Փնտրվում է քաղաքական աջակցություն. Հարկային բարեփոխումներին հակազդողներ էլ կան

Հայկական բիզնեսն ունի բարեփոխումների բարձր պահանջարկ:

 

 

Տարբեր մասնագետներ բազմիցս նշել են, որ Հայաստանի տնտեսության զարգացումը խոչընդոտող գործոններից մեկը հարկային օրենսդրությունը և հարկային մարմինների աշխատանքն է: Այս ոլորտն այն քիչ ոլորտներից է, որի նկատմամբ հայկական բիզնեսի կողմից իսկապես առկա է բարեփոխումների բարձր պահանջարկ:

 

Ոլորտում առկա խնդիրների լուծման համար ՀՀ Կառավարությունը ձեռնարկել և շարունակում է կատարել որոշակի քայլեր: Մասնավորապես՝ 2010թ. հոկտեմբերի 21-ին գործադիր մարմնի նիստում հաստատվել է վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման նպատակով գանգատարկման խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ Կառավարության որոշումը:

 

Մինչև խորհրդի ստեղծումը, հարկային և մաքսային հարաբերությունների հետ կապված վերադասության կարգով բերված բողոքները (օրինակ՝ ստուգման ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքները) քննարկում և դրանց վերաբերյալ վերջնական որոշում էին ընդունում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կազմում ստեղծված հարկային կամ մաքսային գանգատարկման հանձնաժողովները: Քանի որ գանգատարկման հանձնաժողովները գործում են նույն մարմնի կազմում, որն ընդունում է գանգատարկման առարկա հանդիսացող ակտերը, դրանց գործունեությունում առկա է ակնհայտ շահերի բախում, ինչը տեսականորեն կարող է իր ազդեցությունը թողնել ընդունվող որոշումների վրա: Որպես դրա ապացույց հաճախ բերվում էին վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովներ մուտքագրվող դիմում-գանգատների զգալի մասը քննության արդյունքում մերժվում էր:

 

Գանգատարկման խորհրդի ստեղծումից հետո հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը շարունակում է գործել, սակայն ստացված դիմում-գանգատը մասամբ բավարարելու կամ մերժելու դեպքում այն պարտավոր է որոշման նախագիծը և գործի նյութերն ուղարկել գանգատարկման խորհուրդ: Վերջինս տալիս է իր եզրակացությունը, որից հետո միայն հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը կարող է ընդունել իր որոշումը: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում (օրինակ՝ եթե հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը գտնում է, որ դիմում-գանգատը ենթակա է մերժման, իսկ գանգատարկման խորհուրդը համարում է, որ մերժման համար հիմքեր չկան) գանգատի փաթեթը ներկայացվում է ՀՀ վարչապետին: Արդյունքում նոր կարգը բավականին բարդացնում է դիմում-գանգատների մասնակի բավարարման կամ մերժման գործընթացը ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի կողմից:

 

Այսպիսով՝ ՀՀ Կառավարության նշված որոշումով ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի նկատմամբ սահմանվեց վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ՝ դրա և նոր ձևավորվող գանգատարկման խորհրդի միջև մրցակցություն ստեղծելու միջոցով: Նման մրցակցությունը նպատակ ունի սահմանափակել նախկինում գործող բողոքարկման մեխանիզմում առկա շահերի բախումները և բարձրացնել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի դերը՝ վերափոխելով այն ձևականորեն գործող մարմնից վեճ լուծող արդյունավետ մարմնի: Ենթադրվում էր, որ բարեփոխումների արդյունքում հարկային վեճերի լուծումը բիզնեսից պահանջելու էր ավելի քիչ ժամանակային և ֆինանսական ռեսուրսներ, քան պահանջում է նման վեճերի լուծումը դատական համակարգից:

 

Շուտով լրանում է նոր կարգի գործողության մեկ տարին, ինչը թույլ է տալիս ամփոփել որոշակի արդյունքներ: Բարեփոխման դրական ազդեցության ապացույցն է բավարարված դիմում-գանգատների ավել թիվը՝ համեմատած նախորդ տարիների վիճակագրության հետ: Ցավոք, վերջին շրջանում ավելացել է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովում քննվող կարճված գործերի թիվը: Այսինքն՝ քննվող գործը չի հասնում մասնակի բավարարման կամ մերժման փուլին և չի ստանում ՀՀ Կառավարության որոշումով ստեղծված գանգատարկման խորհրդի եզրակացությունը. հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի նիստից կարճ ժամանակ անց դիմում-գանգատ բերած անձինք հրաժարվում են իրենց պահանջներից և հետ են վերցնում բողոքը:

 

Նման քայլը կարող է լինել բիզնեսի և հարկային մարմինների միջև պայմանավորվածության արդյունք (օրինակ՝ դիմում-գանգատը հետ վերցնելու դիմաց որոշ ժամանակ հարկային ստուգումներ չանցկացնելու պայմանով), կամ կարող է պայմանավորված լինել հարկային մարմինների կողմից բիզնեսին ներկայացված սպառնալիքներով՝ դիմում-գանգատը հետ չվերցնելու դեպքում կլինեն նոր ստուգումներ, կամ քրեական գործ կհարուցվի (ցավոք, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի անհասկանալի ձևակերպումները նպաստում են այս արատավոր աշխատաոճին): Ընդ որում՝ այդ ամենը կարող է կատարվել նաև չհամակարգված ձևով՝ հարկային մարմինների այն մակարդակում, որն անմիջապես շփվում է բիզնեսի հետ:

 

Երկու տարբերակներն էլ հաստատում են, որ այն բարեփոխումները, որոնք իրական պահանջարկ ունեն հասարակության կողմից և իրականացումից հետո կիրառվելու են ու չեն մնալու միայն թղթի վրա, շատ հաճախ հանդիպում են խոչընդոտների դրանց հակազդող ուժերի կողմից: Տվյալ դեպքում խոչընդոտներն արդյունք են բարեփոխումների նկատմամբ եղած քաղաքական աջակցության ցածր մակարդակի: Եթե այդպիսի բարեփոխումներին աջակցում են միայն մի քանի բարձրագույն պաշտոնյաներ, դրանց գործարկումը բարդանում է և հաճախ չի բերում սպասվող արդյունքին:

 

Սուրեն Գոմցյան, իրավաբան,

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21