Կոտրելով կաղապարները. Արթուր Հովհաննիսյանի մասնագիտական ուղին և փիլիսոփայությունը

Ճանապարհ

Պետական համակարգում անցկացրած 14 տարիները լի էին արմատական փոփոխություններով։ 2000-ականներից, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, սկսվեց դատաիրավական բարեփոխումների ակտիվ փուլ։ Իմ ղեկավարած բաժինը, հետո նաև վարչությունը ներգրավված էին բոլոր առանցքային գործընթացներում՝ քրեական նոր օրենսգիրք, քրեակատարողական և դատական համակարգեր, դատավարական օրենսգրքեր։ Ես կամ համակարգում էի այդ աշխատանքները, կամ անմիջականորեն մշակում օրենսդրական նախագծերն ու դրանցից բխող կառավարության որոշումները։ Հենց այդ շրջանում զբաղվեցինք նաև փաստաբանական համակարգի արմատական բարեփոխմամբ՝ «Փաստաբանության մասին» նոր օրենքի ընդունմամբ, Փաստաբանական պալատի և Փաստաբանական դպրոցի հիմնադրմամբ։

Այս ամենի ընթացքում ես միշտ հստակ գիտակցում էի. լիարժեք իրավաբանությունը միայն օրենք կամ որոշում գրելը չէ։ Իրավունքի առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, փաստաբանությունը, իրավախորհրդատվությունն ու դատարանում արդարադատություն իրականացնելը։ Տեսությունն ու Սահմանադրությունն իմանալը պարտադիր հիմք են, բայց բուն ակտիվ պրոցեսը հենց պաշտպանության դաշտում է։

Ինձ միշտ ձգում էր իրավապաշտպան գործունեությունը։ Նախարարությունում աշխատելուն զուգահեռ՝ երբեմն դատարանում պաշտպանում էի իրավական խնդիրներ ունեցող ընկերներիս շահերը (այն ժամանակ օրենքը դա թույլ էր տալիս նաև ոչ փաստաբաններին), և դատարանում հանդես գալու պրոցեսն ինձ մեծ բավականություն էր պատճառում։ Արդեն գիտեի, որ ինչ-որ փուլում անցնելու եմ ակտիվ փաստաբանության, ուստի ստացա նաև փաստաբանական արտոնագիր։ Սակայն պետական համակարգում գործընթացներն այնքան արագ էին զարգանում, որ թողնելն ու դուրս գալը հեշտ չէր։

Այդ կաղապարներից ու «հարմարավետության գոտուց» վերջնականապես դուրս գալուն օգնեց Ֆլեթչերի դպրոցում (Fletcher School) սովորելը, ինչը բեկումնային եղավ մտածելակերպիս փոփոխման համար։ Վերադառնալուց հետո նոր ձևավորված Փաստաբանների պալատի նախագահից առաջարկ ստացա դառնալ տեղակալ։ Ինձ գրավեց ոչ միայն զարգացող համակարգ գնալու հեռանկարը, այլ այն, որ հնարավորություն էի ունենալու պալատի գործառույթներին զուգահեռ զբաղվել նաև մասնավոր փաստաբանությամբ։ Միջավայրի փոփոխության տեսանկյունից դժվար էր բաժանվել Արդարադատության նախարարությունից, որտեղ իմ անմիջական ղեկավարը փոխնախարար Արամ Օրբելյանն էր, բայց նոր հորիզոններն ավելի հրապուրիչ էին, և ես առանց երկմտելու ընդունեցի առաջարկը։

Մարտահրավեր և վերադարձ. երբ աշխատանքը խլում է ժամանակը ընտանիքից

Հետագայում ստացա նոր, չափազանց պատասխանատու առաջարկ պետական համակարգից․ ստանձնել արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Դա մեծ մարտահրավեր էր, և ես ընդունեցի այն երկու պատճառով․ հասցրել էի կարոտել նախարարության միջավայրը և ցանկանում էի ստուգել սեփական ուժերիս սահմանները /իհարկե, նաև քաջ գիտակցում էի, որ քաղաքական պաշտոնը ժամանակավոր է/։ Սահմանադրական փոփոխություններից հետո սկսվել էր հսկայածավալ օրենսդրական ակտերի մշակման նոր շրջափուլ, և ես վերադարձա ինձ հարազատ միջավայր՝ համակարգելու այն, ինչ անում էի նախկինում։

Աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը ահռելի էին. անվերջանալի նիստեր, քննարկումներ։ Ես սիրով էի անում իմ գործը, բայց կար մի մեծ «բայց». ընտանիքիս հետ անցկացվող ժամանակը կտրուկ նվազել էր։ Հիշում եմ՝ մի օր տուն եկա երեկոյան ժամը ութին, և երեխաներս անակնկալի եկան, որ հայրիկին այդքան շուտ են տեսնում։ Սակայն, նույնիսկ այդ գերծանրաբեռնվածության պայմաններում, անորոշության կամ մոլորվածության զգացողություն երբևէ չեմ ունեցել։

