Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Այլընտրանքային ներդրումային գործիքների վերաբերյալ պանելային քննարկմանը

«Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված այլընտրանքային ներդրումային գործիքներին Հայաստանում։ Պանելի ժամանակ քննարկվեցին Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով օրենսդրական փոփոխությունները՝ կապված ՍԵՅՖ պայմանագրերի (SAFE), փոխարկելի փոխառությունների (convertible loan) և օպցիոն համաձայնագրերի հետ: Քննարկմանը մասնակցում էին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Լիլիթ Կարապետյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանը , Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի տնօրեն Ռուբեն Օսիպյանը,  «Ֆորմուլա» վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը,  ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը։ 

Լիլիթ Կարապետյանը քննարկման ընթացքում ընդգծեց, որ փոխարկելի փոխառությունների վերաբերյալ նախկինում ամրագրված արգելքը զգալի խոչընդոտներ էր ստեղծում ընկերությունների գործունեության ընթացքում:

«Այս գործիքի բացակայության պայմաններում ընկերությունները ստիպված էին լինում ավելի բարդ մեխանիզմներ որդեգրել՝ ընկերության ֆինանսավորումը ապահովելու կամ ներդրումներ ներգրավելու համար: Օրենսդրական փոփոխությունները թույլ կտան ներդրողներին ապահովել իրենց մասնակցությունը ընկերության աճին՝ պարտքը ապագայում բաժնեմասերի վերածելու հնարավորությամբ»,- նշել է Լիլիթ Կարապետյանը: Մասնագետը նաև ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությամբ այս գործիքների ամրագրումը ճանապարհի միայն առաջին քայլն է, և անհրաժեշտ է շարունակական ուշադրության ներքո պահել գործիքները՝ դրանց կիրառման հետ կապված պրակտիկ խնդիրները վեր հանելու և լուծելու համար:

Միջոցառման ընթացքում քննարկվել է նաև ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity) գործիքի հետ կապված օրենսդրական փոփոխությունները, որը հատկապես տարածված է սիլիկոնային հովտում և այլ զարգացած ստարտափ էկոհամակարգերում:

Պանելիստները ընդգծել են դրա վերաբերյալ կարգավորումների անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանում ևս արդեն իսկ կիրառվում է այս գործիքը:

Միջոցառման մասնակիցները միաձայն նշել են, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն և արագացվեն՝ հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու համաշխարհային փորձը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից՝ ՎԶԵԲ-ի և Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21