Արբիտրաժի օրերը Հայաստանում. Արամ Օրբելյանը արբիտրաժը վեճերի լուծման ավելի տարածված ձև դարձնելու համար տարբերակներ է առաջարկում

Ս. թ. հոկտեմբերի 14-15-ին Երևանում տեղի ունեցավ «Արբիտրաժի օրերը Հայաստանում» միջոցառումը, որն իրականացվեց «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում:

Հայաստանում «Արբիտրաժի օրերին» մասնակցեցին ներկայացուցիչներ՝ Եվրոպայի խորհրդի վեց անդամ-երկրներից, զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության ոլորտի մասնագետները:

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, միջազգային ներդրումային վեճերի կարգավորմամբ զբաղվող ICSID (International Center for Settlement of Investment) հաստատության և ԷյԴիԱր Փարթներս արբիտրաժային կենտրոնի արբիտր Արամ Օրբելյանը, անդրադառնալով ՀՀ գործարար շրջանակներում արբիտրաժի թեմային, ընդգծեց արբիտրաժի արդյունավետությունը ոչ այնքան արբիտրների և տեսական մոտեցումների, այլ գործարարների և իրավախորհրդատուների տեսակետից գնահատելու կարևորությունը: Նման տեսանկյունից արբիտրաժի ավանդական առավելություններ, այն է արագություն, դատական գործընթացների համեմատ պակաս ծախսատարությունը, կոնֆիդենցիալությունը, մասնագիտացվածությունը միշտ չի որ դրական են գնահատվում գործարարների կողմից:

Նա նաև որոշ առաջարկներ ներկայացրեց՝ արբիտրաժը վեճերի լուծման ավելի տարածված ձև դարձնելու համար:

Մասնավորապես նա առաջարկեց իրականացնել արբիտրաժի պոտենցիալ օգտվողների (գործարարների) կարիքների գնահատում պարզելու, թե իրականում ինչի կարիք ունեն նրանք, ինչպես նաև քննարկել դատարանի կողմից «հրահանգվող» արբիտրաժի հնարավորությունը:

Արամ Օրբելյանի խոսքով՝ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրությամբ նախատեսել արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարողական թերթ տրամադրելու հստակ ժամկետներ, ինչը կապահովի պրոցեսի արագությունը:

Միջոցառման ժամանակ քննարկվեցին ԵԽ անդամ երկրներում արբիտրաժի զարգացման փուլերին, ԵԽ անդամ երկրներում արբիտրների կազմակերպություններին` որպես ինքնակարգավորվող մարմնի և արբիտրների վարքագծի կանոններին վերաբերող հարցեր:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21