"ԵՐԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ "ՄԻ ԳՐԱՄ" ԱՆԳԱՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ` ԱՄԲՈՂՋ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ"

ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

"Կոնցեռն Դիալոգ" փաստաբանական ընկերության տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան համար` անհատական կամ պետական մակարդակով. սա փաստում է միջազգային իրավունքը: Ի՞նչ մեխանիզմներ կան դրա համար, և ո՞վ պետք է բռնի ոճրագործի ձեռքը. մանրամասնում է "Կոնցեռն Դիալոգ" փաստաբանական ընկերության տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը

-Պարոն Օրբելյան, միջազգային իրավական ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք ապահովում են գերիների անվտանգությունը:

-Հիմնական մեխանիզմը, որը մշակվել է ռազմագերիների հետ վարվելակերպի հետ կապված` 1949 թվականի Ժնևյան կոնվենցիան է` ռազմագերիների կարգավիճակի հետ կապված, այսպես կոչված "Երրորդ կոնվենցիան" և 1977 թվականի Առաջին արձանագրությունը, որը մի քիչ ընդլայնել է իրավունքները: Տվյալ փաստաթղթերը նախատեսում են մի քանի տարբեր մեխանիզմներ: Դրանցից մեկը` չտարածված մեխանիզմը դա հովանավորող տերությունների առկայությունն է: Հովանավորող տերությունները այն պետություններն են, որոնք ինչ-որ տեղ իրականացնում են հյուպատոսական ֆունկցիաներ, քանի որ պատերազմի ժամանակ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները փակվում են: Պատմության ընթացքում տարածում չի ստացել տվյալ ինստիտուտը: Դրան փոխարինել է հովանավորող տերության փոխարինողի ինստիտուտը: Դրա գործառույթները հիմնականում իրականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ժնևյան կոնվենցիաները կարող է իրականացնել որևէ այլ մարդասիրական ընկերություն, բայց հիմնականում, գրեթե 100 տոկոսով իրականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելի կոնկրետ, դա Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների այցն է ռազմագերիների պահման վայր, որտեղ նրանք համապատասխանաբար հնարավորություն են ունենում տեսնել` պահպանվո՞ւմ են արդյոք կոնվենցիայով նախատեսված երաշխիքները, թե՞ ոչ: Եվ եթե տեսնում են խախտումներ` այդ մասին արձանագրում և հայտնում են համապատասխան վայր, ասենք, ռազմագերիների ճամբարի ղեկավարությանը, որ` ձեր մոտ տեղի են ունենում խախտումներ, լավ կլինի շտկեք: Տվյալ ռազմագերիների ճամբարի ղեկավարության հետ քննարկումը հնարավորություն է տալիս, որ ղեկավարության համար պարզ դառնա, որ տեղի է ունենում խախտում, քանի որ իրականում ռազմագերիների ճամբարների ղեկավարների մեծ մասը իրավաբաններ չեն, շատ հազվագյուտ մարդիկ ունեն տարական մարդասիրական իրավունքի գիտելիքներ: Վերջին ժամանակներում, բարեբախտաբար, տարածվում են այդ գիտելիքները, այդ թվում` նաև մեր տարածաշրջանում: Այդ իրավունքների մասին և' ռազմագերիներին, և' ճամբարների համապատասխան ղեկավարությանը հայտնելու արդյունքում իրազեկվածությունը բարձրանում է, որը որոշ չափով նվազեցնում է հնարավոր խախտումները:

-Կարծում եք` պետք է լինել իրավաբա՞ն` հասկանալու համար, որ բռնությունը գերու նկատմամբ հումանիտար իրավունքի խախտում է:

-Խնդիրը մի քիչ այլ ոլորտում է, քանի որ մի շարք կոնֆլիկտների մասնակիցների մոտ կա նաև հակառակ կարծիքը, որ հակառակորդի նկատմամբ կարելի է անել ամեն ինչ, ու դա խախտում չէ, քանի որ, իբրև թե իրենց վրա քրեական օրենսդրությունը չի տարածվում: Չնայած, քրեական օրենսդրությունն էլ է տարածվում և քրեական օրենսգրքերի մեծ մասը դրա համար ևս նախատեսում են պատասխանատվություն: Բայց հակառակ կարծիքն էլ է տարածված. կախված որոշակի պատմամշակութային ավանդույթներից, մարդու մոտ կարող է առաջանալ լրիվ հակառակ, ինչ-որ մարդկանց համար հիմնավոր մոտեցում. "հակառակորդ է. հակառակորդի հետ ոչ մի բանակցություն, թշնամի է. թշնամուն կարելի է անել ամեն ինչ, ինչը չի համապատասխանում այսօրվա Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում գործող ինդիվիդուալիզմի, մարդասիրության գաղափարախոսություններին և դրա արժեքներին": Ռազմագերիների կարգավիճակում գտնվողների իրավունքների խախտումն իր բնույթով չի տարբերվում մնացած բոլոր հանցագործություններից, միայն այնքանով է տարբերվում, որ դա ռազմական ոլորտում է կատարվում, որ դա ունի ավելի ծանր հետևանքներ, և երբեմն որոշ երկրներ, Ժնևյան կոնվենցիաների համաձայն, ունեն ռազմական դատարաններ, որոնք առանձին քննում են այդ գործերը:

-Այդ պարագայում, երբ պատիժ կիրառելը տվյալ երկրի իշխանությունների լիազորությունն է, Ադրբեջանի ՊՆ-ն հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան առիթով տարածեց հաղորդագրություն, իբր ռազմական դատախազության աշխատակիցների և ռազմաբժշկական փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի և Սարիբեկյանի մարմնի արտաքին զննում, և դատաբժշկական փորձաքննության արդյունքում նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել: Այնինչ համացանցով տարածված տեսնյութում հստակ երևում է, որ երիտասարդի դեմքն այտուցված է և կապտուկներով պատված: Արդյո՞ք բռնության գործադրմանը չի ավելնում նաև սուտ տեղեկություն տարածելու հանցանք, և ինչպե՞ս պետք է դա պատժվի:

-Խնդիրը մի քիչ ավելի բարդ է, քանի որ, նախ` հովիվը ոչ մի կերպ չի ստանում ռազմագերու կարգավիճակ: Մենք ասում ենք "գերի", քանի որ դա տարածված տերմին է, բայց ինքը ստանում է ոչ թե ռազմագերու, այլ, եթե նա քաղաքացիական անձ է և տեղաշարժման ազատությունը սահմանափակվել է, ապա ստանում է ներկալված քաղաքացիական անձի կարգավիճակ. դա հատուկ եզրույթ է, որն օգտագործվում է Ժնևյան կոնվենցիաներում: Ընդհանրապես քաղաքացիներին ներկալելն արգելվում է, թույլ է տրվում միայն որոշակի հատուկ պայմաններում, ինչը պայմանավորված է, ասենք, անվտանգության և մի շարք այլ հանգամանքներով: Ինչ վերաբերում է տվյալ անձի մասին սուտ տեղեկատվություն տարածելուն, զուտ սուտ տեղեկատվություն տարածելը մի քիչ խնդրահարույց հարց է, այսինքն` դրա համար եթե նույնիսկ ենթարկվի էլ, ապա միայն քաղաքական պատասխանատվության պիտի ենթարկվի պետության որոշակի խախտումների համար, ինչը չի բացառում, սակայն, պետության կողմից` որպես այդ անձի հետ իրավաբանական կապ ունեցող, նրա իրավունքների պաշտպանության շրջանակներում դիմել համապատասխան մարմինների:

-Ո՞ր ատյաններին կարող է դիմել համապատասխան պետությունն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում:

-Միջազգային մարդասիրական իրավունքն այն առանձնահատուկ ոլորտներից է, որը նախատեսում է երկու տեսակի պատասխանատվություն. մեկը պետության պատասխանատվությունն է խախտումների համար, մյուսն անհատական քրեական պատասխանատվությունն է: Սովորական քրեական պատասխանատվությունն ունի որոշակի առանձնահատկություններ, այդ թվում` նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների համար կարող են պատասխանատվության ենթարկել այն երկրները, որոնք դրա հետ որևէ կապ չունեն. ցանկացած երկիր, ում իշխանության ներքո գտնվում են այդ անձինք, պարտավոր է դատապարտել: Այսինքն` եթե որևէ կերպ հնարավոր լինի պարզել տվյալ անձի սպանության կամ բռնության հանգամանքները, կամ ինչի հետևանքով տեղի է ունեցել խախտումը, պարտավոր են պատասխանատվության ենթարկել կատարողներին, դա կլինի պահման վայրի տնօրինությունը, սպանողները, խոշտանգողները, այսինքն` այն անձինք, ովքեր կոնկրետ գործողություն են կատարել, ինչն իրականում բավականին բարդ է: Իսկ ինչ վերաբերում է պետական պատասխանատվությանը, այսինքն` Ադրբեջանի Հանրապետության հնարավոր պատասխանատվությանը տվյալ խախտման համար, ապա ամենատարածված միջազգային մեխանիզմը երկկողմանի հարաբերություններն են. այսինքն` համապատասխանաբար Հայաստանը հստակորեն շատ պարզ նոտա է ուղարկում որևէ այլ պետության միջոցով, որ` դուք խախտել եք այսինչ անձանց այսինչ իրավունքները, անկախ նրանից, որ ձեր կարծիքների հետ մենք համամիտ չենք, և տեղի է ունեցել խախտում: Պարզ է, որ այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնի վրա դժվար թե Ադրբեջանն ընդունի, ներողություն խնդրի և տրամադրի բավարարում: Կան մի շարք այլ մեխանիզմներ. առաջինը տարածաշրջանային անվտանգության կազմակերպություններում այդ հարցերը բարձրացնելն է: Պարզ է, եթե դա լիներ միայն 1 դեպք, որը տեղի ունեցած լիներ, ասենք, վերջին 16 տարվա ընթացքում, ապա դժվար թե հնարավոր լիներ տվյալ կազմակերպություններում այդ հարցը քննարկել, ինչը, սակայն, եթե հաշվի առնենք նաև մնացած բոլոր դեպքերի կոնտեքստում` և' հրադադարի խախտումները, և' քաղաքացիական որոշ անձանց ու ռազմագերիների նկատմամբ խախտումները, հնարավորություն կտա արդեն ամբողջականացված ասել, որ տեղի են ունենում պարբերական խախտումներ, և այդ պետությունն է պատասխանատու: -Այդ հարցը բարձրացնելը պետական ո՞ր մարմնի գործառույթն է:

-Տվյալ գործառույթը կատարում է ինչպես նախագահը, այնպես էլ կառավարությունը, արտգործնախարարությունը` իբրև կառավարության համապատասխան մասնագիտական մարմին: Համապատասխան նոտա ուղարկել կամ չուղարկելու հարցը կարող է քննարկվել Անվտանգության խորհրդում, դա կարող է քննարկվել նախագահի աշխատակազմի համապատասխան մասնագետների հետ և որոշումն ընդունել արդեն արտգործնախարարից ավելի բարձր մակարդակում, այսինքն` այն մարմիններում, ովքեր որոշում են պետության արտաքին քաղաքականությունը. արտգործնախարարությունը միայն իրականացնում է: Եվ երրորդ տարբերակը, վերջիվերջո տվյալ անձի հնարավոր սպանությունը, բացի միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներից, որոշակիորեն խախտում է համարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից: Տարածված պրակտիկայի պատճառով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շատերը ընկալում են իբրև սեփական պետության դեմ բողոք ներկայացնելու ևս մեկ ատյան, իրականում տվյալ կոնվենցիայի ամենաառաջնային ու ամենակարևոր բաղադրիչը միջպետական վեճերի լուծման հնարավորությունն է, ինչը թույլ է տալիս ցանկացած պետության` դիմել ցանկացած այլ պետության դեմ գործ հարուցելու և քննելու դիմումով: Դրա արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է քննել այդ գործն արդեն առանձին` զուտ որպես միջպետական գործ, այլ ոչ թե որպես ինչ-որ անհատական բողոքի հիման վրա, որը նույնպես ՀՀ-ն կարող է իրականացնել:

-Դուք ասացիք, որ "եթե հնարավոր լինի պարզել, որ բռնություն է գործադրվել, որ սպանել, կամ ինքնասպանության են հասցրել"... ի՞նչ մեխանիզմներով կարելի է դա պարզել:

-Միջազգային իրավունքում փաստերի հաստատման մի շարք տարբեր մեխանիզմներ են մշակված` սկսած փաստերի հաստատման հանձնաժողովներից, հետազոտման հանձնաժողովներից, ավարտած ավելի պարզ, ասենք, խորհրդատվություններով, փաստերի փոխանակմամբ, համատեղ քննարկումներով: Պարզ է կրկին, որ հայ-ադրբեջանական խորհրդատվությունների անցկացման հնարավորությունը բավականին սահամանփակ է, այսինքն` հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով, աշխատանքային հանդիպումներ, որոնց շրջանակներում հնարավոր կլինի փոխանցել կամ ստանալ ապացույցներ, եթե Ադրբեջանը կարծում է, որ բռնություն տեղի չի ունեցել, հովիվը մահացել է` պարանոցին իր վերնաշապկից ու սավանից պատրաստված օղակ հագցնելու հետեւանքով, հետազոտության արդյունքները տրամադրեն, միգուցե մեր մասնագետներին հնարավորություն տան հետազոտել դին, քանի դեռ ուշ չէ...

