Կորպորատիվ իրավունքը կյանքի ու մարդկանց մասին է. Անի Մկրտումյան

Ընտանիքի ակնկալիքներից մինչև սեփական կոչման գիտակցումը

-Ինչո՞ւ իրավաբանություն։

-Ընտանիքիս ցանկությունն էր, որ բժիշկ դառնամ։ Ես, սակայն, բժշկությամբ չէի հետաքրքրվում, իսկ ընտանիքիս համար կարևոր էր, որ ընտրեմ «լուրջ մասնագիտություն»։ Երբ հարցրին՝ «եթե ոչ բժիշկ, ապա ի՞նչ», առաջին պատասխանը, որ մտքովս անցավ, իրավաբանությունն էր։ Նրանք համաձայնեցին։

Այն ժամանակ իրավաբանության մասին առանձնապես խորքային պատկերացում չունեի։ Ինձ ավելի շատ պատկերացնում էի դատավորի կամ դատախազի դերում, և, իհարկե, չէի էլ կռահում, որ մի օր զբաղվելու եմ կորպորատիվ իրավունքով։

Ընտրեցի Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, և հենց այնտեղից սկսվեց ու ձևավորվեց իմ մասնագիտական ուղին։ Առաջին իսկ դասից ինձ համար պարզ դարձավ՝ սա իմ ոլորտն է։

Սկզբում մոտիվացիաս ավելի բարոյական բնույթ ուներ․ ցանկանում էի զբաղվել քրեական իրավունքով, նպաստել արդարության հաստատմանը։ Սակայն մասնագիտության մեջ խորանալուն զուգահեռ հասկացա, որ արդարությունն ու իրավաբանությունը միշտ չէ, որ համընկնում են։ Իրավաբանի գործառույթն այլ է, և ժամանակի ընթացքում սովորում ես խնդիրներին ավելի պրոֆեսիոնալ ու համակարգված մոտենալ։

Կորպորատիվ իրավունքն առաջին հայացքից կարող է թվալ բավականին «չոր», միայն բիզնեսին վերաբերող, առօրյա կյանքից հեռու ոլորտ։

Ես կորպորատիվ իրավունքը շատ ավելի կենդանի եմ ընկալում։ Ինձ համար այն կյանքի ու մարդկանց մասին է։ Հասարակությունը ենթադրում է շրջանառություն, շրջանառությունը՝ գործարքներ, իսկ գործարքները մարդկանց ամենօրյա հարաբերությունների մի մասն են։ Այսինքն՝ սա իրականում մեր կյանքի բնական ցիկլի մի հատվածն է։

Կոնցեռն Դիալոգում, երբ նոր էի սկսել աշխատել կորպորատիվ իրավունքի ոլորտում, Նարինե Բեգլարյանն ինձ սովորեցրեց մի կարևոր սկզբունք․ պայմանագրի վրա աշխատելիս պետք է հասկանալ ոչ միայն այն, ինչ գրված է իրավական փաստաթղթում, այլև այն, թե կողմերն իրականում ինչ են ակնկալում կյանքում։ Այդ մոտեցումը էապես փոխեց իմ վերաբերմունքը կորպորատիվ իրավունքի նկատմամբ։

 

Կարծրատիպեր և ինքնավստահության ձևավորում

-Ձեր մասնագիտական ճանապարհին եղե՞լ են մարդիկ կամ իրավիճակներ, որոնք էապես փոխել են Ձեր մոտեցումները։

-Իմ մասնագիտական մտածողության և, ընդհանրապես, որպես մասնագետ իմ կերպարի ձևավորման գործում մեծ դեր է ունեցել պարոն Արթուր Ղամբարյանը, ով դասավանդում էր պետության ու իրավունքի տեսություն և քրեական դատավարություն։

Նրա կերպարով ներշնչված՝ ես շատ էի սիրում քրեական դատավարությունը և լավ իրավաբանին ասոցացնում էի նրա և այդ ոլորտի հետ։ Հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ քրեական դատավարությունն իմ մասին չէ, և որ քաղաքացիական իրավունքում նույնպես կարելի է լինել սկզբունքային և լավ մասնագետ։

Ինչ վերաբերում է իրավաբանի աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերին, ապա տարածված պատկերացում է, թե «աղջիկ է, ջահել է, չի կարող»։ Երբ նոր էի սկսել աշխատել ու առաջին անգամ բախվեցի նման իրավիճակի, որոշեցի պայքարել հենց այդ կարծրատիպի դեմ։

Այդ օրվանից անցել է մոտ չորս տարի, և այսօր կարող եմ շատ հստակ ասել․ամեն ինչ փոխվել է։ Իմ կեցվածքը, ինքնավստահությունը, գիտելիքն ու փորձը ձևավորել են այնպիսի մասնագիտական ներկայություն, որն էապես փոխում է մարդկանց վերաբերմունքը։

 

Աշխատանք, ակադեմիական գործունեություն և ընտանիք. Անիի կատարյալ մոդելը

- Իսկ ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը։

-Ինձ համար հաջողությունը երեք հիմնական ուղղություններով կայանալն է՝ աշխատանքում, ակադեմիական-կրթական գործունեության մեջ և ընտանիքում։

Աշխատանքում ուզում եմ լինել այն իրավաբանը, որն իր գիտելիքների շրջանակում առավելագույնս որակյալ աշխատանք է կատարում և մշտապես ձգտում է այն ավելի լավը դարձնել։ Նարինեն հաճախ է ասում. «Պետք է միշտ հիշենք՝ մեր վստահորդի համար արժեք ենք ստեղծում, և դա պետք է անենք բարձր որակով»։ Այդ գաղափարն ինձ համար առանցքային է։

Ակադեմիական գործունեությանը նույնպես շատ լուրջ եմ վերաբերվում։ Ուսանող եղած ժամանակ ինձ համար շատ տհաճ էր, երբ դասախոսը դասավանդվող թեմային լիարժեք չէր տիրապետում։ Կարծում եմ՝ պետք է դասավանդել այն ժամանակ, երբ պատրաստ ես բավարարել ուսանողի ակնկալիքները, երբ ուսանողը քո մեջ տեսնում է ոչ միայն գիտելիք փոխանցող դասախոսի, այլև այնպիսի մասնագետի, ում ուզում է նմանվել։

Իսկ ընտանիքն ինձ համար առաջնային է։ Չեմ պատկերացնում, որ կարող եմ հաջողված լինել աշխատանքում և դասախոսական գործունեության մեջ, բայց ոչ ընտանիքում։ Ինձ համար այս երեք ուղղությունները փոխկապակցված են. Որպեսզի մեկում իսկապես հաջողեմ, մյուս երկուսն էլ պետք է իրենց տեղում լինեն։

 

Կոնցեռն Դիալոգ. Հոգատարություն և աշխատանքային միջավայր

-Եթե Կոնցեռն Դիալոգի արժեքներից մեկը պետք է առանձնացնեք, ո՞րը կլինի։

-Հոգատարությունը։

Դիալոգում այդ բառը շատ լայն իմաստ ունի՝ հոգատարություն միմյանց նկատմամբ, աշխատանքի և, իհարկե, վստահորդի նկատմամբ։ Ի վերջո, հոգատարությունը նաև հասկանալն է, թե ինչ արժեք է ակնկալում վստահորդը, և այդ արժեքը նրա համար ստեղծելը։ Այս մոտեցումը կազմակերպության փիլիսոփայության անբաժան մասն է, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն գնահատված է զգում և իր հերթին արժեք է ստեղծում շրջապատի համար։

-Կոնցեռն Դիալոգը Ձեր առաջին և առայժմ միակ աշխատավայրն է։ Ի՞նչն է Ձեզ պահում այստեղ։

-Մարդիկ։

Ինձ համար բացառված է աշխատել մի վայրում, ուր գնում ես միայն աշխատավարձ ստանալու համար։ Ինձ համար կարևոր է լինել այնպիսի միջավայրում, ուր հաջորդ օրն էլ ցանկանաս գնալ աշխատանքի։ Դիալոգում հենց այդպես է, այստեղ մարդիկ ներդրում են անում քո մեջ, աջակցում, կիսում փորձը և ստեղծում այնպիսի մթնոլորտ, որտեղ աճելն ու զարգանալն անխուսափելի է դառնում։ Այդ անկեղծ մարդկային հարաբերություններն ու փոխադարձ վստահությունն են, որ ինձ կապում են այս կոլեկտիվին։

 

Անձնական տվյալների պաշտպանությունից մինչև իրազեկվածության բարձրացում

-Ձեր մասնագիտական հետաքրքրությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա զարգացումը Հայաստանում։

-Անձնական տվյալների պաշտպանությունը շատ խորքային և հետաքրքիր ոլորտ է։ Միջազգային ընկերությունների հետ աշխատելիս սովորաբար կարիք չկա երկար բացատրելու, թե ինչու է այն կարևոր. Այնտեղ այն ընկալվում է որպես բիզնես վարելու անբաժանելի մաս։ Հայկական ընկերությունների դեպքում դեռ բավական աշխատանք ունենք անելու, թեև վերջին տարիներին վերաբերմունքը նկատելիորեն փոխվում է դեպի լավը։

Խոշոր ընկերություններն արդեն ավելի լավ են պատկերացնում անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, մինչդեռ փոքր և միջին բիզնեսների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Այս ոլորտում իրազեկվածության բարձրացումը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև վստահության ձևավորման գրավական։

Կոնցեռն Դիալոգը՝ ի դեմս ավագ գործընկեր և պրակտիկայի ղեկավար Նարինե Բեգլարյանի, տարիներ ի վեր հանդիսացել է այս մշակույթի ձևավորման և թեմայի կարևորման առաջամարտիկներից մեկը։ Երբ ոլորտը դեռ նոր էր ձևավորվում, Ընկերությունը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց բարձրաձայնել անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասին, ։ Իսկ այսօր արդեն տեղական բազմաթիվ կազմակերպություններ են սկսում գիտակցել, որ տվյալների պաշտպանությունը ժամանակակից հեղինակավոր բիզնեսի կարևոր չափանիշներից է։

 

Հրաձգություն, գործելագործություն և ներքին հանգստություն

-Աշխատանքից դուրս ի՞նչն է օգնում Ձեզ վերականգնվել և լիցքաթափվել։

-Իմ նախասիրությունների մեջ կա մի ընդհանուր տրամաբանություն. դրանք պահանջում են առավելագույն կենտրոնացում, և հենց դա է ինձ օգնում լիցքաթափվել։

Հրաձգությունը դրանցից մեկն է։ Հայրս զինվորական է, և ես մեծացել եմ Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղում։ Դպրոցում նույնիսկ հրաձգության խմբակ էի վարում. սովորեցնում էի զենքը քանդել-հավաքել և կրակել։ Հրաձգությունն ինձ օգնում է կենտրոնանալ սեփական ուժերիս վրա, կառավարել արտաքին գործոնները և կարճ ժամանակում ճիշտ իրացնել հնարավորությունները։ Հիմա էլ, երբ սթրեսային իրավիճակ է լինում, առաջին տարբերակը հաճախ հրաձգարան գնալն է. այնտեղ ամեն ինչ հասցվում է կետի, և դա միայնակ մտորելու լավագույն միջոցներից է։

Գործելն էլ իմ առաջին «բիզնեսն» է եղել։ Դպրոցական տարիներին պատրաստած աշխատանքներս վաճառվում էին կիրակնօրյա դպրոցում։ Այդպես ձևավորեցի իմ առաջին եկամուտը և սովորեցի ճիշտ կառավարել ժամանակս։ Հիմա գործում եմ հիմնականում երկու դեպքում՝ երբ ուզում եմ ինչ-որ մեկին իմ էներգիայով լի, յուրահատուկ նվեր անել, կամ երբ պարզապես ուզում եմ լիցքաթափվել՝ ստեղծելով մի բան, որը կրում է իմ ձեռքերի ջերմությունը։

 

Անձնական

-Անին Անի չէ առանց...

-Անի Մկրտումյանը չէր լինի Անի Մկրտումյան առանց Արամի (ամուսնուս) և առանց իրավաբանության։ Դրանք երկու հենասյուներն են, որոնց վրա կառուցված է իմ ամբողջ աշխարհը։

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիք Անիին։

-Կասեի. «Շատ մի՛ մտածիր»։ Մինչև իրավաբանության մեջ խորանալը ես ավելի էմոցիոնալ և իմպուլսիվ էի, որոշումներն ավելի թեթև ու արագ էի կայացնում։ Հիմա ամեն ինչ մանրակրկիտ կշռադատում եմ, փորձում տեսնել բոլոր հնարավոր զարգացումները, ինչը մասնագիտորեն ճիշտ է, բայց երբեմն հոգնեցնող։

Երբեմն նույնիսկ կարոտում եմ այն Անիին, որն ավելի թեթև էր որոշումներ կայացնում։ Գուցե մասնագիտական հասունության հետ միասին մի փոքր կորցնում ենք այդ թեթևությունը։ Բայց, մյուս կողմից, ձեռք ենք բերում գիտելիք, փորձ և այն վստահությունը, որը գալիս է սեփական ճանապարհն անցնելուց։ Դա մի գին է, որը վճարելու պատրաստ եմ՝ գիտակցելով, որ իմ այսօրվա որոշումները շատ ավելի կշռված և ճշգրիտ են։

 

վերջաբանի փոխարեն

-Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կունենա այն, և այդ գրքում ի՞նչ կուզենայիք, որ գրված լիներ Անի Մկրտումյանի մասին:

-Վերնագիրը կլիներ՝ «Կոնցեռն Դիալոգ․ արժեքներ՝ կերտված իրավունքով», իսկ իմ մասին կուզենայի, որ գրվեին այս տողերը․ «Մարդ, ում համար իրավաբանությունը թաքնված ռիսկերը կանխատեսելու, ավելին նկատելու և իրավունքի միջոցով իրական արժեքներ կերտելու անսպառ կիրք էր»։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21