Սեդրակ Ասատրյան. Ոստիկաններն աշխատում են աչքաչափով (Քաղաքացու հայցն ընդդեմ պետավտոտեսուչի՝ անհիմն մեղադրանքի համար)

«Այս դատը, եթե մենք այն շահենք, նախադեպ կլինի պետավտոտեսչության համար առ այն, որ նրանք աչքաչափով չվերաբերվեն այդ ամենին, այլ կիրառեն սահմանված կարգերը», Ս.Ասատրյան

2007թ. սեպտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի վստահորդ Վահե Խաչիկյանի հայցն ընդդեմ ճանապարհային ոստիկան մայոր Հարությունյանի: Վահե Խաչիկյանին դատարանում ներկայացնում էր Կոնցեռն Դիալոգի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

 

Հայցի առիթն այն էր, որ Երևանի Ֆրանսիական հրապարակում ճանապարհային ոստիկան մայոր Հարությունյանը ձեռքի շարժումներով կանգնեցրել է Վահե Խաչիկյանի մեքենան, իսկ վերջինիս չկանգնելուց հետո նրան մեղադրել փախուստի մեջ: Ըստ Խաչիկյանի՝ ոստիկանի մեղադրանքն անհիմն է:

 

Դատարանում Վահե Խաչիկյանի ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը տեղեկացրեց, որ ոստիկանին օրենքով արգելվում է ձեռքի շարժումներով մեքենան կանգնեցնել: Վկայակոչելով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի 17-րդ հոդվածը` Սեդրակ Ասատրյանն ընդգծեց, որ ճանապարհային ոստիկանը տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավունք ունի միայն ցուցաձողով, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոսի միջոցով: 


«Իմ պաշտպանյալի կողքին նստած ուղևորը վկայում է, որ ոստիկանը իրենց ձեռքով է կանգնեցրել: Նրանց թվացել է նույնիսկ, որ նա տաքսի է կանգնեցնում: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ոստիկաններն աշխատում են աչքաչափով: Այդ ոստիկանի համար գրած կարգը նշանակություն չունի. ինքը ժառանգություն է ստացել` ինչ ուզենա, կանի վարորդների հետ», _ բացատրեց Սեդրակ Ասատրյանը:



Ավելին, նա համոզված է, որ եթե իրենք դատը շահեն, ապա «դա ավելի շատ օգուտ կլինի» պետավտոտեսչությանը: «Որովհետև դա նախադեպ կլինի, որ նրանք աչքաչափով չվերաբերվեն այդ ամենին, այլ կիրառեն սահմանված կարգերը», _ հավելեց Ս. Ասատրյանը:

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21