Հայաստանում ամերիկյան առևտրային պալատը (AmCham) մեր երկրի առաջատար բիզնես ընկերակցություններից է։ Լիովին անկախ և ինքնաֆինանսավորվող ընկերակցությունում ներգրավված են շուրջ 120 անդամ-կազմակերպություններ՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից: Պալատը հիմնադրվել է 2000 թ.-ին և սերտորեն համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Պալատն իր անդամների շահերը ներկայացնում է Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և հայաստանյան ողջ գործարար համայնքին, խթանում է մրցակցային, թափանցիկ, ազատ և արդար բիզնես միջավայրի ձևավորումը, ինչպես նաև՝ ԱՄՆ և ՀՀ գործարար հարաբերությունների ամրապնդումը։

AmCham-ը հանդես է գալիս իբրև շահերի պաշտպանության հովանի՝ ներկայացնելով իր անդամների շահերն այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են հարկային ու մաքսային ոլորտները:

Պալատը նաև հայաստանյան գործարար կյանքի մասին տեղեկությունների կարևոր աղբյուր է, քանի որ հրատարակում է միակ անգլերեն բիզնես ամսագիրը Հայաստանում։

Կոնցեռն Դիալոգն արդեն 10 տարի է, ինչ ակտիվորեն ներգրավված է ընկերակցության աշխատանքներում և հարթակի միջոցով հնարավորություն ունի բարձրացնելու ընկերության վստահորդների համակարգային խնդիրները պետական մարմինների հետ հարաբերություններում։

Մանրամասները՝ https://amcham.am/current-members/concern-dialog-law-firm-cjsc/

Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի (AHK) գործընկեր՝ Գերմանական տնտեսական միության (ԳՏՄ) նպատակն է խթանել հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Միևնույն ժամանակ այն հայաստանյան ընկերությունների համար հրաշալի հարթակ է՝ գերմանական ձեռնարկությունների հետ կապ հաստատելու և համագործակցային հարաբերությունները զարգացնելու ու ընդլայնելու համար: Ներկայում միությունն ունի ավելի քան 60 անդամ-ընկերություն, որոնք հիմնականում Հայաստանի և Գերմանիայի հանրապետությունների տնտեսական և քաղաքական մարմիններն են։ Դրանց թվում իր ուրույն տեղն ունի Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը՝ որպես իրավաբանական համալիր խորհրդատվություն տրամադրող ընկերություն։

Միությունը ոչ միայն շահեր ներկայացնող կազմակերպություն է, այլ նաև ծառայություններ է մատուցում Հայաստանում և Վրաստանում աշխատող ձեռնարկություններին: ԳՏՄ-ն իր անդամների համար ողջամիտ ժամկետներում անվճար տրամադրում է շուկայի ամփոփ ուսումնասիրություններ։

ԳՏՄ-ին անդամակցությամբ Կոնցեռն Դիալոգը ձեռք է բերում շուկայի վերաբերյալ արժեքավոր հետազոտություններ, միջազգային գործընկերային հարաբերությունների բազմաթիվ հնարավորություններ։ Բացի այդ, որպես ԳՏՄ-ի անդամ, անվճար աջակցություն է ստանում Հայաստանի, Վրաստանի կամ Գերմանիայի հյուպատոսություններին դիմելիս։

Մանրամասները՝ https://dwv.am/ 

Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI FA) ստեղծվել է 2011 թ.-ին և մաս է կազմում Ֆրանսիայի՝ Առևտրի և արդյունաբերության միջազգային (CCI FI) ցանցի, որում ընդգրկված է ավելի քան 120 միություն՝ 92 երկրից։

CCI FA-ի նպատակն է նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական ընկերությունների ներգրավմանն ու հայաստանյան ձեռնարկությունների ներուժը միջազգայնորեն ճանաչելի դարձնելուն:

Պալատի շնորհիվ ֆրանսիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում նախ կազմավորվել և զարգանալ այլ երկրներում` CCI FA-ից ստանալով խորհրդատվական ծառայություններ, մասնավորապես՝ շուկայի համակողմանի ուսումնասիրություն, աջակցություն շուկայում ճիշտ դիրքավորման, տեղայնացման և աշխատավարձերի ճիշտ բաշխման հետ կապված հարցերում, ինչպես նաև՝ իրավաբանական ու տնտեսագիտական բարձրակարգ խորհրդատվություն:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը CCI FA-ի հետ համագործակցության շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ընկերակցությանը դիմած կազմակերպություններին, ինչպես նաև  հնարավորություն է ստանում ներկայացնելու ընկերության վստահորդների շահերը պետության հետ հարաբերություններում։

Մանրամասները՝ https://www.ccifrance-armenie.com/en.html

Հայ-բրիտանական գործարար պալատն օգնում է բրիտանական և հայկական ընկերություններին բիզնես հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ծավալել բազմաճյուղ համագործակցություն։ Պալատն աջակցում է դրանց զարգացմանը՝ առաջարկելով ծառայությունների լայն շրջանակ` սկսած դասընթացների և միջոցառումների կազմակերպումից մինչև շուկայի ուսումնասիրություն, իրավաբանական առաջնային խորհրդատվություն, մասնագիտական բիզնես վերլուծություններ և այլ հարակից ծառայություններ։

Պալատի անդամ-ընկերություններն առանձնանում են բոլոր նախագծերի վերաբերյալ իրենց նորարարական մոտեցմամբ և միջազգային հեռանկարներ ունենալու հաստատուն հավակնություններով։

Պալատն իր շուրջ է համախմբում նաև այնպիսի խոշոր կորպորատիվ և միջազգային կազմակերպությունների, որոնք մեկանգամյա կամ շարունակական համագործակցությամբ փորձում են նպաստել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Կոնցեռն Դիալոգ ընկերությունը, իրավաբանական բարձրակարգ խորհրդատվություն մատուցելով Հայ-բրիտանական գործարար պալատի գործընկերներ կազմակերպություններին, էապես բարձրացնում է իր դերն ու ճանաչելիությունը միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ հայ-բրիտանական գործարար շրջանակներում։ Պալատի հետ համագործակցության շնորհիվ Կոնցեռն Դիալոգը հնարավորություն է ստանում ընկերության միջոցով ներկայացնել վստահրոդների շահերը պետության հետ հարաբերություններում:

Մանրամասները՝ http://abbc.granatus.uk/ 

Առևտրի միջազգային պալատը հիմնադրվել է 1919 թ. Ֆրանսիայում՝ նպատակ ունենալով նպաստել միջազգային առևտրի զարգացմանը, բիզնեսի արդյունավետ ղեկավարմանը, գործարար ոլորտի ներկայացուցիչների համագործակցությանը։ Այն միավորում է ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հազարավոր ընկերություններ ու կազմակերպություններ աշխարհի շուրջ 130 երկրում՝ սերտորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, և կարևոր դեր խաղալով բիզնես միջավայրի զարգացման ու բիզնեսի շահերի պաշտպանության հարցում։ ԱՄՊ-ին անդամակցության միջոցով ընկերությունները մասնակցում են միջազգային առևտրի կանոնների ու ներդրումային քաղաքականության ձևավորմանը։

ԱՄՊ Հայաստանի Ազգային կոմիտեն պաշտոնապես գործում  է 2018 թ.-ի մայիսից: Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը ԱՄՊ Հայաստանի Ազգային կոմիտեի հիմնադիր անդամ է, իսկ ընկերության ավագ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանը՝ ԱՄՊ Արբիտրաժային դատարանի անդամ։

Մանրամասները՝ https://iccwbo.org/

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21