Գևորգ Հակոբյան. «Պետությունն ինքն իրեն չպետք է հարկադրի։ Բիզնեսի միջոցների ապահովության և պետության ռիսկերի խնդիրներ»

Դատական ակտերի կատարման մեխանիզմները Հայաստանում թերություն ունեն: Պետական պարտավորությունների մասով հարկադիր կատարում չպետք է նախատեսվի, որովհետև պետությունն ի դեմս իր մարմինների, իմաստ չունի ինքն իրեն հարկադրի անել իր պարտավորությունը։ Այս մասով ԴԱՀԿ օրենքի նորմերը և ձևավորված պրակտիկան հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանություններին։ Այս համատեքստում հարկադիր կատարումը պետք է փոխարինվի այլ մեխանիզմով՝ պետական մարմնի իրավասու պաշտոնյայի պատասխանատվությամբ և դատական ակտի չկատարման հետևանքով բիզնեսին պատճառված վնասների փոխհատուցմամբ։

Հայաստանում դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարումն ապահովվում է հարկադիր կատարմամբ ՀՀ Արդարադատության Նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) միջոցով։ Այս հարաբերությունները կարգավորվում են Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի դրույթներով (տես Դատական ակտերի հարկադիր կատարման մասին 1998թ. մայիսի 5-ի ՀՕ-221 ՀՀ օրենքը, ՀՀՊՏ 1998.06.15/12(45), ԱԺ,19.03.2012,ՀՕ-105-Ն դրությամբ, այսուհետ ԴԱՀԿ օրենք)։ Կարգը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ պարտապանը պետությունն է` ի դեմս իր մարմինների, և դիմողը ակնկալում է դատական ակտի արդյունքը պահանջել պետությունից։

 

Բիզնես ոլորտին առնչվող իրավիճակներում պետությունը սովորաբար պարտապան լինում է վարչական հարաբերություններում, մասնավորապես, երբ ստուգման ակտի վիճարկման արդյունքում պետք է ավել վճարված հարկ վերադարձվի բիզնեսին կամ երբ օրինակ կիրառվել է հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվել բիզնեսի միջոցների վրա, այնուհետև արգելանքի միջոցի բողոքարկման արդյունքում արգելանքը վերացվել է։ Նշված դեպքերում, ընդհանուր կարգի համաձայն, պետք է դիմել դատարան, ստանալ կատարողական թերթ, թերթը ներկայացնել ԴԱՀԿ և սպասել կատարողական վարույթի իրականացմանը պետության հանդեպ։

 

Առաջին խնդիրը ստորադաս ատյանի դատարանից կատարողական թերթի ստացմանն է վերաբերում։ Կատարողական թերթի համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում առաջին ատյանի դատարան (տես ԴԱՀԿ օրենքի 18-րդ հոդվածը)։ Պրակտիկայում, եթե գործը բեկանվել է վերադաս ատյանում, ապա անկախ այն հանգամանքից, թե վերադաս դատարանի ակտը մտել է օրինական ուժի մեջ, առաջին ատյանի դատարանը կատարողական թերթ չի տա, մինչև գործը վերադաս դատարանից չառաքվի կատարողական թերթ տվող դատարան։ Այսպիսի իրավիճակներում կատարողական թերթի տրամադրումը ձգձգվող պրոցես է, որը կախված է նրանից, թե երբ վերադաս դատարանը գրասենյակի ներքին ծանրաբեռնվածության պատճառով կուղարկի գործը, թե երբ փոստը գործը տեղ կհասցնի (երբ առաջին ատյանի դատարանը մարզում է, սա ավելի երկար է տևում), ինչպես նաև նրանից, թե երբ առաջին ատյանի դատարանը կանդրադառնա դիմումին և կտա կատարողական թերթ. սրա ընթացքում բիզնեսի դրամական և գույքային միջոցները բիզնեսին չեն ծառայում, շարունակվում են պահվել։

 

Սրան զուգահեռ, առկա են դեպքեր, երբ նույն ԴԱՀԿ-ն պատշաճ հետամուտ չի լինում դատական ակտի կատարմանը, և պետական մարմինն անտեղի ձգձգում է դրա կատարումը։ Մեզ հայտնի է նման ձգձգման դեպք, որի տևողությունը 6-8 ամիս է ձգվել (ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրաժարվում էր չորակավորված մասնակիցների ցուցակից դատական ակտի հիման վրա հանել Ընկերության տվյալները)։ Իսկ վերջերս նաև նոր երևույթ է ԴԱՀԿ կողմից արգելանքի վերցված միջոցները դեպոզիտ գանձելը։ Այս ընթացքում որքան երկար է ԴԱՀԿ-ն պահում միջոցները և որքան երկար է ձգձգում դրանց վերադարձը, այդքան երկար է պետությունն օգտագործում գանձված միջոցները։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (CASE OF BURDOV v. RUSSIA (No. 2) Application no. 33509/04, ECHR 2009, §65), Մետաքսասն ընդդեմ Հունաստանի (AFFAIRE METAXAS c. GRÈCE, Requête no 8415/02, CEDH 2004, §19), և մի շարք այլ գործերով անդրադարձել է ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման հարցին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիայի (այսուհետ՝ Մարդու իրավունքների եվորապական կոնվենցիա) 6 հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի լույսի ներքո։

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը երաշխավորում է արդար դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունք (Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms, Nov. 4, 1950, Europ.T.S. No. 5; 213 U.N.T.S. 221): Այս նորմի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավացիորեն այն գաղափարն է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը չի ավարտվում դատարանում անձի իրավունքը պաշտպանելով. եթե այդ դատական ակտը հետագայում հետևողականորեն ի կատար չի ածվում և մնում է թղթի վրա, ապա արդար դատաքննության իրավունքը նորից խախտվում է (տես օրինակ՝ CASE OF HORNSBY v. GREECE, Application no. 18357/91, ECHR 1997, §40)։

 

Բուրդովի և Մետաքսասի գործերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  նշել է, որ այն դեպքում երբ պարտապանը պետությունն է, այսինքն պետությունը պետք է դատական ակտով կատարի որոշակի պարտավորություն, ապա արդար չէ անձից պահանջել լրացուցիչ կատարողական վարույթների ապահովում։ Պետական պատասխանատու մարմինը դրա մասին իմանալիս անմիջապես պետք է կատարի դատական ակտը՝ առանց սպասելու հարկադիր կատարման կամ այլ ընթացակարգերի։ Մետաքսասի գործում դատարանը նշել է՝ «...Toutefois, la Cour ne saurait perdre de vue que le requérant a dû recourir à la procédure d’exécution forcée afin d’obtenir le remboursement de sa créance. De l’avis de la Cour, il n’est pas opportun de demander à un individu, qui a obtenu une créance contre l’Etat à l’issue d’une procédure judiciaire, de devoir par la suite engager la procédure d’exécution forcée afin d’obtenir satisfaction...» (տես վերևում):

 

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից ողջամիտ ժամկետից հետո դատական ակտը չկատարելը արդեն իսկ իրավունքի խախտում է և բիզնեսին վնաս է պատճառում։ Ողջամիտ ժամկետն այն ժամկետն է, որի ընթացքում պետական մարմինը ողջամտորեն կարող է կատարել դատական ակտը. օրինակ գումար վերադարձնելու պարտավորության դեպքում դա առավելագույնը մի քանի օր է։ Ողջամիտ չէ այն ձգձգումը, որը վերագրելի է այդ պետական մարմնի կամ այլ պետական մարմնի գործողությանը կամ անգործությանը։ Այս եզրակացությանը հանգում ենք նորից կիրառելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները, այն է, ողջամտությունը որոշելիս հարկ է գնահատել ակտի կատարման բարդությունը, դիմողի վարքագիծը, պետական մարմինների վարքագիծը, դատարանի բավարարած պարտավորության չափը և բնույթը (տես օրինակ՝ CASE OF RAYLYAN v. RUSSIA, Application no. 22000/03, ECHR 2007, §31)։ Ծանրաբեռնվածությունն էլ, ինչպես կարելի է տեսնել, վերաբերելի չէ։

 

Այն դեպքում, երբ պետությունը դատական ակտով պարտավոր է դեպոզիտ վերցված գումարը վերադարձնել բիզնեսին և դա ձգձգում է վերոգրյալի համատեքստում, պետությունն այդ ժամկետում անհիմն պահում է բիզնեսի գումարները և օգտագործում է դրանք։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1097 հոդվածի համաձայն՝ գույքն անհիմն խնայող սուբյեկտը՝ պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին։ Միևնույն ժամանակ դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ (տես ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, 1998թ. մայիսի 5, ՀՕ-239, ՀՀՊՏ 1998.08.10/17(50), ԱԺ,12.11.2012,ՀՕ-216-Ն դրությամբ)[1]։ Հարկերի վերադարձի մասով Հարկերի մասին ՀՀ օրենքի հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները կարծես թե նորից համահունչ չեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցմանը (տես Հարկերի մասին 1997թ. ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի կարգավորումները, ՀՀՊՏ 1997.05.20/11, ԱԺ,19.12.2012,ՀՕ-237-Ն դրությամբ. այս խնդրին հետագայում կփորձենք առանձին անդրադառնալ)։

 

Բիզնեսի միջոցները պահելը և օգտագործելը անդրադառնում է նրա կայությունության և ապահովության վրա։ Սակայն խնդիրը միայն բիզնեսին չի վերաբերում. պետությունն ինքն ունի պայթյունավտանգ ռիսկ՝ կապված գումարներ վճարելու պարտավորված լինելու հետ։ Այսինքն վերջին հանգամանքը նաև անդրադառնում է պետության ֆինանսական կայությունության և ապահովության վրա։

 

Այսպիսով, Դատական ակտերի կատարման մեխանիզմները Հայաստանում թերություն ունեն: Պետական պարտավորությունների մասով հարկադիր կատարում չպետք է նախատեսվի, որովհետև պետությունն ի դեմս իր մարմինների, իմաստ չունի ինքն իրեն հարկադրի անել իր պարտավորությունը։ Այս մասով ԴԱՀԿ օրենքի նորմերը և ձևավորված պրակտիկան հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանություններին։ Այս համատեքստում հարկադիր կատարումը պետք է փոխարինվի այլ մեխանիզմով՝ պետական մարմնի իրավասու պաշտոնյայի պատասխանատվությամբ և դատական ակտի չկատարման հետևանքով բիզնեսին պատճառված վնասների փոխհատուցմամբ։

 

Դատական բարեփոխումները չեն կարող հասնել լիարժեք արդյունքի առանց դրանց կատարման մեխանիզմների բարեփոխման։ Հակառակ սրան դատական ակտերի հարկադիր կատարման բարեփոխումները կարծես թե դուրս են մնացել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրից։ ԴԱՀԿ-ի բարեփոխմանը որոշակի հատված նվիրված է երկրորդ ծրագրում, սակայն դա չի ուղղված քննարկվող խնդրին լուծումներ տալուն։

 

Քաղաքացիական օրենսգրքի դրույթները վկայակոչված են որոշակի վերապահումներով։ Երբ առկա է վերջնական դատական ակտ, վարչական հարաբերություններ չկան, սակայն ինքնին պարզ չէ, թե արդյոք իրավիճակի կարգավորումը Քաղաքացիական օրենսգրքի առարկա է։ Հաշվի առնելով, որ տվյալ իրավիճակում հարստացումը չունի հանրային իրավական հիմք, այն հավանաբար քաղաքացիական իրավունքով է կարգավորվում։ Իսկ եթե այդպես չէ, դա կհանգեցնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկ այլ՝ 13 հոդվածի խախտման, քանի որ հավասարազոր կլինի արդյունավետ միջոցի բացակայության։

 

Հեղինակ՝  Գևորգ Հակոբյան, փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ իրավաբան

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21