«Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիա կիրարկումը Հայաստանի կողմից

 

Սույն հոդվածի շրջանակներում քննարկվում են երեխայի միջազգային առևանգման հետ կապված հարաբերությունները՝ «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) համատեքստում (Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի մեկից), միաժամանակ անդրադարձ կատարելով Կոնվենցիայով ամրագրված իրավունքների՝ ներպետական դատարաններում իրացման մեխանիզմներին:

Կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային իրավական համագործակցության միջոցով ծնողներից մեկի կողմից առանց մյուս ծնողի համաձայնության մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկիր տեղափոխված երեխային անհապաղ վերադարձնելն է: Ընդ որում, այս նպատակի իրագործման համար պայմանավորվող պետությունները, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող ամենաարագ ընթացակարգերը:

Թեև Կոնվենցիայում օգտագործված է «առևանգում» տերմինը, այդուհանդերձ, այն չպետք է մեկնաբանվի քրեաիրավական իմաստով, քանի որ Կոնվենցիան վերաբերում է միայն երեխայի միջազգային առևանգման քաղաքացիաիրավական ձևերին և դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ: Մասնավորապես՝ Կոնվենցիայի 3-րդ և 12-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ «առևանգում» հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը, իսկ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է համարվում այն դեպքում, երբ`

1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

Ընդ որում, վերը թվարկված իրավունքների՝ Կոնվենցիայով սահմանված պաշտպանությունը տրամադրվում է միայն 16 տարին չլրացած երեխաներին, իսկ երեխայի 16 տարին լրանալուց հետո Կոնվենցիայի կիրառումը վերջիններիս նկատմամբ դադարում է:

Կոնվենցիայով ամրագրված են նաև այն մարմինները, որոնք իրավասու են զբաղվել երեխաների անօրինական տեղափոխման և պահման հետ կապված հարցերով: Մասնավորապես, այդպիսիք են Կենտրոնական մարմինը, դատարանը և վարչական մարմինը, որոնցից յուրաքանչյուրն օժտված է որոշակի իրավունքներով և կրում է որոշակի պարտականություն: Այսպես՝ Կոնվենցիայով սահմանված է, որ դրանում ամրագրված նպատակներն իրագործելու համար Պայմանավորվող պետությունները պետք է նշանակեն Կենտրոնական մարմին` նրա վրա դնելով նույն կոնվենցիայով նախատեսված պարտականությունները, որոնք, ի թիվ այլի, ներառում են այլ Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինների հետ համագործակցությունը, Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանն օժանդակելը՝ երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, դատական և վարչական ընթացակարգերի նախաձեռնումը, այդ ընթացակարգերին նպաստելը և այլն:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի թիվ 952-Ն որոշմամբ Կոնվենցիայով նախատեսված նպատակների իրագործման համար որպես ՀՀ կենտրոնական մարմին է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Ինչ վերաբերում է Կոնվենցիայիում նշված վարչական մարմիններին, ապա խոսքն այն մարմինների մասին է, որոնց Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից վերապահվել է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Ընդ որում, վարչական մարմինը չի կարող համընկնել Կենտրոնական մարմնի հետ, քանի որ Կոնվենցիան հստակ տարանջատում է այդ մարմինների լիազորությունները:

Կոնվենցիայով նախատեսված նպատակները ներպետական օրենսդրությամբ ամրագրելու նպատակով 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերի նոր տեսակ՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը: 

Դատարանը Կենտրոնական մարմնի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ներկայացվելու հաջորդ օրը, միաժամանակ նույն որոշմամբ դատարանն արգելում է պատասխանողին մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը փոխել երեխայի բնակության վայրը: Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Դատարանը կամ վարչական մարմինները կարող են մերժել երեխային վերադարձնելու վերաբերյալ դիմումը, եթե ապացուցվում է, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:

Քննարկվող հարցի շրջանակներում հարկ է նշել նաև, որ թեև Կոնվենցիան սահմանում է, որ ցանկացած պետություն կարող է միանալ դրան, այդուհանդերձ, այն իրավական ուժ ունի միայն միացած պետության և այն պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք հայտարարում են այդ միանալու վերաբերյալ իրենց համաձայնությունը, ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ: Այսինքն՝ Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում Կոնվենցիայով ամրագրված մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ է ոչ միայն տվյալ կոնվենցիային նրանց մասնակցությունը, այլև այդ պետությունների միջև հարաբերություններում Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ լրացուցիչ փոխադարձ համաձայնության առկայությունը: Ընդ որում Կոնվենցիայով ամրագրված մեխանիզմների կիրառումը չի սահմանափակում այլ ընթացակարգերի կիրառման հնարավորությունը:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21