Խոշտանգման արգելքը բացարձակ է և չի կարող կասեցվել, դադարեցվել կամ չգործել նույնիսկ պետության գոյությունը վտանգի տակ է եղած ժամանակ․ Արամ Օրբելյանի դասախոսությունը փաստաբանների բողոքի գործողությունների շրջանակում

Իրավապահ մարմիններում փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերի բացառման ու կանխարգելման նպատակով Փաստաբանների պալատի հայտարարած եռօրյա բողոքի գործողությունների վերջին օրը տեղի է ունեցել հանրային կրթական մարաթոն, որի ժամանակ դասախոսությամբ է հանդես եկել նաև Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

«Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» թեմայի շրջանակներում նա խոսել է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային պայմանագրերի ու ՀՀ Սահմանադրության կարգավորումներից:

Նա մատնանշել է, որ խոշտանգումների արգելքը ամրագրված է ՀՀ մասնակցությամբ բազմաթիվ միջազգային պայմանագրերում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրում, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայում և մի շարք այլ պայմանագրերում: Արամ Օրբելյանը նշել է, որ մի շարք միջազգային դատական ատյաններ ուղղակիորեն արձանագրել են, որ խոշտանգման բացակայությունը դա ժամանակակից կայացած պետության նկարագրիչներից է, այդպիսի պետություններում որևէ դեպքում և որևէ ձևով և որևէ պարագայում չի կարող հանդուրժվել խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դրսևորումներ:

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտել է, որ ՄԻԵԿ 3-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածն այն հոդվածների շարքին են դասվում, որոնք չեն կարող կասեցվել, դադարեցվել կամ չգործել նույնիսկ այն ժամանակ, երբ պետության գոյությունը վտանգի տակ է, օրինակ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կամ այլ նմանատիպ դեպքերում։ Օրինակ՝ հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը, սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել, իսկ խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ է և ոչ մի պարագայում չի կարող սահմանափակվել։

Բանախոսը մատնանշել է, որ ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ միջազգային պայմանագրերի մեծ մասը հստակ չեն սահմանում խոշտանգումը, սակայն դատական պրակտիկան առանձնացրել է դրանց տարրերը: Նշված պրակտիկան ընդհանուր առմամբ համահունչ է նաև Խոշտանգումների դեմ կոնվենցիայում, համաձայն որի «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց: ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է համահունչ ձևակերպում խոշտանգման հանցակազմի համար:

«Այն, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը, դա բավարար չէ, քանի որ պետությունը պետք է իրացման կառուցակարգեր ունենան․ խոշտանգումը պետք է ունենա իրավական հետևանք խոշտանգողի համար, հակառակ դեպքում խաթարվում է արդարադատության բուն էությունը»,- մանրամասնել է Արամ Օրբելյանը։

Նա մտահոգություն է հայտնել նաև վերջին շրջանում Ոստիկանական բաժանմունքներում և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքերի հետ կապված՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք պետք է արձանագրվի և մանրամասն քննության առարկա դառնա։

Արամ Օրբելյանը պակաս կարևոր չի համարել խոշտանգման ձևերից անձին հոգեկան տառապանք պատճառելը պետության ներկայացուցչի կողմից, որը նույնպես, ցավոք, առկա է Հայաստանում։ Որպես օրինակ փաստաբանը բերել է կոնկրետ օրինակ, երբ վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ իմանալով, որ անձն անմեղ է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և ստացել կալանքի որոշում, որպեսզի այդպիսով պատժի այդ անձի հարազատին և ստիպի ներկայանալ իրավապահ մարմիններին։

Բանախոսը առավելապես կարևորել է դատարանների դեր, նշելով, որ եթե գործի շրջանակներում արձանագրվել է խոշտանգում, ապա քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ընդհանրապես, և ոչ թե բացառապես սահմանափակվի ապացույցի անթույլատրելի ճանաչելով, որպեսզի ընդհանրապես բացառվի դրա դրսևորումները:

Միջազգային իրավունքի մասնագետը նշել է, որ խոշտանգումների խնդիրը առկա է բազմաթիվ երկրներում, և դրա դեմ պայքարը պետք է լինի շարունակական և սկզբունքային, ներառի հանրության լայն շրջանակները, ներառի ուսումնական և տեղեկատվական տարրեր, որպեսզի հասարակության մոտ նույնպես ճիշտ ընկալումներ լինեն, ինչի պայմաններում միայն հնարավոր կլինի արդյունավետ պայքարել խոշտանգումների և վատ վերաբերմունքի բացառման դեմ:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21