Գիտելիքը ոչ ոք չի կարող քեզանից վերցնել․ Էլլա Մկրտչյան
09/09/2026
Ընտրություն՝ հանգամանքների բերումով, սեր՝ համոզմունքով
- Ի՞նչը ստիպեց Ձեզ ասել «այո» իրավաբանությանը։ Ոչ միայն ընտրել, այլև մնալ ու աշխատել այս մասնագիտությամբ։
-Իրականում ես իրավաբանի մասնագիտությունը հանգամանքների բերումով եմ ընտրել։ Դա մանկության երազանք չի եղել, և դպրոցական տարիներին էլ առանձնապես չէի պատկերացնում, թե իրավաբանությունն ինչ է ենթադրում։
Ես շատ էի սիրում պատմությունը, որովհետև շատ սիրում էի պատմության ուսուցչուհուս։ /ծիծաղում է/ Հետո այդ սերն ինձ տարավ իրավագիտության ֆակուլտետ։
Մեծացել եմ աշխատող ծնողների ընտանիքում, և իմ շրջապատում երբեք չեմ տեսել այնպիսի մոտեցում, որ համալսարանն ավարտելուց հետո կարելի է չաշխատել։ Ինձ համար բնական էր՝ սովորել, ավարտել և աշխատել։
Բայց արդեն ուսումնառության ընթացքում մասնագիտությունն ինձ իսկապես հոգեհարազատ դարձավ։ Հատկապես սիրում էի քաղաքացիական իրավունքը, դատավարությունը և դրանց առնչվող առարկաները։ Դրանք այն դասերն էին, որոնց ժամանակ ես ամենաշատն էի ներգրավված. շատ լուրջ ու մեծ սիրով եմ վերաբերվել ուսման գործընթացին։
Ինձ համար, կարծում եմ, հենց այդ փուլում էլ տեղի ունեցավ ամենակարևոր փոփոխությունը․ իրավաբանությունն այլևս պարզապես ընտրած մասնագիտություն չէր։ Այն դարձավ մի ոլորտ, որի մեջ ես ինձ տեսնում էի և որի հետ ուզում էի շարունակել ճանապարհս:
Դատարանից՝ փաստաբանական աշխատանք
-Ձեր առաջին աշխատանքային փորձը դատարանում է եղել։ Ինչպե՞ս հայտնվեցիք Կոնցեռն Դիալոգում։
-Սովորում էի Փաստաբանական դպրոցում, որտեղ ունեցա իմ կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ պարոն Ասատրյանի և պարոն Օրբելյանի հետ։ Ու այդպես էլ սկսվեց իմ ճանապարհը Կոնցեռն Դիալոգում։
Իհարկե, դատարանից փաստաբանական ոլորտ անցումն ինձ համար բավականին դժվար էր։ Երկար ժամանակ Դիալոգի գործընկերներից նամակներ էի ստանում, որ իմ գրած փաստաթղթերը դատական ակտերի են նմանվում։ /ծիծաղում է/
Բայց այդ տարբերությունն իրականում շատ հետաքրքիր փորձ էր ինձ համար։ Դատարանում դու աշխատում ես արդեն գոյություն ունեցող նյութի հետ, և քո խնդիրն է այդ նյութի հիման վրա հնարավորինս ամբողջական պատկեր կազմել, գնահատել փաստերը և հասնել ճշմարտությանը։
Փաստաբանության մեջ քո խնդիրը ոչ թե համընդհանուր արդարություն փնտրելն է, այլ կոնկրետ կողմի շահերն առավել արդյունավետ պաշտպանելը։ Այդ ճանապարհին, իհարկե, լինում են ներքին երկընտրանքներ՝ ուզում ես լիովին համոզված լինել քո ներկայացրած դիրքորոշման մեջ։ Իմ պարագայում գրավոր խոսքը հենց այդ համոզվածության «աուդիտն» է. ես իմ փաստարկներին թույլ չեմ տալիս թղթին հանձնվել, քանի դեռ դրանք չեմ «տարել» իմ ներքին տրամաբանության միջով»։ Բայց դատարանում ունեցած փորձը հենց այդ առումով շատ է օգնում․ այն հնարավորություն է տալիս հաճախ կանխատեսել, թե մյուս կողմն ինչ կարող է ասել, ինչ փաստարկ կարող է ներկայացնել և որտեղ կարող է լինել նրա ուժեղ կամ թույլ կողմը։
Դրա համար ես միշտ ասում եմ՝ դատարանում աշխատելու փորձը լավ փաստաբան դառնալու գործում շատ է օգնում։
Ի վերջո ի՞նչ է իրավաբանությունը
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրավաբանությունը։
-Իրավաբանությունը թղթերի մասին չէ։
Իրավաբանությունը, առաջին հերթին, արդարությունը վերականգնելու մասին է։ Իսկ արդարությունն ինձ համար հավասարակշռություն է։
Իրավաբանությունն ամենաստեղծագործ աշխատանքներից մեկն է։ Թվում է՝ գործ ունես օրենքների, փաստաթղթերի և արդեն սահմանված կանոնների հետ, բայց իրականում նույն հանգամանքի վերաբերյալ կարող են լինել տարբեր մոտեցումներ, տարբեր իրավական լուծումներ։
Ինձ հենց դա է հետաքրքրում՝ գտնել այն լուծումը, որը մի կողմից իրավաբանորեն հիմնավորված է, մյուս կողմից՝ հնարավորինս մոտ է արդարության և հավասարակշռության գաղափարին։
Եվ գուցե հենց այդ պատճառով էլ իրավաբանությունը երբեք չի դառնում պարզապես մեխանիկական աշխատանք։ Ամեն գործ նոր մտածողություն է պահանջում։
Եթե այսօր հանդիպեիք ուսանող Էլլային
-Եթե հիմա հանդիպեիք ուսանող Էլլային, ի՞նչ խորհուրդ կտայիք։
-էլի կասեի՝ լավ սովորիր։
Ինձ ժամանակին շատ էին ասում, որ անընդհատ սովորում եմ, ուսանողական կյանքով չեմ ապրում։ Բայց դրա համար չեմ զղջացել, որովհետև այն ջանքերը, որ ներդրել եմ այդ տարիներին, հետագայում իրենց արգասիքն են տվել։
Գիտելիքը ոչ ոք չի կարող քեզանից վերցնել։ Հատկապես իրավաբանության մեջ, երբ ամեն օր բախվում ես նոր իրավիճակների, եթե չունես ամուր հիմք, շատ դժվար է առաջ գնալ։
Միևնույն ժամանակ, եթե այսօր խորհուրդ տայի ինձ, երևի կասեի նաև՝ մի քիչ ավելի թեթև վերաբերվիր ամեն ինչին։ /ծիծաղում է/ Ոչ ամեն ինչ պետք է կատարյալ լինի, ոչ էլ ամեն ինչ պետք է միանգամից իմանաս։
Իրավաբանի ճանապարհը երկար ճանապարհ է։ Դու անընդհատ սովորելու ես՝ գործերից, գործընկերներից, սխալներից, երբեմն նաև ամենադժվար իրավիճակներից։
Իրավաբանի աշխատանքը սթրեսային է։ Դու աշխատում ես մարդկանց հետ, իսկ մարդիկ սովորաբար իրավաբանին դիմում են այն ժամանակ, երբ իրենց կյանքում խնդիր կա։ Հատկապես դատական գործերի շրջանակում մարդիկ կարող են շատ հուզական լինել, և եթե դու էլ բնույթով հուզական մարդ ես, այդ ամենը կարող է շատ ուժեղ ազդել քեզ վրա։
Բայց, մյուս կողմից, այդ աշխատանքի մեջ կա մի մեծ արժեք․ դու կարող ես ինչ-որ մեկի համար իրական տարբերություն ստեղծել։
-Ձեր մասնագիտության մեջ ամենաշատը ի՞նչն է Ձեզ ոգևորում։
Հաղթանակները։
Բայց հաղթանակ ասելով ես միայն դատական գործի արդյունքը նկատի չունեմ։ Հաղթանակն ինձ համար նշանակում է, որ քո ներդրած ջանքն արդյունք է տվել, որ քո վերլուծությունը, աշխատանքը, ժամանակը և էներգիան ինչ-որ արդյունքի են հանգեցրել։
Ինձ ոգևորում է հենց այն պահը, երբ տեսնում ես՝ այն, ինչի վրա այդքան աշխատել ես, իրական արդյունք է տվել։
Ինչպե՞ս կբացատրեիք Ձեր աշխատանքը հինգ տարեկան երեխային
-Եթե պետք է հինգ տարեկան երեխային բացատրեիք, թե ինչով եք զբաղվում, ի՞նչ կասեիք։
-Մի անգամ Սոսեն /աղջիկն է-հեղ․/ երգում էր «Երևան սիրելը չգրված օրենք է» երգը։ Հարցրի՝ «Սոսե, դու գիտե՞ս՝ օրենքն ինչ է»։ Չգիտեր։
Փորձեցի բացատրել, բայց ինքը տխրեց ու ասաց․ «Մամա, էդպիսի բառերով ինձ հետ մի խոսիր»։ /ծիծաղում է/
Հիմա երևի ավելի պարզ կասեի․ օրենքներն այն մասին են, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել։
Իսկ եթե մի քիչ մեծ երեխայի համար լիներ, կավելացնեի՝ օրենքները նաև նրա մասին են, թե ինչպես պետք է մարդիկ ապրեն ու հարաբերություններ կառուցեն այնպես, որ յուրաքանչյուրի իրավունքներն ու շահերը պաշտպանված լինեն։
- Ձեր ինը տարվա իրավաբանական փորձառությունն ի՞նչ է Ձեզ սովորեցրել մարդկանց մասին։
-Թե՛ աշխատանքային, թե՛ վստահորդների հետ շփումներն ինձ սովորեցրել են, որ մարդիկ, նրանց խնդիրներն ու առաջնահերթությունները տարբեր են, և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ և կարևոր է հասկանալ մարդուն, որպեսզի հնարավոր լինի բոլոր հարցերին արդյունավետ լուծումներ տալ, գտնել խնդիրների իրական էությունը և դրանց լուծման ամենանպատակահարմար տարբերակները։
Կոնցեռն Դիալոգը՝ որպես մասնագիտական միջավայր
- Կոնցեռն Դիալոգի արժեքներից ո՞րը կառանձնացնեիք և ինչո՞ւ։
Կառանձնացնեմ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմն ու էթիկան՝ թե՛ վստահորդների, թե՛ դատարանների և գործընկերների հետ հարաբերություններում։ Կոնցեռն Դիալոգում յուրաքանչյուր գործի մոտենում ենք բարձր պատասխանատվությամբ և առանձնահատուկ ուշադրությամբ՝ ապահովելով վստահորդների նկատմամբ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ յուրաքանչյուր գործով լավագույն արդյունքն ապահովելու համար։ Ընդ որում, ինձ շատ է գրավում Կոնցեռն Դիալոգի՝ խնդիրների լուծման ոչ ստանդարտ ճանապարհներ գտնելու և դրանց կիրառմամբ հաջողելու համարձակությունն ու կարողությունը։
-Ինչո՞ւ է Դիալոգը դառնում այն վայրը, որտեղ մարդիկ գալիս են, աշխատում ու մնում։
-Այստեղ մարդիկ լավն են։ Այստեղ սովորելու շատ բան կա, գործերը հետաքրքիր են, իսկ առաջընթացի հնարավորություններ՝ մեծ։
Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մեկ այլ փաստաբանական գրասենյակ, որը մասնագետին՝ լինի սկսնակ, թե արդեն կայացած, կարող է ավելի լայն հնարավորություններ տալ մասնագիտական զարգացման համար, քան Կոնցեռն Դիալոգը։
Այստեղ դու հնարավորություն ունես ոչ միայն աշխատելու, այլև անընդհատ աճելու։ Կարող ես տեսնել տարբեր տեսակի գործեր, աշխատել տարբեր մարդկանց հետ, սովորել ավելի փորձառու գործընկերներից և հասկանալ, թե ինչ մասնագետ ես ուզում դառնալ։
Ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև իրավաբանի մասնագիտական ճանապարհը երբեք ավարտված չէ։ Միշտ կա հաջորդ գործը, հաջորդ խնդիրը, հաջորդ բարդ իրավիճակը, որից ինչ-որ բան ես սովորում։
-Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ներկայությունն ի՞նչ է տալիս թիմին։
