Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է Chambers Global 2017-ի երկրորդ վարկանիշային խմբում
27/02/2017
Chambers & Partners կազմակերպության նախորդ տարվա գնահատմամբ Կոնցեռն Դիալոգը երրորդ խմբում էր։ 2017-ին փաստաբանական գրասենյակը, վարկանիշային ցուցակում երկրորդ խմբում ընդգրկվելով, վերահաստատում է Chambers & Partners-ի գնահատականներն առ այն, որ Կոնցեռն Դիալոգը հայկական շուկայում շարունակում է պահպանել իր կայուն դիրքը՝ սպասարկելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Այս տարի ևս վարկանիշային գնահատականի են արժանացել ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։ Chambers Global-ի աղբյուրները փաստում են, որ ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը բարձր վարկանիշ ունեցող հմուտ իրավաբան է, փորձառու փաստաբան, որը իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ոչ միայն խրթին դատական գործերի հանգուցալուծման, այլ նաև՝ նոր ձեռնարկություններ ստեղծելու, համագործակցության բարդ պայմանագրեր կազմելու հարցերում։ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, Chambers Global-ի գնահատմամբ, արբիտրաժի և աշխատանքային վեճերի լուծման գիտակ է, որը տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն և առաջարկում գերարդյունավետ լուծումներ: Օրբելյանը հաճախ է հանդես գալիս էներգետիկայի և հանքարդյունաբերության նախագծերի մասին հրապարակումներով և տրամադրում է նշված ոլորտին վերաբերող իրավաբանական խորհրդատվություն։
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։