Տեղի է ունեցել սեմինարն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ
17/04/2023
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ-ի աջակցությամբ ապրիլի 14-ին կազմակերպել էր սեմինար ՀՀ քրեական նոր օրենսգրքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն սահմանող կարգավորումների վերաբերյալ։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքի՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ կարող են լինել նաև իրավաբանական անձինք՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետությունում ստեղծված:
Նոր կարգավորումներով քրեական հետապնդման կարող են ենթարկվել ոչ միայն ընկերությունների աշխատակիցները՝ որպես ֆիզիկական անձինք, այլև հենց ընկերությունների համար կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ. տուգանք, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, հարկադիր լուծարում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը և Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի իրավաբանի օգնական Սվետլանա Մկրտչյան մանրամասն ներկայացրել են բոլոր այն հնարավոր դեպքերը, երբ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, ինչպիսին պետք է լինի քրեական հետապնդման գործընթացը, ինչ հետևանքներ կարող են առաջանալ ընկերությունների համար, ինչպիսի գործիքներ կարող են կիրառվել հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար: