+374 10 575121 info@dialog.am

«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը ընդգրկվել է The Nextlaw Global Referral ցանցին


«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը, նպատակ ունենալով ներկայացված լինել համաշխարհային իրավաբանական խոշոր հարթակներում և ցանցերում, ինչպես նաև՝ մասնագիտական կառույցներում, գործընկերություններ է հաստատում հեղինակավոր կառույցների ու կազմակերպությունների հետ։ Բոլորովին վերջերս «Կոնցեռն Դիալոգն» իր հայտի հիման վրա ներառվել է The Nextlaw Global Referral ցանցում, որը վարում է համաշխարհային տասը խոշորագույն ընկերությունների ցանկում ընդգրկված «Դենթոնս» (Dentons) ընկերությունը։

 

«Դենթոնս» ընկերության մասին։ «Դենթոնսը» հիմնադրվել է 2013 թ. SNR Denton, Fraser Milner Casgrain և Salans ընկերությունների միաձուլման արդյունքում։ 2015 թ. ընկերությանն է միավորվել նաև չինական Dacheng-ը։ Այսօր «Դենթոնսը» աշխարհի 50-ից ավելի երկրներում ունի շուրջ 136 գրասենյակ, որտեղ աշխատում է մոտ 7700 իրավաբան։

 

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության մասին։ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թ. և ներկայումս գործում է փաստաբան Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: «Կոնցեռն Դիալոգը» բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում և հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից մեկն է: 2009 թ.-ից ընկերությունն անդամակցում է Հայաստանում ամերիկյան առևտրային պալատին (AmCham), 2010 թ.-ից՝ TAGLaw անկախ իրավաբանական ընկերությունների համաշխարհային դաշինքին և 2015 թ.-ից՝ Հարավային Կովկասում Գերմանական տնտեսական միավորմանը (DWV): Ընկերությունում աշխատում են 30 իրավաբաններ, որոնք մասնագիտանում են իրավունքի տարբեր ոլորտներում՝ կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային, մրցակցային, հարկային և մաքսային, քրեական, դատական արբիտրաժ և այլն։