+374 10 575121 info@dialog.am
Միգրացիայի հարցեր

Այս ոլորտին վերաբերող մեր գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների հիմնական մասը ընգրկում է օտարերկրացի քաղաքացիներին մատուցվող խորհրդատվությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, կացության ժամանակավոր կամ հիմնական կարգավիճակ ձեռք բերելու, այդ թվում քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված, ինչպես նաև նշված նպատակներին հասնելու համար փաստաթղթերի մշակումը։

 

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար մուտքի վիզա և միաժամանակ հրավեր պարտադիր է ընդամենը թվով 63 երկրների։ Սա նշանակում է, որ մնացած երկրների մի մասի քաղաքացիների համար սահմանված է առանց վիզայի մուտքի ռեժիմ, իսկ մյուս մասի երկրների քաղաքացիների համար պարտադիր է միայն մուտքի վիզայի առկայությունը, որը տրվում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում համապատասխան դիմում լրացնելուց և պետական տուրքը վճարելուց անմիջապես հետո (Առավել մանրամասն տես ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջում:

 

Մուտքի վիզայի ռեժիմով օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է մնալ առավելագույնը 180 օր, իսկ դրանից ավել Հայաստանում մնալու համար օտարերկրացին պարտավոր է ձեռք բերել կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն։

 

Կացության կարգավիճակ ստանալու համար պարտադիր է օրենքով սահմանված համապատասխան հիմքի առկայությունը, օրինակ՝ ուսումը, ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ ՀՀ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացու ազգական լինելը։ Առկա է կացության կարգավիճակի երեք տեսակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։ Կացության ժամանակավոր կարգավիճակը տրվում է մեկ տարի ժամկետով, որը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մեկ տարի ժամկետով։ Կացության մշտական կարգավիճակը տրվում է հինգ տարով, իսկ կացության հատուկ կարգավիճակը տրվում է տասը տարի ժամկետով հիմնականում ազգությամբ հայ օտարերկրացիներին։

 

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է քաղաքացիություն ձեռք բերման «արյան իրավունքի» սկզբունքը, այսինքն ընդհանուր կանոնի համաձայն ՀՀ քաղաքացի կարող են են համարում ՀՀ քաղաքացիներից ծնված անձինք, սակայն միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համեմատաբար դյուրին կարգ է սահմանված նաև ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։

 

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության՝ այս ոլորտի երկարամյա փորձի, ինչպես նաև մեր կողմից մշակված համապատասխան ընթացակարգերի շնորհիվ մենք օգնում ենք մեր վստահորդներին հասնել իրենց նպատակին, լինի դա կացության կարգավիճակ կամ քաղաքացիության ձեռք բերում, պատճառելով նվազագույն անհանգստություն։

 

Ընդլայնելով այս ոլորտում մեր ծառայությունները մեր գրասենյակը պլանավորում է մոտ ապագայում խորհրդատվություն և փաստաթղթերի մշակման ծառայություններ տրամադրել ՀՀ քաղաքացիներին կամ այլ երկրների քաղաքացիների, որոնք ցանկանում են ձեռք բերել եվրոպական երկրների կացություն կարգավիճակ կամ քաղաքացիություն։