-Այս հարցին դժվար է պատասխանելը), բայց հույս ունեմ, որ թիմում ինձ ընդունում են որպես մարդու, ում հետ անձնական շփումները լցված են դրական էներգիայով և ում հետ գործնական հարցերով միշտ հետաքրքիր է քննարկումներ իրականացնել և կարծիքներ փոխանակել։
- Կոնցեռն Դիալոգը կոնցեռն Դիալոգ չէ առանց․․․
-Առանց գործընկերների։ Առանց բոլորիս։ /ծիծաղում է/
Ի վերջո, ցանկացած կազմակերպություն մարդիկ են։ Գործերը, նախագծերը, նույնիսկ ամենաբարդ մասնագիտական խնդիրները միայնակ չեն ստեղծվում ու լուծվում։ Դու այն միջավայրի մասն ես, որտեղ աշխատում ես, և այդ միջավայրը ձևավորում են մարդիկ։
-Կա՞ն մարդիկ Դիալոգում, որոնց ազդեցությունը Ձեր մասնագիտական ուղու վրա առանձնակի եք կարևորում։
-Պարոն Հովհաննիսյանն իմ շտապօգնությունն է։ /ծիծաղում է/
Շատ իրավիճակներում, երբ ինձ թվացել է՝ «հիմա աշխարհը կքանդվի», նա միշտ կարողացել է ողջամիտ լուծում գտնել։
Նրա կարևոր հատկանիշներից մեկը բացառիկ հանգստություն հաղորդելու ունակությունն է։ Երբ դու որևէ իրավիճակի մեջ ես և այն քեզ շատ մեծ ու բարդ է թվում, երբեմն պետք է կողքից մեկը, ով կարողանա նույն իրավիճակին ավելի հանգիստ ու սթափ նայել։ Պարոն Հովհաննիսյանը հենց այդ մարդկանցից է։
Նույն այդ բացառիկ հանգստությունը պարոն Օրբելյանն էլ ունի։
Նարինեից շատ բան եմ սովորել՝ թե՛ մասնագիտական տեսանկյունից, թե՛ աշխատանքի կազմակերպման և աշխատանքային մշակույթի առումով։
Կարծում եմ՝ լավ մասնագետ դառնալու համար միայն իրավունքը լավ իմանալը բավարար չէ։ Շատ կարևոր է նաև սովորել՝ ինչպես աշխատել, ինչպես կառուցել հարաբերություններ, ինչպես պատասխանատվություն վերցնել և ինչպես բարդ իրավիճակներում պահպանել հանգստությունը։
Ինձ համար այդ ամենը Դիալոգում սովորելու ճանապարհի մի մասն է։
Էլլան էլ Էլլա չէ առանց․․․
-Իսկ Էլլան էլ Էլլա չէ առանց․․․
-Իր գործերի։ /ծիծաղում է/
Ինձ համար շատ դժվար է պատկերացնել ինձ առանց աշխատանքի, որովհետև ես շատ մեծ կապվածություն ունեմ այն գործերի նկատմամբ, որոնց վրա աշխատում եմ։
Հիմա ինձ համար մի փոքր բարդ շրջան է․ պատրաստվում եմ երկրորդ անգամ մայրանալ, և, անկեղծ ասած, երբեմն տխրում եմ այն մտքից, որ գործերս, որոնց մեջ այդքան հոգի ու սիրտ եմ դրել, որոշ ժամանակով պետք է թողնեմ։
Բայց, իհարկե, սա նույնպես կյանքի մի կարևոր փուլ է, և պետք է կարողանալ ընդունել, որ երբեմն մի փոքր կանգ ես առնում, որպեսզի հետո նոր ուժով վերադառնաս։
Վերջաբանի փոխարեն
-Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կունենա այն և այդ գրքում ի՞նչ կուզենայիք, որ գրված լիներ Էլլա Մկրտչյանի մասին:
-Գիրքը կվերնագրվեր «Բարդ իրավական խնդիրները և դրանք լուծելու գործնական հմտությունները․ խորհուրդներ Կոնցեռն Դիալոգից»։ Իմ մասին տողում կնշվեր որպես աշխատանքին խիստ պատասխանատվությամբ մոտեցող և իր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծող աշխատակցի, ով գուցե գործերը շատ էր «ծանր տանում»։