ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Մեգո գոլդ» և «Գլոբալ գոլդ» ընկերությունների աշխատակիցները դիմել են «Կոնցեռն-Դիալոգ» ընկերությանը` դատարանում իրենց շահերը պաշտպանելու նպատակով:

«Մեգո գոլդ» ընկերության որոշ աշխատակիցներ պահանջում են իրենց վճարել չաշխատելու դիմաց:

Թուխմանուկի և Մարջանի ոսկու հանքերը շահագործող «Մեգո գոլդ» և «Գլոբալ գոլդ» ընկերությունների աշխատակիցները մեկ տարուց ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել: Նրանց չի վճարվել նաև արձակուրդայինը, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո՝ նաև վերջնահաշվարկը, որն անհապաղ վճարման ենթակա է: Ընկերության ղեկավարների դեմ այսպիսի հայցով աշխատակիցներից ոմանք դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Մինչ դատաքննություն կնշանակվեր, վերջերս նրանցից մեկը՝ Արազի Կարապետյանը, որն աշխատել է «Մեգո գոլդում», սրտի ինֆարկտից հանկարծամահ է եղել՝ այդպես էլ չստանալով 1 տարվա աշխատավարձի պարտքը, արձակուրդայինն ու վերջնահաշվարկը: Սա ավելի է բորբոքել ընկերության աշխատողներին, որոնց համոզմամբ՝ Արազին այնքան է նեղվել աշխատավարձ չստանալու պատճառով, որ սիրտը չի դիմացել:

«Բոլորիս տանն էլ ֆինանսական ծանր պայմաններ են, շուտով մենք էլ ենք լարված նյարդերի պատճառով առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնելու»,-ասում են նրանք:

Դավիթ Խոնդկարյանին ընկերությունը պարտք է 4 մլն 640 հազար դրամ, Վլադիմիր Հարությունյանին՝ 3 մլն 27 հազար, Լիլիանա Հարությունյանին՝ 2 մլն 614 հազար, Դավիթ Կարապետյանին՝ 2 մլն 96 հազար, Վլադիմիր Բալասանյանին 576 հազար դրամ, իսկ լուսահոգու պարտքը կազմում է 876 հազար դրամ, որը նրա ողջ տարվա աշխատանքն է: Պարտքերի ցուցակը «Առավոտին» տրամադրեցին «Մեգո գոլդի» աշխատակիցների փաստաբաններ Սեդրակ Ասատրյանը եւ Ժաննա Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ ընկերությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածը, սահմանված եռօրյա ժամկետում չի վճարում մահացածի աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը, չի ուզում նաև վճարել մյուս աշխատակիցներին ունեցած շուրջ մեկ տարվա աշխատավարձերը:

«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ ամերիկյան ընկերությունը ինչ-որ մոնստր է, հայերին շահագործում է, ինքը գերշահույթներ է ստանում ու չի ուզում աշխատավարձի պարտքը մարել: Սակայն դա այդպես չէ: Մեր աշխատակիցները պահանջում են, որ կազմակերպությունն իրենց վճարի իրենց իսկ հասցրած վնասի և չարած աշխատանքի համար, ինչն անհնարին է»,- «Առավոտին» այսպիսի պարզաբանում տվեց «Գլոբալ գոլդ» եւ «Մեգո գոլդ» ընկերությունների փաստաբան Հրայր Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ կազմակերպության և աշխատակիցների միջև եղած խնդիրներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: «Հայտնի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով բազմաթիվ ձեռնարկություններ, այդ թվում՝ մերը, լուրջ խնդիրների առաջ կանգնեցին: Մեր ընկերությունն արեց ամեն ինչ, որպեսզի իր աշխատողներին զերծ պահի ճգնաժամի անցանկալի հետևանքներից ու չկրճատի նրանց: Բայց կային այլ գործոններ, որոնք չէին կարող չանդրադառնալ նաև աշխատակիցների վրա: Որոշ աշխատողներ իրենց պարտականությունները կատարում էին ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաև՝ դիտավորյալ վնասում էին ընկերությանը, ինչի արդյունքում այսպիսի վիճակ ստեղծվեց: Ցավոք, նրանց պատճառով տուժեցին նաև մյուսները: Ոսկու և թանկարժեք մետաղների արդյունահանումը բավականին նուրբ պրոցես է, այդ գործում իսկապես նեղ մասնագիտական կարողությունները շատ կարևոր են: Երբ աշխատողները չեն ապահովում որոշակի որակներ, դա շղթայական ռեակցիա է առաջացնում, և այդ վատ աշխատանքի արդյունքում տուժում են բոլորը՝ սկսած տնօրենից մինչև բանվոր: Երբ աշխատողը ճիշտ չի հաշվարկում պաշարները, չի կարողանում ճիշտ չափումներ տալ, չի կարողանում որոշել ոսկու կորզելիության հարգը, տոկոսը, բնականաբար՝ տուժում են բոլորը, որովհետև ձեռնարկությունը պայմանագրեր է կնքում գնորդների հետ՝ իր աշխատողների հայտնած խտանյութի պարունակությունը հաշվի առնելով, ու երբ արդյունքը սխալ է լինում՝ գնորդը պայմանագիրը խզում է, իսկ ձեռնարկությունը չի կարողանում վաճառել այն, հետևաբար չի կարողանում տալ նաև աշխատավարձ: Հիմա այդպիսի իրավիճակ է, երբ որոշ աշխատողների սխալի պատճառով մյուսներն էլ են տուժել»: Տվյալ դեպքում կազմակերպությանը, այսպես ասած՝ «քաշել են» Դավիթ Խոնդկարյանը և Վլադիմիր Հարությունյանը: «Մեգո գոլդի» տնօրենը նրանց չի ազատել աշխատանքից՝ հնարավորություն տալով, որ գան իրենց սխալն ուղղեն, թեև Հ. Ղուկասյանի խոսքերով, իրավական բոլոր հիմքերն ուներ նրանցից վնասի փոխհատուցում պահանջելու. «Սակայն նրանք կամ նորմալ չէին գալիս աշխատանքի, կամ գալիս էին ու ոչինչ չէին անում, հետևաբար մատը մատին չտալու համար տնօրինությունը չի պատրաստվում նրանց վճարել: Թուխմանուկի հանքի աշխատողները գալիս էին Երևանի գրասենյակ, մի քիչ մնում էին ու գնում՝ չգնահատելով տնօրենի բարի կամքի դրսևորումը: Ուստի նրանք ազատվեցին աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմքով»: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի ներկայացմամբ՝ «Ոսկու հանք շահագործող կազմակերպությունը մանկապարտեզ չէ, որ այնտեղ կա՛մ հաճախես, կա՛մ՝ ոչ, այստեղ լուրջ աշխատանք է պետք, ինչը մեր աշխատողները չեն արել»: Բացի այդ, Հրայր Ղուկասյանը պատմեց, որ աշխատողներից մեկը «Մեգո գոլդի» անունից փաստաթղթեր է ստորագրել, ստացականներ ու տեղեկանքներ է տվել այլ կազմակերպությանը՝ չունենալով նման լիազորություններ. «Օրինակ, Վլադիմիր Հարությունյանը փաստաթղթեր էր ստորագրել, որով, ըստ էության, մեր կազմակերպությունը 30 հազար դոլարի պարտավորություն էր վերցրել, մարդը չի կարող անընդհատ անփույթ լինել, ուստի հնարավոր է, որ մենք էլ նրա հարցը քրեական դաշտ տեղափոխենք»: Ինչ վերաբերում է Արազի Կարապետյանի ողբերգական դեպքին, «Մեգո գոլդի» փաստաբանը վստահեցրեց, որ ընկերությունն արդեն վճարել է հանգուցյալի աշխատավարձի պարտքը. «Արազի Կարապետյանը մահացել է այն ժամանակ, երբ նա փաստացիորեն այլևս մեր կազմակերպության աշխատակիցը չէր, այնուամենայնիվ, մենք որոշեցինք զուտ մարդկայնորեն այդ հարցը լուծել»: Թե ինչու են ուշացրել ընկերության այլ աշխատակիցների վերջնահաշվարկները, երբ նրանք ազատվել են աշխատանքից՝ Հ. Ղուկասյանն այսպես պարզաբանեց. «Վերջնահաշվարկ արվում է աշխատողի հետ այն ժամանակ, երբ նրա հետ պարտք ու պահանջ չունեն, իսկ երբ աշխատողների հետ բազմաթիվ հարցեր կային կարգավորելու՝ վերջնահաշվարկ չէր կարող կատարվել»: Աշխատակիցների փաստաբանները դժգոհում էին, որ 2009թ. հոկտեմբերի 13-ից մինչ օրս անհայտ պատճառներով իրենց հայցով դատաքննություն չի նշանակվում. «Դատաքննությունները պետք է նշանակվեն ողջամիտ ժամկետներում, թե երբ է այդ ողջամիտը, արդյոք 4 ամիսը ողջամի՞տ ժամկետ է՝ անհայտ է: Սովորաբար, դատաքննություն պետք է նշանակվի 2 ամիս հետո, բայց ոչ դրանից ավելի, հատկապես՝ երբ խոսքը աշխատանքային վեճի մասին է»: «Գլոբալ գոլդի» փաստաբանի կարծիքով՝ դա աշխատանքային վեճ չէ՝ գումարի պահանջ է, հետևաբար այն հրատապ լուծում չի պահանջում:

Հրատարակվել է` Մարտ 10, 2010 թ. Աղբյուրը` http://www.aravot.am/2010/03/10/355003/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21