«Արդարություն՝ առանց անտարբերության». Սոֆյա Խառատյան
28/07/2026
Դասարանի Ռոբին Հուդը. Ինչպե՞ս մանկության մղումը դարձավ կոչում
«Հիշում եմ՝ դեռ փոքր տարիքում, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, պատասխանս միանշանակ էր՝ դատավոր։ Բոլոր միջավայրերում՝ ընտանիքում, ընկերների շրջապատում, թե բակային խաղերում, ես միշտ ձգտել եմ հասնել արդարության։ Իմ գլխավոր նպատակը եղել է թույլերին օգնելն ու պաշտպանության կարիք ունեցողների կողքին լինելը։
Դպրոցական տարիներին դասղեկս մի անգամ կանչեց ինձ ու ասաց, որ ես ինձ դասարանի «Ռոբին Հուդի» տեղն եմ դրել՝ փորձելով բոլորին օգնել, մինչդեռ ամեն մեկը պետք է սովորի ինքն իրեն օգնել։ Այնուամենայնիվ, այդ ներքին մղումը միշտ մնաց ինձ հետ։
Մասնագիտության ընտրությունը հեշտ ստացվեց. թեև սկզբում տատանվում էի բժշկության ու իրավաբանության միջև, բայց շատ արագ հասկացա, որ միանշանակ ընտրում եմ իրավաբանի ուղին։
Թեև երրորդ կուրսից խորանում էի քրեական իրավունքի մեջ, աստիճանաբար հասկացա, որ քրեական ոլորտն իմը չէ, թեև իրավաբանությունն ինքնին ավելին էր, քան պարզապես աշխատանք։
Ընտանեկան իրավունքի ոլորտում մասնագիտացումս ստացվեց բավականին պատահական։ Գրասենյակում թափուր հաստիք կար, իսկ իմ նպատակն էր ամեն կերպ աշխատել հենց Կոնցեռն Դիալոգում։
Նարինե Բեգլարյանի հետ միասին սկսեցի խորանալ պրակտիկայի մեջ, և արդեն վեց տարի է, ինչ այս ոլորտում եմ։ Ընտանեկան իրավունքը դարձել է իմ մի մասնիկը. ես գիտեմ ոլորտի բոլոր բացերն ու խնդիրները։ Նարինեի հետ մեկտեղ ես հնարավորություն ունեմ աշխատելու երեխաների միջազգային առևանգման բարդ գործերի վրա. գործեր, որոնցով, ի դեպ, Հայաստանում շատ քիչ փաստաբաններ են զբաղվում։
Եթե ընտանեկան իրավունքը գույն ունենար, այն ինձ համար կլիներ սպիտակը, որովհետև ընտանիքն, առաջին հերթին, լույս է ու ջերմություն։
Օրենքի սառնասրտությունն ընդդեմ ցավի. որտե՞ղ է ավարտվում էմոցիան
«Ընտանեկան իրավունքի ոլորտում աշխատելիս քո դիմաց հաճախ նստում ու անձնական, ցավոտ պատմություններ են պատմում։ Սկզբնական շրջանում ինձ համար չափազանց դժվար էր պահել սահմանը. առաջին գործերով ես վստահորդների հետ հավասար ապրում էի իրենց ցավը, մտովի պատկերացնում երեխաների տեսակցության կարգն ու էմոցիոնալ առումով շատ կապվում հատկապես երեխաների հետ։ Սակայն ժամանակի հետ գալիս է փորձառությունն ու իմաստությունը, և հասկանում ես, որ չափից ավելի էմոցիաները հաճախ խանգարում են գործին։
Պատահական չէ, որ փաստաբանական էթիկայում կա սահմանափակում՝ հարազատների ու բարեկամների գործերը չստանձնելու վերաբերյալ, քանի որ էմոցիոնալ ֆոնի ազդեցության տակ մեծ է մասնագիտական սխալ թույլ տալու հավանականությունը։
Մյուս կողմից՝ լիովին անէմոցիոնալ և չոր լինելը նույնպես անթույլատրելի է։ Էմոցիաներն օգնում են կոնտակտ հաստատել վստահորդի հետ. նա պետք է զգա, որ դու տեսնում ես իր ցավը, ապրումակցում ես իրեն, որպեսզի նրա համար ստեղծվի վստահության ու հարմարավետության գոտի։ Ես անձամբ ճանաչում եմ իմ վստահորդների գրեթե բոլոր երեխաներին, երբեմն փողոցում հանդիպելիս կանգնում, զրուցում ենք։ Այս աշխատանքում ամենամեծ բավարարվածությունը տալիս է ոչ թե պարզապես դատական հաղթանակը, այլ այն, որ կարողանում ես հասնել երեխայի լավագույն շահերի պաշտպանությանը։
Ինչպե՞ս կարելի է 5 տարեկան երեխային շատ պարզ բացատրել, թե ինչու են կյանքում կանոնները կարևոր։
Կյանքում կանոնները կարևոր են, որպեսզի բոլորը լինեն ապահով, հանգիստ և ընկերական, որպեզի մարդիկ չվիճեն և միմյանց չնեղացնեն կամ վնասեն: Օրինակ խաղահրապարակում, եթե սղարանից հերթով սահելու կանոնը չլինի և բոլոր երեխաները միաժամանակ ուզեն առաջինը կամ բոլորով սահեն առանց զիջելու, ապա կամ կվիճեն կամ իրար սահելիս կվնասեն:Իսկ երբ բոլորը հերթ են կանգնում, բոլորը հնարավորություն են ունենում և սահել, խաղալ և ոչ ոք չի տխրում:
Այդպես էլ կյանքում են կանոնները՝ օգնում են, որ մարդիկ իրար հասկանան, չվնասեն և միասին լավ ու հաշտ ապրեն:
Մեխանիկական արդարադատություն. երբ չոր հոդվածները լռեցնում են երեխայի շահը
«Մեր օրենսդրությունը բավականին թերի է, ինչի պատճառով շատ դեպքերում դատավորները դատական ակտերը կայացնում են մեխանիկորեն՝ առանց երեխայի լավագույն շահը խորությամբ վերհանելու։ Թեև ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ երեխաների հետ կապված վեճերում դատարանն ունի ex officio (սեփական նախաձեռնությամբ) լիազորություններ՝ այսինքն կարող է նոր փորձաքննություններ նշանակել կամ նոր ապացույցներ ձեռք բերել՝ անկախ կողմերի ներկայացրածից, գործնականում դա չի արվում։
Իհարկե չի կարելի մեղադրել բոլոր դատավորներին. նրանք ունեն ժամկետների խիստ սահմանափակումներ և ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չեն պատշաճ ժամանակ տրամադրել երեխայի շահերի ամբողջական վերհանմանը։
Խնդիրը հենց մեր օրենսդրության մեջ է․ այն դեռևս բավարար գործիքներ չի տրամադրում դատարանին՝ վարույթի ընթացքում երեխայի լավագույն շահերն ապահովելու համար:
Իրավական «ռեցեպտներ». բարդ դատական գործը նման է խոհարարական գլուխգործոցի
«Իրավաբանությունից զատ իմ մեծ սերերից է խոհարարությունը։ Լավ դատական գործ հավաքելն ու համեղ կերակուր պատրաստելը չափազանց նման են իրար։ Առաջնային նմանությունը ստեղծագործելու ազատությունն է. երբ դու կարողանում ես գտնել յուրահատուկ լուծումներ, ուսումնասիրել ու միմյանց խառնել մի քանի երկրների իրավական փորձը և վերջում ստանալ մի այնպիսի որակյալ դատավարական փաստաթուղթ, որը կարող է նույնիսկ նախադեպային դառնալ։ Նոր բան ստեղծելու պրոցեսն ամենահաճելին է։
Ես ունեմ իմ սիրուն խոհանոցը, որտեղ ստեղծագործում եմ, և ունեմ հրաշալի աշխատանքային միջավայր։ Ես լիովին զգում եմ ընկերության գործընկերների, հատկապես Նարինե Բեգլարյանի աջակցությունը, ովքեր խրախուսում են իմ ստեղծագործական մտածողությունը և երբեք չեն սահմանափակում իմ մտքի թռիչքը, ինչն օգնում է լիարժեք հաճույք ստանալ իրավաբանական «ստեղծագործությունից»։
Այնուամենայնիվ, եթե խոհանոցը ստեղծագործելու վայր է, ապա լիովին «փաստաբան չլինել» և աշխատանքից ամբողջությամբ անջատվել ինձ օգնում է մարզասրահը՝ ծանր ու ինտենսիվ մարզումների ժամանակ։
Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չի եթե․․․
Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չի լինի, եթե ներգրավված չի Հայաստանի ամենահետաքրքիր, խառը, իրավական բարդ լուծումներ պահանջող դատական գործընթացներում: Կոնցեռն Դիալոգը շուկայի մյուս ընկերություններից տարբերվում է այն արժեքներով, միջավայրով ու հարմարավետության գոտիով, որոնք մենք ստեղծում ենք մեր վստահորդների համար։ Մեր տարբերակիչ գիծը աշխատակիցների բարձր էթիկան է, որը դրսևորվում է գործունեության բոլոր փուլերում և բարձր է գնահատվում թե՛ գրասենյակից դուրս, թե՛ մասնագիտական համայնքում։ Ընկերությունն առանձնանում է իր սերտ թիմային աշխատանքով, դրա արդյունքում ստեղծված արժեքով և բացարձակ ազնվությամբ։
Սոֆյան Սոֆյա չի առանց․․․․
Ես ինձ չեմ պատկերացնում առանց դատական նիստերի ու ակտիվ դատավարությունների. ինձ միշտ պետք են թարմ, բարդ ու խճճված գործեր։
Իհարկե, մասնագիտական հաջողությունները պահանջում են որոշակի զոհողություններ։ Իմ ճանապարհին այդ զոհաբերությունը ժամանակն է՝ անձնական կյանքի, ընկերների ու ընտանիքի անդամների հետ անցկացվող ժամերը։ Կյանքում ինչ-որ լավ ու նշանակալից բանի հասնելու համար հաճախ ստիպված ես լինում ինչ-որ բան զիջել։
Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կունենա այն և այդ գրքում ի՞նչ կուզենայիք, որ գրված լիներ Սոֆյա Խառատյանի մասին:
Այն կունենա «Հաջողության գաղտնիքը. մարդիկ, արժեքներ, պատմություններ» վերնագիրը։ Իմ էջում կգրվի. «Նա հավատում էր, որ նույնիսկ ամենաբարդ ընտանեկան վեճերում, երբ թվում է, թե կորել են բոլոր արժեքները, ամենակարևորը խնդրի և լուծումների միջև չկորցնել մարդու մեջ Մարդը։