Դիալոգը մարդիկ են․ Շուշանիկ Ստեփանյան

Իրավաբանական կրթություն ստանում են շատերը, սակայն ոչ բոլորն են մնում ոլորտում։ Ի՞նչն է Շուշանին պահել այս մասնագիտության մեջ և դարձել առաջ մղող ուժ։

Առաջ մղող ուժը խնդիրներ լուծելու hանդեպ իմ սերն է և անդադար սովորելու հնարավորությունը։ Անգամ ամենածանոթ իրավիճակներում միշտ կա մի դետալ, որը ստիպում է նորովի մտածել։

Փաստաբանության մեջ ինձ հատկապես գրավում է ոչ ստանդարտ լուծումներ գտնելու դաշտը։ Փորձս հաճախ է ապացուցել. երբեմն նույնիսկ անհնարին թվացող իրավիճակներում նոր ու ինքնատիպ տեսակետը դառնում է ամենաարդյունավետը։

Իսկ ինչպե՞ս ընտրեցի այս ճանապարհը։ Դպրոցում բոլոր առարկաները լավ էի սովորում, բացի մաթեմատիկայից, ու շատ դժվար էր կողմնորոշվել։ Ավարտական դասարանում ընտանիքով կոնսիլիում արեցինք, «գցեցինք-բռնեցինք» ու որոշեցինք՝ իրավաբան /ծիծաղում է/։

Ինձ համար ուղղորդող հանգամանք էր այն, որ իմ հորեղբոր տղան՝ Դուշման Վարդանը, սովորել էր իրավագիտության ֆակուլտետում։ Ինձ համար կարևոր էր Ստեփանյանների ցեղից հենց նրա ուղով գնալը։ Հետաքրքիր զուգադիպություն էլ եղավ. հենց իր անվան լսարանում եմ սովորել։

Հենց սկզբից էլ շատ սիրեցի իրավագիտությունը։ Սկզբում քրեական իրավունքն էր դուր գալիս, հետո քաղաքացիականը։ Մի օր որոշեցինք, որ քրեականն ամեն դեպքում ծանր կլինի։

Ո՞ր երեք բառերով կարելի է ամենադիպուկը նկարագրել իրավաբանության էությունը՝ որպես մասնագիտություն։

Արդարություն, պաշտպանվածություն, շահերի հավասարակշռում։ Սրանք են այն հենքերը, առանց որոնց իրավաբանությունը դառնում է պարզապես թղթերի շարժում։ Երբ այս երեքը կան, իրավաբանությունը դառնում է արվեստ։

Ի՞նչն է հատկապես կարևորը աշխատանքային իրավունքի մասնագետի աշխատանքում։

Աշխատանքային իրավունքը շատ ավելի ֆորմալիստական է, քան իրավունքի մյուս ճյուղերը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ում շահերն ես ներկայացնում։ Գործատուի դեպքում այլ է, աշխատակցի դեպքում՝ լրիվ այլ։ Գործատուների պարագայում շատ կարևոր է ստանդարտացված փաստաթղթաշրջանառությանը հետևելը, իսկ աշխատողների դեպքում ամեն ինչ մի քիչ այլ է. այստեղ ավելի շատ անհատական մոտեցում է պետք, քանի որ յուրաքանչյուր աշխատողի պատմություն տարբեր է։

Մի բան, որ շատ կարևոր է աշխատանքային իրավունքում․ չմոռանալ, որ փաստաթղթի հետևում մարդ կա։ Ինչքան էլ ստանդարտացված լինի գործընթացը, վերջում դու գործ ունես մարդու հետ, ով կարող է անհանգստացած լինել, շփոթված կամ վախեցած։ Դա պետք է հիշել ամեն քայլափոխի։

Ի՞նչն է օգնում բարդ իրավիճակներում։

Իրականում ես զգացմունքային մարդ եմ և գործը շատ սրտիս մոտ եմ ընդունում։ Ինչքան էլ փորձում եմ «չնույնանալ» վստահորդի հետ, ինչը, ի դեպ, փաստաբանի էթիկայից է բխում, շատ հաճախ հետ եմ կանգնում, ասում ինքս ինձ. «Հանգստացի՛ր, հավաքվի՛ր»։

Ինձ շատ է օգնում դատարանի փորձը։ Երբ տեսնում եմ, որ մյուս կողմի փաստաբանը փորձում է ինձ հունից հանել, ասում եմ ինքս ինձ. «Սա գործ է, դու դատարանի համար ես այս աշխատանքն անում»։ Մի հատ հետ եմ կանգնում, շունչս հավաքում, իրավիճակը կողքից եմ տեսնում ու նորից առաջ գնում։

Ամենադժվարը, երբ դիմացինը չի հասկանում այն, ինչ բացատրում ես․․․։ Բայց դա էլ մասնագիտության մի մասն է։

Հինգ տարեկան երեխային ինչպես բացատրել, թե ինչու են մարդկանց միջև անհրաժեշտ «խաղի կանոններ»։

Պատկերացրու, որ բոլորս միասին խաղում ենք։ Եթե ոչ ոք չիմանա, թե ով երբ է խաղում, ինչ կարելի է անել, և ինչ չի կարելի, ապա բոլորը կսկսեն վիճել, նեղանալ կամ իրար խանգարել։ Իսկ երբ կան խաղի կանոններ, բոլորը հասկանում են, թե ինչպես խաղալ, որպեսզի լինի արդար, անվտանգ և ուրախ։ Մարդկանց միջև էլ կան նման կանոններ, որպեսզի նրանք կարողանան հասկանալ միմյանց, չխանգարել և չվիրավորել իրար` ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելով խաղը:

Ո՞ր ամենակարևոր սկզբունքներն են դրված աշխատանքային հարաբերությունների կարգավորման հիմքում։

Առաջինը փոխադարձ հարգանքն է։ Աշխատողն ու գործատուն հավասար կողմեր են, ոչ թե տեր ու ծառա։ Դա հիմքն է ամեն ինչի. առանց հարգանքի ոչ մի լուրջ հարաբերություն չի կարող կառուցվել։

Երկրորդը թափանցիկությունն է։ Պայմանները պետք է լինեն հստակ, որպեսզի հետո անակնկալներ չլինեն։ Ոչ ոք չի սիրում անակնկալներ, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին ու ապրուստին:

Երրորդը արդարությունն է։ Ոչ թե բոլորին նույն չափով, այլ յուրաքանչյուրին՝ իր վաստակին ու ներդրմանը համապատասխան։ Դա ամենաբարդն է, որովհետև արդարությունը յուրաքանչյուրն իր ձևով է հասկանում, բայց առանց դրան ձգտելու ոչ մի աշխատանքային մթնոլորտ առողջ չի լինի։

Ի՞նչ փոփոխություններ կուզեր Շուշանը տեսնել աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման մեջ, ի՞նչ կարևոր հնարավորություններ են այսօր բացակայում նորմատիվ իրավական ակտերում։

Փորձը ցույց է տալիս, որ գործող օրենսդրությունը գործատուների համար շատ խնդրահարույց է։ Ինչքան էլ մենք պնդենք, որ աշխատողներն ավելի խոցելի են, և դա ճշմարտություն է, բայց մեր օրենսդրության մեջ հավասարակշռությունը շատ է շեղված հօգուտ աշխատողների։

Շատ հաճախ բարեխիղճ գործատուները ոչ բարեխիղճների հետ նույն «արշինով» են չափվում։ Գործատուների իրավունքներն այնպես են ոտնահարվում, որ բիզնեսի համար մեծ կորուստներ են առաջանում։ Կուզենայի, որ հավասարակշռության մեխանիզմները մի քիչ ավելի արդար լինեն աշխատանքային իրավահարաբերություններում։ Ի վերջո, առողջ բիզնեսը առողջ աշխատողների և առողջ գործատուների համադրություն է:

Պակասում են նաև ճկուն մեխանիզմները՝ կողմերին հաշտեցնելու և բանակցությունների միջոցով հարցերը լուծելու համար։ Մենք շատ ենք ապավինում դատարանին, բայց աշխատանքային հարաբերություններում շատ հարցեր կարելի է լուծել առանց դատարանի, եթե լինեին համապատասխան ինստիտուտներ ու մշակույթ։ Այս առումով շատ բան ունենք անելու։

Ինչո՞վ է Կոնցեռն Դիալոգն առանձնանում մյուս ընկերություններից։

Խնդիրներին արդար և մարդկային լուծումներ տալով։ Շատ ընկերություններ կենտրոնանում են պրոցեսի վրա, մենք՝ արդյունքի, բայց ոչ թե ամեն գնով, այլ այնպես, որ մարդը դուրս գա գրասենյակից թեթևացած, ոչ թե ջարդված։

Կոնցեռն Դիալոգում քեզ կարող ես թույլ տալ սխալվել, փորձել, նոր մոտեցումներ առաջարկել։ Սա այն միջավայրն է, որտեղ խրախուսվում է մտածելը, այլ ոչ թե պարզապես հրահանգներ կատարելը։

Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ արժեքներից ո՞րը կառանձնացներ Շուշանը։

Ազնվությունը։ Որովհետև առանց ազնվության ոչ մի արժեք չի կայանում։ Վստահորդի հետ, գործընկերների հետ, դատարանի հետ՝ ամենուրեք: Ազնվությունը կարող է թանկ արժենալ կարճաժամկետում, բայց երկարաժամկետ միակ ճիշտ ճանապարհն է:

 Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չէ առանց․․․

Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չէ առանց Արամ Օրբելյանի, Նարինե Բեգլարյանի և Արթուր Հովհաննիսյանի։ Իրենք են Դիալոգին համ ու հոտ տվողը։ Ինձ համար Կոնցեռն Դիալոգը մարդիկ են՝ իրենց պատմություններով, մոտեցումներով ու յուրահատուկ մթնոլորտով, որը չես գտնի ուրիշ ոչ մի տեղ:

 Շուշանիկը Շուշանիկ չէ, եթե…

Շուշանիկը Շուշանիկ չէ, եթե հումոր չկա: Չես կարող այս մասնագիտության մեջ ապրել առանց հումորի. երբեմն դա միակ փրկությունն է: Եթե չես կարողանում ծիծաղել իրավիճակի վրա, ապա այն կարող է քեզ ջախջախել: Իսկ մենք ընտրել ենք ծիծաղելը:

Ինչպե՞ս էնախընտրում հանգստանալ Շուշանը։

Ես շատ եմ սիրում քնել: Հանգստանալու համար ֆիլմ եմ նայում կամ գիրք կարդում։

Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կտաք դրան։

Գիրքը կունաներ այս վերնագիրը․ «Կոնցեռն Դիալոգ․ Խաղի կանոններից դուրս մտածելու արվեստը»։ Իսկ իմ մասին հավանաբար այսպիսի մի բան կցանկանայի գրվեր․»Իրավունքը նրա համար մասնագիտություն չէր միայն. այն մարդկանց նկատմամբ պատասխանատվություն էր, որը նա կրում էր բարձր պրոֆեսիոնալիզմով և անփոփոխ մարդկայնությամբ»։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21