Սեդրակ Ասատրյան. Օտարերկրյա ներդրումների օրենսդրական խնդիրները ՀՀ-ում

Սեդրակ Ասատրյանն Panorama.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է գլոբալ ճգնաժամի պայմաններում Հայաստանում ներդրումների խրախուսման գերակայությանը

Գլոբալ ճգնաժամի պայմաններում Հայաստանում ներդրումները խրախուսելու խնդիրը դարձել է գերակա: Հաշվի առնելով խնդրին անդրադառնալու կարևորությունը՝ Panorama.am-ը հարցազրույց անցկացրեց ոլորտին առնչվող ընկերություններից մեկի` «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանի հետ:

 

Panorama.am. Ձեր ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում առևտրային ընկերություններին, այդ թվում` արտասահմանյան ներդրումով առևտրային ընկերություններին: Ձեր կարծիքով` հայաստանյան օրենսդրական դաշտը հարմարեցվա՞ծ է օտարերկրյա ներդրողների համար:

 

Ս.Ա. Եթե գնահատելու լինենք օրենսդրական դաշտը Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու տեսանկյունից, ապա, ընդհանուր առմամբ` իրավիճակը շատ վատ չէ: Մասնավորապես, ունենք օրենք «Օտարերկրյա ներդրումների մասին», որը ներդրողին տալիս է որոշակի երաշխիքներ. Օտարերկրյա ներդրումները կարգավորող ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` oրենuդրության փոփոխության դեպքում, ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, oտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող oրենuդրությունը: Այլ հարց է օրենքների իրավակիրառության հիմնախնդիրը, որտեղ ունենք լուրջ խնդիրներ:

 

Panorama.am Կարո՞ղ եք որևէ օրինակ բերել, որ օրենքը չի կիրառվում կամ վատ է կիրառվում:

 

Ս.Ա. Դրանց ցանկը ցավոք շատ մեծ է, բայց ես կփորձեմ բերել հիմնականում ներդրումների ոլորտի հետ առնչվող օրենքների իրավակիրառումից օրինակներ: Մասնավորապես, իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքում 2008թ-ին փոփոխություն կատարվեց և նույն թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ մի շատ սպասված դրույթ, այն է` Պետական միաuնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպեu նաև իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են ինտերնետային կայքում: Օրենքում գրված չէ, թե ո՞ր կայքում պիտի տեղադրվի: Երևի պատճառներից մեկն էլ դա է, որ մինչև օրս չի կիրառվում: Իմ ունեցած տեղեկություններով, առաջիկայում չեն էլ պատրաստվում կիրառել:

 

Այս օրենքում իհարկե կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք ոլորտի այսպես կոչված բարեփոխումների ցանկում այդպես էլ չեն հայտնվում, օրինակ հոդված 21-ում պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում, եթե հիմնադիրը իրավաբանական անձ է, ապա նա պարտավոր է, ի թիվս մյուս փաստաթղթերի, պետական գրանցման մարմին ներկայացնել նաև իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը: Խնդիրը կայանում է նրանում, որ օտարերկրյա ոչ բոլոր երկրների իրավաբանական անձանց կանոնադրություններում կամ համազոր այլ փաստաթղթերում է նշվում կառավարման լիազոր մարմնի անվանումը, և եթե հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, առաջանում է իրավաբանական անձի պետական գրանցման լուրջ խնդիր, որն իր մեջ պարունակում է իրական կոռուպցիոն ռիսկեր: Կցանկանայի նաև խոսել էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության ՀՀ օրենքի կիրառության մասին, որն ուժի մեջ է մտել 2005թ.-ի հունվար ամսից, սակայն մինչ այժմ չի գործում կամ պետական հատվածում գործում է մասնակի: Չնայած որ օրենքի կիրառման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բոլոր ենթաօրենսդրական ակտերը ընդունված են, բայց թերի են, մասնավորապես դրանցով կարգավորված չեն հավաստագրման կենտրոններ ստեղծելու չափորոշիչները: Դա է պատճառը, որ մինչև այժմ չեն ստեղծվել հավաստագրման կենտրոններ: Մյուսը Փաստաթղթերի հատուկ առաքման մասին ՀՀ օրենքն է, որն ուժի մեջ է 2007թ. մայիս ամսից, սակայն մինչ օրս չի գործում:

 

Մենք պարբերաբար հետաքրքրվում ենք փոստային կապի ազգային օպերատորից, թե ինչու՞ այս օրենքով սահմանված ընթացակարգերով` փոստային բաժանմունքներ փաստաթղթեր չեն ընդունվում: Սա ժամանակի թելադրանքով ստեղծված օրենք է և լուրջ խնդիրներ կարող է լուծել ծանուցումների և այլ փաստաթղթերի բովանդակության հետ կապված` հիմնավոր ապացույց ներկայացնելու և լուրջ փաստաթղթերը փոստով պատշաճ առաքելու ռիսկայնությունը նվազեցնելու ուղղությամբ: Հաջորդը օտարերկրացիների մասին ՀՀ օրենքն է, որն ուժի մեջ է 2007թ. փետրվարից, սակայն մինչ օրս դրանով նախատեսված օտարերկրացիների աշխատանքի ընդունման թույլտվություն տվող լիազոր մարմինը կառավարության կողմից նշանակված չէ: Դեռ ավելին. կացություն տրամադրելիս` օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկի փոխարեն ոստիկանության վիզաների վարչությունը, դեռևս առաջնորդվում է փաստաթղթերի հին ցանկերով և այլն:

 

Panorama.am. Դուք խոսեցիք օրենքների իրավակիրառության մասին, իսկ Ձեր կարծիքով այդ ոլորտում կա՞ն օրենքներ, որոնք կիրառվում են, բայց ներդրողներին ժամանակակից բիզնեսի համար ճկուն գործելու հնարավորություն չեն տալիս:

 

Ս.Ա. Այդպիսիք շատ են: Փորձեմ թվարկել դրանցից ամենակարևորները: Վերը նշված օրենքների նորմալ չկիրառելու պատճառներից մեկն էլ` դրանց ոչ ճկուն լինելն է: Սակայն կուզեի խոսել մինչ այժմ հարկային օրենսգրքի բացակայության մասին, որը միշտ խառնաշփոթ է առաջացնում օրենսդրական դաշտում: Oտարերկրյա ներդրողին կամ ընդհանրապես տնտեսվարողին պետք է հրամցնել կոմպակտ մի օրենսգիրք, որով պիտի կարգավորվեն ողջ հարկային հարաբերությունները, այլ ոչ թե միլիոն էջանոց օրենքներ, հրահանգներ, հրամաններ, պարզաբանումներ և այլն:

 

Մյուս ոլորտը, որի մասին կուզեի շեշտել, դա աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտն է, որը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, քիչ թե շատ լուծում է ոլորտի խնդիրները, բայց նույնպես ճկուն չէ: Մասնավորապես, գործատուները չեն կարողանում կարգավորել աշխատողներին ուսուցման ուղարկելու, հետո որոշակի ժամանակով աշխատողին իրենց մոտ պահելու խնդիրները, հերթափոխերի, գիշերային աշխատանքի, աշխատաժամանակի ճկուն գրաֆիկի և այլնի մասով: Առկա է նաև ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության ինստիտուտի ոչ ճկուն կարգավորված լինելու խնդիրը, որը նույնպես հնարավորություն չի տալիս վարձակալությունները ձևակերպել այնպես, որ շատ բիզնես պլաններ հնարավոր լինի իրագործել: Առանձնացված չէ առևտրային վարձակալության ինստիտուտը, նոտարական վավերացում և պետական գրանցում է պահանջվում նույնիսկ 10 օրով կնքված աշարժ գույքի վարձակալության գործարքների համար և այլն: Հաշվի առնելով օտարերկրյա ներդրողների հետ համագործակցության մեր վերջին տարիների փորձը, այս խնդիրները կարելի է դեռևս շատ երկար թվարկել, բայց դրանք արդեն նեղ մասնագիտական են:

 

Panorama.am. Ձեր կարծիքով վերը նշված օրենքներին ճկունություն հաղորդելը կլուծի՞ թվարկված խնդիրները:

 

Ս.Ա. Կարծում եմ, որ դա բավարար չէ: Վիճակը շտկելու համար իմ առաջարկած փոփոխությունները միայն առաջին քայլն են: Փորձը ցույց է տալիս, որ կարող ես ունենալ շատ լավ օրենք, բայց պետական գերատեսչություններում ու տեղական ինքնակառավարման մարմիններումօրենքը կիրառողների մի մասը կամ չի կարդացել այդ օրենքը կամ կարդացել է ու քթի տակ ժպտալով շարունակում է իր ձևով վերաբերվել անձանց դիմումներին:

 

Օրիգինալ հրապարակումը՝ «Օտարերկրյա ներդրումների օրենսդրական խնդիրները ՀՀ-ում»  @ Panorama.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21