Երեխայի միջազգային առևանգման ոլորտի խնդիրներն ու լավագույն փորձը Հաագայի կոնվենցիայի շրջանակում․ կազմակերպվել է սեմինար Կոնցեռն Դիալոգի աջակցությամբ
23/03/2023
Ընտանեկան հարցերով զբաղվող իրավաբանները Երևանում կազմակերպել են երկօրյա սեմինար Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի աջակցությամբ անդրսահմանային ընտանեկան վեճերում «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 կոնվենցիայի մեկնաբանության և կիրառության մասին։
Հայաստանից, Վրաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից սեմինարին մասնակցող փաստաբանները, որոնց թվում է եղել նաև Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանը, ներկայացրել են իրենց փորձը ոլորտին առնչվող գործերով։
Սեմինարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Անգլիայի և Ուելսի դատարանների կողմից Կոնվենցիայի կիրառման փորձին և համեմատել այդ պրակտիկան իրենց երկրի դատարանների գործերի հետ:
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի փորձագետները հատուկ քննարկման առարկա են դարձրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինների կողմից երեխային վերադարձնելու մասին կարգադրություններ չտալու իրավասությանը կոնկրետ դեպքերում: Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին վերաբերող մի շարք այլ իրավական միջազգային ակտերի։
Սեմինարի ժամանակ տեղի են ունեցել նաև իրական դեպքերի վերաբերյալ խմբային քննարկումներ կոնվենցիայի կիրառման մի քանի ասպեկտների հետ կապված: Մասնակիցները համակարծիք են եղել, որ Կոնվենցիայի մեկնաբանության ոլորտում ոչ միասնական մոտեցումներն ու մասնագիտացված դատավորների ու փաստաբանների փոքրաթիվ լինելը ոլորտի խնդիրների լուծման հարցում լուրջ մարտահրավեր են։
Երկօրյա միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռել գործնական կապեր հաստատել այլ երկրների գործընկերների հետ։ Ընտանեկան իրավունքի իրավաբանների միջազգային ակադեմիայի (IAFL) անդամ և փոխնախագահ, ընտանեկան իրավունքի իսպանախոս իրավաբանների միջազգային ասոցիացիայի (AUJUDEFA) անդամ Կարոլինա Մարին Պեդրենյոն, ով եղել է սեմինարի բանախոսներից մեկը, ներկայացրել է նաև ակադեմիայի անդամ դառնալու հնարավորությունները։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի պատմությունն սկսվում է 1998թ-ից։ Գրասենյակն իր շուրջ 70 պրոֆեսիոնալների թիմով ծառայություններ է մատուցում իրավաբանության բոլոր ոլորտներում:
Ընկերությունն ունի երկար տարիների փորձառություն նաև ընտանեկան վեճերի լուծման հարցում, այդ թվում՝ անդրսահմանային ընտանեկան վեճերում երեխայի վերադարձն ապահովելու գործերով։