Օտարերկրյա դատարանի՝ հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը Հայաստանում
19/09/2020
Թիվ ԵԴ/0049/16/18 քաղաքացիական գործով Հայաստանի դատարանները քննության առարկա են դարձրել օտարերկրյա դատարանի՝ հայցի ապահովման մասին որոշման ճանաչում: Օտարերկրյա դատական ակտը ներկայացվել է ճանաչման փոխադարձության հիմքով, քանի որ տվյալ երկրի և Հայաստանի միջև միջազգային պայմանագիր կնքված չէ:
Փոխադարձությունը, որպես օտարերկրյա դատարանի ակտի ճանաչման հիմք, ի լրումն միջազգային պայմանագրի հիմքի, ներմուծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրություն ՀՀ քաղաքացիական դատավարություն 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարություն 2018 թվականի օրենսգրքի նորույթ է եղել նաև օտարերկրյա դատարանի՝ հայցի ապահովման մասին որոշման ճանաչման հնարավորության նախատեսումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ հարուցվել է դիմումի քննությունը, դիմումը բավարարել էր՝ ճանաչելով օտարերկրյա դատարանի հայցի ապահովման միջոցի մասին որոշումը և թույլատրելով Հայաստանի Հանրապետության տարածքում դրա կատարումը: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել էր նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և վերացրել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադարձության սկզբունքի հիման վրա ճանաչման ենթակա չէ:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննության առարկա դարձնելով գործով ներկայացված վճռաբեկ բողոքը, անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրմանը․
արդյո՞ք օտարերկրյա պետությունների դատարանների հայցի ապահովման մասին որոշումների նկատմամբ կարող է կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը:
Խնդիրը կայանում էր նրանում, որ օրենսդիրը նախատեսելով հայցի ապահովման մասին որոշումների ճանաչման հնարավորություն, չի բացառել ուղղակիորեն, որ դրանք չեն կարող ներկայացվել փոխադարձության հիմքով: Միևնույն ամանակ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի պարունակում դետալները հայցի ապահովման միջոցների ճանաչման գործընթացի վերաբերյալ, և սահմանափակվում է միայն ընդհանուր նշումով, որ հայցի ապահովման միջոցները նույնպես կարող են ճանաչվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել էր, որ այդպիսի բացառություն առկա է, այն է՝ փոխադարձության հիմքով օտարերկրյա դատարանի հայցի ապահովման մասին ակտերը չեն կարող ներկայացվել ճանաչման:
ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ օտարերկրյա պետությունների դատարանների հայցի ապահովման մասին որոշումների ճանաչման նկատմամբ կիրառելի է փոխադարձության հիմքը:
Մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ արձանագրել է․
- Հայաստանում կարող են ճանաչվել բոլոր այն երկրների դատական ակտերը, որտեղ առկա է հայաստանյան դատական ակտերի ճանաչման և/կամ կատարման պրակտիկա, կամ նվազագույնը այն երկրներում, որոնց օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը․
- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածով, սահմանվելով փոխադարձության գոյության կանխավարկածը, դատավարության մյուս կողմի վրա է դրվել փոխադարձության բացակայության ապացուցման պարտականությունը:
Ամփոփելով, թիվ ԵԴ/0049/16/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացված որոշմամբ ամրագրվում է, որ
- ՀՀ֊ում օտարերկրյա դատական ակտերը, այդ թվում՝ հայցի ապահովման միջոցների վերաբերյալ կայացված ակտերը կարող են ներկայացված ճանաչման և միջազգային պայմանագրի, և փոխադարձության հիման վրա․
- փոխադարձությունը համարվելու է գոյություն ունեցող, քանի դեռ այն կողմը, որը վկայակոչում է դրա բացակայությունը, չապացուցի հակառակը: