Նարինե Բեգլարյան. ՀՀ Վճռաբեկ դատարանի անդրադարձը թույլատրելի ապացույց եզրույթի վերաբերյալ
26/12/2014
2014թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց “Կոնցեռն-Դիալոգ” ՓԲԸ վստահորդի անունից ընկերության փաստաբան Նարինե Բեգլարյանի ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը՝ սահմանելով, որ վկայի ցուցմունքները թույլատրելի, իսկ վկայի ցուցմունքների և գրավոր ապացույցների համակցությունը բավարար են ապացուցված համարելու համար ՀՀ աշխ. օր. 226 հոդվածի համաձայն բացատրություն պահանջելու փաստը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադարձել է թույլատրելի ապացույց եզրույթին ընդհանրապես՝ սահմանելով ապացույցի թույլատրելիության որոշման կանոնները.
- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով,
- օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում,
- գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Անդրադառնալով ՀՀ քաղ դատ. օր. 51 հոդվածի 1-ին մասին, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
ՀՀ Վճռաբեկ դատարանը ՍԴ/0111/02/13 քաղաքացիական գործով որոշմամբ սահմանել է նաև այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է հիմք չընդունել առաջին ատյանի հաստատած փաստերը.
- Երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և
- Երբ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Վերաքննիչ դատարանը պետք է որպես հիմք ընդունի և իր նախաձեռնությամբ չի կարող քննարկել առաջին ատյանի հաստատած փաստերը, եթե դրանք չեն վիճարկվում վերաքննիչ բողոքում:
Նարինե Բեգլարյան