-Ո՞ւմ նախաձեռնությունը պետք է դա լինի:

-Ամեն դեպքում ցանկացած կայացած պետություն պետք է միջազգային հարաբերություններում փորձի լինել պրոակտիվ, այսինքն` փորձի նայել առաջ և ոչ թե հետ: Հետևաբար, երբ ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացու իրավունքները որևէ երկրում որևէ դեպքում որոշակի չափով, "մի գրամ" անգամ խախտվում են կամ ենթադրաբար խախտվում, պետությունն իր ամբողջ մեխանիզմներով, իր ամբողջ պետական համակարգով, երկրի ներսի և արտասահամնի համակարգերով, այսինքն` դեսպաններով, հյուպատոսություններով, պետք է աշխատի, որպեսզի ցանկացած անհատի իրավունքը պաշտպանի անգամ չնչին խախտումից: Քանի որ պետությունն, ի վերջո, ստեղծված է անձանց իրավունքները պաշտպանելու համար, պետության ամբողջ մեխանիզմն աշխատում է անձանց ծառայելու համար, և, ի վերջո, պաշտոնատար անձանց` ովքեր ընտրվել կամ նշանակվել են, հիմնական գործառույթն է ծառայել ժողովրդին, որն ինքնիշխանության հիմնական կրողն է:

-Կոնկրետ առևանգված հովվի պարագայում կա ևս մեկ հանգամանք. ադրբեջանցիները համացանցով տարածել են տեսանյութ, որում նա ասում է, որ իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչություն կատարելու համար, այնինչ մայրն ասում էր, որ գնացել է սար` անասուններին բերելու: Ստիպելը, որպեսզի ներկալված անձը տա կեղծ տեղեկություն, որքանո՞վ է ծանրացում հանցանքը:

-Նույն Ժնևյան կոնվենցիաները` և' երրորդը` ռազմագերիներին վերաբերող, և' չորրորդը` ներկալված քաղաքացիական անձանց վերաբերող, պարունակում են ընդհանուր սկզբունք, համաձայն որի` և' ռազմագերուն, և' ներկալված քաղաքացիական անձին պետք է զերծ պահել ամբոխի հետաքրքրասիրությունից: Սա ենթադրում է, որ տվյալ անձինք պետք է չնկարահանվեն, ցույց չտրվեն: Այսինքն` տվյալ անձի նկատմամբ համապատասխան գործողություններ են կատարվել, ինչն արդեն արգելվում է: Պատասխանատվությունը դրա համար լրիվ նույնն է, ինչ` մնացած բոլոր խախտումների:

-Երբ անձն ասում է, որ ինքը լրտես կամ ահաբեկիչ է, արդյո՞ք դա կարող է արդարացնել նրա նկատմամբ բռնության կիրառումը:

-Չի կարող արդարացնել. եթե նա լրտեսի կարգավիճակ է ստանում, ուրեմն ռազմագերու կարգավիճակ չի ստանում, դա հնարավորություն է տալիս ներկալող պետությանը պատասխանատվության ենթարկելու: Դրա համար այդ անձին պարտադիր պետք է դատեն` ապահովելով արդար դատավարության երաշխիքներ, և եթե կապացուցվի նրա լրտես լինելը և կապացուցվի նրա կողմից հանցագործության կատարումը, կարելի է նրան դատապարտել համապատասխան երկրի քրեական օրենսգրքով: Բայց դա հիմք չէ` անձին ինքնասպանության հասցնելու կամ սպանելու:

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցում է` մարմինը վերադարձնելու ուղղությամբ: Ունե՞ք տեղեկություն` ի՞նչ փուլում են բանակցությունները:

-Մենք կունենանք տեղեկություն, եթե վերադարձվի կամ չվերադարձվի մարմինը: Նույն գաղտնիության սկզբունքից ելնելով` Կարմիր խաչը երբեք չի ասի, որ գնացել, հանդիպել են, հնարավոր է` մեկ օր հետո տան: Դրա հետ կապված ևս միջազգային իրավունքի որոշակի նորմեր կան. ենթադրվում է, որ մարմինները, ամեն դեպքում, պետք է կամ վերադարձվեն, կամ անձի կրոնամշակութային նորմերին համապատասխան հողին հանձնվեն, ամեն դեպքում, այդ անձի հարազատները պետք է հնարավորություն ունենան` այցելել համապատասխան վայրը: Կրկին, կարծում եմ, որոշակի խնդիրներ կլինեն` հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդությունը: Այդ հարցը, ամեն դեպքում Հայաստանի համապատասխան մարմինները պարտավոր են բարձրացնել, քննարկել, որոշ դեպքերում այդ հարցերը պետք է բարձրացնել ավելի հրապարակային, որոշ դեպքերում` ոչ այնքան` կապված բանակցությունների գաղտնիության հետ, բայց ոչ մի դեպքում պետությունը չպետք որևէ կոնկրետ անձի ճակատագիրը խաղաքարտ դարձնի համընդհանուր նշանակության բանակցությունների շրջանակներում:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21