Արբիտրաժի զարգացման առաջնային նպատակը Հայաստանում պետք է լինի վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ոչ թե դատարանների բեռնաթափումը. Լիլիթ Կարապետյան
23/01/2023
Արբիտրաժի առաջնային նպատակը Հայաստանում պետք է լինի ոչ թե դատարանների բեռնաթափումը, այլ գործարարության ոլորտի խնդիրների արդյունավետ լուծումը: Այս մասին խոսել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն արբիտրաժի զարգացման հարցերին, այդ թվում՝ ՀՀ Առևտրային արբիտրաժի մասին օրենքում 2022 թվականի դեկտեմբերին իրականացված փոփոխություններին նվիրված կլոր սեղան քննարկմանը:
«Հայաստանի Հանրապետության Արբիտրների Ասոցացիա» ՀԿ-ի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մեդիացիոն և Արբիտրաժային (ՀԱՀ ԷյԴիԱր) կլինիկայի կազմակերպած միջոցառմանը Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում 2022թ. դեկտեմբեր ամսին կատարված փոփոխությունների վերաբերյալ իր մոտեցումները, փոփոխություններից բխող հնարավոր իրավական և պրակտիկ խնդիրները, ինչպես նաև խոսել է ոլորտի զարգացման հեռանկարներից:
Նա շեշտել է, որ փոփոխությունները պետք է ծառայեն արբիտրաժի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև զարգացնեն ճիշտ պատկերացումներ վեճերի այլընտրանքային լուծման այդ տարբերակի մասին. այս նպատակներին հասնելը չպետք է խոչընդոտվի օրենքում կատարված նոր փոփոխությունների հետևանքով: