Մասնագիտական բանավեճեր, պրակտիկ սեմինարներ ու կոնֆերանսներ. Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Փարիզի արբիտրաժային շաբաթին
20/04/2023
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Փարիզի արբիտրաժային շաբաթվա միջոցառումներին:
Այն միջազգային իրադարձություն է, որը Փարիզում մեկ հարկի տակ է հավաքում մասնագետների ամբողջ աշխարհից՝ միջազգային գործընկերների, փորձագետների, դասախոսների և ուսանողների հետ ծանոթությունների ու կապերի ամրապնդման համար, հնարավորություն ընձեռում լսելու նշանավոր բանախոսների, ինչպես նաև երիտասարդների մտքերը, որոնք դեր են ունենալու միջազգային արբիտրաժի ապագայի հարցերում:
Լիլիթ Կարապետյանը շաբաթվա ընթացքում մասնակցել է մի կոնֆերանսների և սեմինարների, այդ թվում՝ Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) Միջազգային արբիտրաժի մասին 7-րդ Եվրոպական կոնֆերանսին, ՄԱՊ Համաշխարհային բիզնես իրավունքի ինստիտուտի կազմակերպած սեմինարին դատավարությունների ու գործերի վարման ժամանակ արբիտրների դերի վերաբերյալ: Առանձին սեմինարներ են տեղի ունեցել նաև փաստաբանական գրասենյակներում:
Միջոցառումը կազմակերպել էր արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հարցերով մասնագիտացված Փարիզի արբիտրաժային շաբաթ կազմակերպությունը, որն անցյալ տարվա տվյալներով մեկ հարկի տակ էր հավաքել ավելի քան 10.000 արբիտրաժային ոլորտի մասնակիցների: