազոր մարմին, որը պետք է աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության հարցերով զբաղվեր:

Ընդունված որոշմամբ լիազոր մարմին է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը, համաձայն Կառավարության նոր ընդունված որոշման, գործատուներից ընդունում է սահմանված փաստաթղթերը և տրամադրում աշխատանքի թույլտվությունը:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվությամբ նախատեսված աշխատանքով չապահովելու դեպքում օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, անձնական ունեցվածքի փոխադրման և վերադարձի ծախսերը, որոշմամբ սահմանված չափերով, հոգում է գործատուն:

 

            Պետք է նշենք, որ օրենքը՝ սահմանելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության կարգը, միաժամանակ սահմանել է, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք ունեցող բացառությունների, իսկ որոշմամբ նաև սահմանվել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետների առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում իրավունք տվող մասնագիտությունների ցանկը:

Գործատուները պետք է իրազեկված լինեն, որ Գործատուների կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկիցմինչև 150-ապատիկիչափով, որը հավասար է 100 000-150 000 ՀՀ դրամի:

 

Սույն սանկցիան սահմանված էր, սակայն սահմանումը չէր գործում մինչև կառավարության որոշմամբ աշխատանքի  թույլտվություն տրամադրող լիազոր մարմնի և թույլտվության տրամադրման կարգի:

 

Այս հղումով կարող եք ծանոթանալ 12.05.2016 թ. ընդունված ՀՀ կառավարության թիվ 493-Ն որոշմանը:

  

 

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու հետ կապված հարաբերությունները:

2. Թափուր աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիով համալրելու նպատակով գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով, դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` ներկայացնելով թափուր աշխատատեղի նկարագիրը՝ համաձայն N 1 ձևի:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թափուր աշխատատեղի վերաբերյալ գործատուի կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) այն մուտքագրում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան;

2) կատարում է տվյալների համադրում և դրա արդյունքում տվյալ թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) ուղեգրում գործատուի մոտ:

4. Գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում, գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը` կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

5. Աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացնելու և (կամ) դրանք թերություններով ներկայացնելու դեպքերում, նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է գործատուին:

6. Եթե գործատուն նախարարությունից համապատասխան տեղեկացումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրում է աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը և (կամ) վերացնում է դրանցում առկա թերություններն ու ներկայացնում է նախարարություն, ապա փաստաթղթերի ներկայացման օր է համարվում փաստաթղթերն առաջին անգամ նախարարություն ներկայացնելու օրը: Սույն կետում նշված ժամկետը չպահպանելու դեպքում փաստաթղթերի ներկայացման օր է համարվում թերի փաստաթղթերի լրացման օրը:

7. Նախարարը կամ նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն ընդունում է որոշում` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին`  աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է` համաձայն N 2 ձևի, որը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ:

9. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե`

1) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.

2) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

3) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.

4) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.

5) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանն սպառնացող պատճառներ:

 

10. Աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունները գրանցվում են նախարարության կողմից վարվող` աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:

11. Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն առձեռն փոխանցում է գործատուին կամ ուղարկում է նրան փոստով` պատվիրված նամակով:

12. Աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը պետք է բովանդակի սույն կարգի 9-րդ կետով սահմանված` աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու համապատասխան հիմքը:

13. Գործատուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է այդ մասին օտարերկրացուն` Հայաստանի Հանրապետություն ժամանելու և աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հարցը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնելու համար:

14. Աշխատանքի թույլտվությունը հաստատող փաստաթուղթը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է նախարարություն` աշխատանքի թույլտվության կրկնօրինակն ստանալու համար:

15. Աշխատանքի թույլտվության կրկնօրինակը գործատուին տրամադրվում է սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով, դիմելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքի թույլտվության կրկնօրինակի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է նախարարության կնիքը:

16. Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում և դրա գործողությունը դադարում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:

17. Գործատուի գործունեության դադարեցման դեպքում օտարերկրացի աշխատողը կարող է աշխատանքի թույլտվության գործողության մնացած ժամկետով կնքել նոր աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) այլ գործատուի հետ` պայմանով, որ նշված ժամկետի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս, և նոր գործատուն ստացել է նախարարության համաձայնությունը, ընդ որում, նոր գործատուին համաձայնությունը տրվում է գործատուի դիմելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

18. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է նախարարություն՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար` համաձայն N 4 ձևի:

19. Գործատուի կողմից ներկայացված աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը (գործատուի անվանումը, աշխատանքային պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, օտարերկրացու կողմից զբաղեցված պաշտոնի անվանումը) նախարարությունը տեղադրում է նախարարության www.mlsa.am կայքէջում համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

20. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ապա գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանն աշխատանքային պայմանագիրը լուծելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: /

21. Նախարարությունը, նախքան օտարերկրացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը, օտարերկրացու դիմելու դեպքում, փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով նրան տրամադրում է մասնագիտական անվճար խորհրդատվություն և պարզաբանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին օտարերկրացու և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերի համապատասխանության վերաբերյալ:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21