Փաստաբանական ազարտ և ներքին առավելություն

Մասնագիտական ազարտի տեսանկյունից բացարձակ առաջատարը փաստաբանությունն է։ Ոչ մի օրենքի նախագծի մշակում չի կարող համեմատվել այն աննկարագրելի հաճույքի հետ, երբ լսում ես մի բարդ դատական գործով հաղթական ակտի մասին, որի մեջ հոգի ես դրել։ Թեև մեզ միշտ սովորեցնում են մասնագիտորեն տարանջատվել և չնույնականանալ վստահորդի հետ, միևնույն է՝ այդպիսի պահերին ապրում ես այդ հաղթանակը որպես քո անձնական մեծագույն ձեռքբերում։

Այսօր, երբեմն ստիպված լինելով պայքարել հենց այն համակարգի դեմ, որտեղ անցկացրել եմ 14 տարի, ինձ հսկայական առավելություն է տալիս ներքին խորը փորձառությունը։ Ես ուղնուծուծով գիտեմ, թե այն կողմից պաշտպանությունն ինչպես է կառուցվելու, և կանխատեսում եմ նրանց կողմից հնչեցվելիք հարցերը։ Համակարգը ներսից իմանալը անգնահատելի զենք է փաստաբանի համար։ Ավելին՝ այն օրենսդրությունը, որի հիման վրա այսօր իրականացվում է արդարադատությունը, մեծամասամբ մշակվել է իմ աշխատած տարիներին։ Պետական համակարգն ինձ չի լճացրել, ընդհակառակը՝ ես կարողացել եմ այդ փորձառությունը լիարժեքորեն ծառայեցնել իմ փաստաբանական հաջողություններին։

Անձնական տարածություն. լիցքաթափվելու արվեստը

Արթուրը Արթուր չէ առանց իր ընտանիքի։ Առանց կնոջս ես պարզապես դատարկ կլինեի։

Իսկ ինչ վերաբերում է նախասիրություններիս, որոնց մասին գործընկերներս գուցե չգիտեն. դրանք բազմազան են։ Մի օր կարող եմ խորասուզվել էլեկտրոնիկայի կամ ծրագրային ապահովման մեջ, մեկ այլ օր՝ զբաղվել հողագործությամբ։ Կինս ասում է, որ ես երբեք չեմ նյարդայնանում։ Հենց այդ նախասիրություններն են ինձ օգնում լիարժեք անջատվել աշխատանքային առօրյայից, լիցքաթափվել և հանգստացնել ուղեղս։

Իրավունքը մաթեմատիկա չէ. հաղթական իմպրովիզներ և էքսպերիմենտներ

Կոնցեռն Դիալոգը փորձարարական (էքսպերիմենտալ) արդարադատության ջատագովներից է։ Երբ գործող օրենսդրությունը կարդալիս թվում է, թե միայն մեկ ակնհայտ ճանապարհ կա, մենք թիմով փորձում ենք խնդրին մոտենալ բոլորովին այլ, ոչ ստանդարտ անկյունից։ Ու շատ լուրջ, գերբարդ գործերով մեր այդ փորձարկումները փայլուն արդյունքներ են տվել։

Դատական պրոցեսների ընթացքում էլ ենք հաճախ դիմում նման քայլերի։ Իրավաբանությունը մաթեմատիկա չէ. այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կձևակերպես հարցը, ինչպես կպատկերես ու ցույց կտաս իրավիճակը։ Ճիշտ մատուցմամբ դու կարող ես ստանալ լրիվ այլ պատկեր և հասնել հաղթանակի։

Կոնցեռն Դիալոգի ֆենոմենը. ազնվություն և անփոխարինելի թիմ

Մեր ընկերության չափերն ու մեծ թիմը զգալիորեն հեշտացնում են աշխատանքը։ Երբ խնդիրը քննարկում ես մեծ և պրոֆեսիոնալ թիմով, լուծումներն ավելի արագ են գտնվում, իսկ վստահության զգացումն ու որակը բազմապատկվում են։ Մեր ամենակարևոր կորպորատիվ արժեքներից մեկը ազնվությունն է։ Մենք բացարձակ ազնիվ ենք մեր վստահորդների հետ և երբեք զուր, սին խոստումներ չենք տալիս։

Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չի առանց․․․

Կոնցեռն Դիալոգն անհնար է պատկերացնել առանց Արամ Օրբելյանի։ Նա կարողանում է ընկերությունը միշտ պահել բարձունքներում՝ սկսած նորարարություններից մինչև ոչ ստանդարտ լուծումների կիրառումը։ Մեզ հաջողվել է ստեղծել մի յուրահատուկ միջավայր, որտեղ աշխատանքի ծավալը շատ է, բայց սթրեսը՝ նվազագույն։ Ընդմիջումների ընթացքում ջերմ քննարկումները, իսկական ընկերասիրությունը ստեղծում են մի վայր, ուր յուրաքանչյուր աշխատակից ամեն օր ուզում է վերադառնալ։

Ուղեցույց իրավաբանական աշխարհում

Եթե Կոնցեռն Դիալոգը մի օր վերածվեր գրքի, այն կկրեր «Ինչպիսին պետք է լինի փաստաբանական գրասենյակը. գործնական ուղեցույց» վերնագիրը։ Իսկ իմ մասին էջում կցանկանայի, որ գրված լիներ ընդամենը մեկ տող. «Դատական ներկայացուցչության և պաշտպանության հմտությունների մասին ամեն ինչ կարող եք հարցնել Արթուր Հովհաննիսյանից»։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21