Քննարկում ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ. Կոնցեռն Դիալոգը նախաձեռնել է սեմինարների շարք լրագրողների հետ
25/05/2023
Իրավական ինստիտուտներն առավել խորքային և ճիշտ պատկերացնելու և ընթացող գործընթացները բազմակողմանի և ամբողջական լուսաբանելուն աջակցելու նպատակով Կոնցեռն Դիալոգը մայիսի 19-ին կազմակերպել էր լրագրողների հետ նախատեսվող սեմինարների շարքի առաջին միջոցառումը, որը նվիրված էր ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի օրենսդրությանը և արդեն իսկ առկա պրակտիկային:
Սեմինարների շարքը լինելու է շարունակական, որին կմասնակցեն հայաստանյան ամենատարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ամեն հանդիպման ժամանակ ներկայացվելու է այդ փուլում արդիական և լրագրողական աշխատանքին առնչվող առանձին իրավական ինստիտուտներ՝ հաշվի առնելով նշված հարցերով փաստաբանական գրասենյակի թիմում համապատասխան փորձի և ակադեմիական գիտելիքների առկայությունը:
Ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը նախատեսվող շարքի առաջին հանդիպմանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի օրենսդրությունը, դրա մշակման հիմքերը, առկա համարժեք միջազգային փորձը, կիրառման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության խաթարման ռիսկերը: Քննարկումների ընթացքում ներկայացվել է առկա օրենսդրական բացերը և ներքին հակասությունները, դրանցով և այլ հանգամանքներով պայմանավորված և պրակտիկայում արդեն իսկ հանդիպող խնդրահարույց դեպքերը, գործընթացի հիմքում ընկած արժեհամակարգային խնդիրները: Առավել ուշադրություն է դարձվել արդեն իսկ ընթացող գործերի ժամանակ հստակորեն մատնանշված խնդիրներին, ներկայացվել հնարավոր շտկումները և մոտեցումների փոփոխությունները, որոնց ամբողջական իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի ունենալ մարդու իրավունքների առաջնայնություն ապահովող օրենսդրություն և պրակտիկա:
«Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ լրիվ օրինական ստեղծված գույքն այսօր կարող են մարդու ձեռքից վերցնել, ավելին, մարդը ստիպված է լինում մինչև որևէ պաշտոն զբաղեցնելը կամ մինչև ենթադրյալ հանցագործություն կատարելը ձեռք բերված գույքի օրինականությունը հիմնավորել այն պայմաններում, երբ չի պահպանվել տեղեկատվությունը: Օրինակ, եթե մարդը մեղադրվում է 2015 թվականին կատարված հանցանքի մեջ, ապա իրավապահ մարմինները կարող են ստուգել անգամ նրա 1990-թվականների գույքերի օրինականությունը, իսկ դա խնդրահարույց է ապացույցներ հայթայթման ու ներկայացման առումով»,- ասել է Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ այդքան երկար տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ապացույցներ հավաքելը շատ դժվար է արխիվների բացակայության հետևանքով, այդ թվում՝ պետական հաստատություններից: Որոշ դեպքերում ենթադրյալ ապօրինի գույքի ծավալը հասնում է զավեշտալի փոքր թվերի՝ օրինակ գործերից մեկով Դատախազությունը պահանջում է հիմնավորել 1998 թ. ընկերության կանոնադրական կապիտալ վճարված 7.500 ՀՀ դրամի աղբյուրը՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ:
Փաստաբանն առանձին անդրադարձել է նաև այդ գործերով լուսաբանման հարցերին՝ լրագրողների հետ քննարկելով կոնկրետ օրինակներ, բազմակողմանի լուսաբանմանն առնչվող հարցեր՝ շեշտադրվելով, որ անընդունելի է իրավական գործընթացը գնահատել արդեն իսկ «որոշված արդյունքի»՝ անձի օրինախախտ լինելու կանխավարկածից՝ հաշվի չառնելով գործընթացի օրինականությունը, հայցադիմումի հիմնավորվածությունը, ուսումնասիրության ժամկետը, առկա ապացուցողական բազան և գործի այլ հանգամանքները:
Լրագրողները ներկայացրել են նաև իրենց մոտեցումները ոլորտի խնդիրների ու լուսաբանումների վերաբերյալ, տվել կոնկրետ հարցադրումներ իրենց պրակտիկայում արդեն իսկ հանդիպած հարցերի և մոտեցումների մասին: