«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը՝ որպես մարզիչ, մասնակցել է Թբիլիսիում կայացած դատախաղերին
10/03/2023
«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը՝ որպես մարզիչ, մասնակցել է Թբիլիսում արդեն 12-րդ անգամ կազմակերպվող տարածաշրջանային դատախաղերին:
Լիլիթը Հայաստանում ֆրանսիական համալսարանում Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին նվիրված դասընթացների շրջանակներում հանդես է գալիս որպես դասախոսի օգնական և այս տարի հանդիսանում է նույն համալսարանի «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին մասնակցող թիմի մարզիչներից մեկը: Թիմի կազմում է նաև Կոնցեռն Դիալոգի կրտսեր իրավաբան Լուսինե Հակոբջանյանը:
Թբիլիսիում կայացած դատախաղերի նախապատրաստմանն ուղղված միջոցառումների շարքը ներառել է երկօրյա դասընթացներ, արբիտրաժի թեմայով կոնֆերանս, ինչպես նաև փորձնական լոկալ դատախաղեր: Մասնավորապես, դասընթացների շրջանակներում անհրաժեշտ տեղեկություններ են փոխանցվել իրավաբան ուսանողներին դատախաղի ժամանակ բանավոր փաստարկները ներկայացնելու ձևի ու կառուցվածքի, առևտրային արբիտրաժի պրակտիկայի վերաբերյալ, որին հաջորդել են արբիտրաժի թեմայով կոնֆերանս ու փորձնական տարածաշրջանային դատախաղերը:
Հնգօրյա միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակը Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի շրջանակում (CLDP) «Արբիտրաժային նախաձեռնություն Վրաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ:
Նշենք, որ Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:
Այս մրցույթն անվանում են նաև «Միջազգային առևտրային իրավունքի օլիմպիական խաղեր»։ Մրցույթի ընթացքում խաղացողները և մարզիչները հնարավորություն են ստանում ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Այս տարի դատախաղը Վիեննայում կանցկացվի 2023 թվականի ապրիլին։