Սովորեցնել մտածել և հավատարիմ մնալ արժեհամակարգին. Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյան
23/09/2026
-Թիմում Ձեզ նկարագրում են որպես խիստ պահանջկոտ ղեկավարի. դա, ըստ Ձեզ, խստությո՞ւն է, թե՞ բարձր ստանդարտների սահմանում։
-Իրականում կարծում եմ, որ խնդիրը մեր օրերում արժեքների աղավաղման մեջ է, ինչի պատճառով էլ «պահանջկոտ ղեկավար» եզրույթը հաճախ դիտարկվում է բացասական համատեքստում։ Պահանջկոտ ղեկավարի բուն դերակատարումն ու աշխատանքի նպատակն է՝ օգնել մարդուն առավելագույնս դրսևորվել իր հնարավորությունների սահմաններում։ Անգամ երբ աշխատակիցը չգիտի իր ներուժի չափը, լավ ղեկավարն օգնում է բացահայտել այն և նաև օգնում է աշխատողին ձգտել առավելագույնին։
Այսինքն՝ ղեկավարի նպատակն է, որ ընկերության տրամադրության տակ գտնվող մարդկային ռեսուրսը զարգանա իր հնարավորությունների չափով. որպեսզի այն հնարավորությունները, որոնց մասին աշխատակիցն անգամ չի էլ պատկերացնում, բացահայտվեն, ճիշտ ուղղորդվեն, և նա աճ գրանցի։
Վերջերս Նիկոլայ Ցիսկարիձեն իր հարցազրույցներից մեկում ասում էր. «Պետք չէ բացասաբար վերաբերվել նրան, որ ես ուշադրություն եմ դարձնում, պահանջում եմ և նույնիսկ «ճիպոտում». դա նշանակում է, որ ես քեզ հետ կապված նպատակներ ունեմ և քեզ աճեցնելու եմ։ Եթե քեզ նկատում եմ, քեզ հետ աշխատում եմ ու քեզանից պահանջում, նշանակում է՝ տեսնում եմ քո ներուժը»։ Վստահ եմ, որ թիմում ինձ հենց այդպես էլ հասկանում են։ Հակառակ պարագայում, եթե տեսնում եմ, որ մարդն աճի հնարավորություն չունի, պարզապես դադարում եմ իրենից աճ պահանջել։
- Իրավաբանական թիմ ղեկավարելիս վերահսկողությո՞ւնն է կարևոր, թե՞ մարդկանց որոշակի ազատություն տալը։
-Իրականում ցանկացած ղեկավարի աշխատանքում (թիմի մասնագիտացումը էական չէ) Էականը ղեկավարման բովանդակությունն է, ոճն ու մարդկային տեսակը, որոնք փոխլրացնում են։ Հարցն այն է, թե ո՞ր կոմպոնենտներին ենք ավելի շատ կարևորություն տալիս և ինչպես ենք դրանք հավասարակշռում։
Ես նրա կողմնակիցն եմ, որ մարդիկ աճ արձանագրեն։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որոշակիորեն թույլ ես տալիս, որ մարդու մոտ ինքնուրույն մտածողություն ձևավորվի։ Իմ աշխատանքում կարևորագույն տարր եմ համարում մտածել սովորեցնելը։ Ոչ բոլորի մոտ կարող է դա ստացվել, ոչ միշտ կարող է ընկալելի լինել, որովհետև «զրոյական կետերը», ցավոք սրտի, տարբեր են, տարբեր են նաև մարդկանց ցանկությունները։
Իմ մոտեցումը հետևյալն է. պետք է զարգացնել մարդու մասնագիտական մտածողությունը, ինչը ենթադրում է, որ պետք է որոշակի «մարտահրավեր» տաս և սթրեսային իրավիճակ ստեղծես։ Անվերջ երջանիկ և միշտ հարմարավետության գոտում գտնվող անձնավորությունը երբեք չի կարող աճ գրանցել։ Վաղը դատարանում ես իր կողքին չեմ լինելու. Կամ հաճախորդի հետ ֆորսմաժորային կամ կոնֆլիկտային իրավիճակի հարթեցումը լինելու է իր ուսերին։ Եթե ես իրեն չեմ սովորեցրել ինքնուրույն մտածել, դա արդեն խնդիր է դառնալու։
Իհարկե, սկսնակներին միանգամից նման իրավիճակներում չենք դնում, բայց որոշակի աճ գրանցելուց հետո դա անհրաժեշտություն է։ Այսինքն՝ առանց որոշակի ազատությունների դա անհնար է։ Մյուս կողմից, որպես ղեկավար, ով պատասխանատվություն է կրում հաճախորդների և նախագծերի ժամկետների համար, որոշակի վերահսկողական ու կառավարչական գործառույթներ, բնականաբար, իրականացվում են։
- Նկատելի է, որ Ձեզ մոտ միանգամից հեշտ է ստացվում ֆիքսել՝ դիմացինը պրոֆեսիոնալ է, թե ոչ։ Ինչպե՞ս եք դա անում։
- Նախ՝ ես դա չեմ նկատել (ժպտում է)։ Ամեն մարդ էլ սխալվում է, ես՝ նույնպես։ Կարող եմ սխալվել մարդկանց հնարավորությունները գնահատելիս, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարբեր միջավայրերում մարդիկ տարբեր կերպ են դրսևորվում. Կոնցեռն Դիալոգի միջավայրը նրանց համար կարող է լինել և՛ բարենպաստ, և՛ հակառակը։
Ինչ վերաբերում է մարդկանց «կարդալուն». դա երկար տարիների փորձառության և մարդկային տեսակը բացահայտելու հետաքրքրասիրության արդյունք է։ Ինձ համար ընթերցանության նյութ են գրականության այնպիսի հսկաները, ինչպիսիք են Հեսսեն, Կաֆկան, Կունդերան, Դոստոևսկին, Տոլստոյը... Ճիշտ գեղարվեստական գրականությունն օգնում է մարդաճանաչության հարցում։
Բացի այդ, ես միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել բացահայտելու մարդկանց վարքագիծը․ թե այս կամ այն քայլին, խոսքին ինչ ռեակցիա կհետևի։ Ուշադրություն դարձնելով վարքագծային մանր դետալների վրա՝ ձևավորում եմ որոշակի պատկեր։ Հիմա դա արդեն վերածվել է ենթագիտակցական հմտության, որն օգնում է արագ եզրահանգումներ անել։
- Ձեզ ընկալում են որպես առաջնորդի, ով հստակ գիտի՝ ինչու է կայացնում այս կամ այն որոշումը, գիտակցում է, որ դա դիմացինի համար էմոցիոնալ առումով կարող է ծանր լինել, բայց գտնում է ճիշտ բալանսը, որն ի օգուտ ընկերության և աշխատակցի է լինում։
-Իրականում որոշում կայացնելուն նախորդող ընթացքն ավելի ծանր է, քան բուն որոշում կայացնելը։ Ես որոշումներ եմ կայացնում բավականին արագ։ Պատճառը հստակ սկզբունքների և արժեհամակարգի առկայությունն է։ Եթե ունես սկզբունքներ և դրանք միշտ անշեղորեն կիրառում ես, որոշումներդ կայացնում ես արագ։ Դա իմ ապրելու բանաձևն է (ժպտում է)։
Մինչ որոշում կայացնելը, երբ ծանր ու թեթև եմ անում, թե իմ արժեհամակարգի և ունեցած տեղեկատվության հիման վրա որ ճանապարհն է պետք ընտրել առաջ գնալու համար՝ նվազագույն վնասներով, հենց այդ կշռադատելու փուլն է ամենառեսուրսատարը՝ և՛ էներգիայի, և՛ էմոցիաների առումով։ Իսկ երբ որոշումն արդեն կայացված է և իրագործված, դրանից հետո այն այլևս իմ տիրույթում չէ։
-Աշխատանքի մեջ դա նշանակո՞ւմ է, որ սկզբունքների հարցում փոխզիջումներ չկան...
-Իրականում չեմ հասկանում՝ ինչպես կարող է լինել սկզբունք, իսկ հետո խոսվի փոխզիջման մասին։ Եթե գործընկերներդ ու միջավայրդ ճանաչում են քո մարդկային տեսակը, վաղ թե ուշ ընդունում են և՛ քեզ, և՛ քո սկզբունքները։ Փոխզիջումն այստեղ բացառված է (ծիծաղում է)։
- Ձեր առօրյայում, իրավաբանությանը զուգահեռ, կարծես այլ իրականություններ լինեն՝ կառավարում, երաժշտություն, ճամփորդություն, ընթերցանություն։ Դա փախո՞ւստ է։
- «Փախուստ» բառը չեմ սիրում։ Տեսակով այնպիսին չեմ, որ ինչ-որ բանից խուսափեմ կամ վախենամ առերեսվելուց։ Կարող է հետաձգեմ առերեսումը, որպեսզի վստահ լինեմ, որ ճիշտ եմ կշռադատել իմ քայլերն ու որոշումները։ Ճանապարհի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ինձ համար։ Բայց անվերջ հետաձգել կամ չհանգուցալուծված հարցեր թողնել՝ երբեք։ Ինձ ճանաչող մարդիկ դա գիտեն։
Իրավաբանությունը չեմ սիրում այն աստիճան, որ այն իմ կյանքում լինի 24 ժամ։ Ես նորություններ սիրող մարդ եմ, սիրում եմ սովորել և ունենալ հոգու ու մտքի համար հաճելի զբաղմունքներ։ Կան բաներ, որոնք ինձ հանում են սթրեսից, հանգստացնում են և զարգանալու հնարավորություն տալիս։ Ճամփորդելիս մեկ օրում կարող ես այնքան նոր բան տեսնել ու վերցնել, որ ուրիշ ոչ մի պարագայում չես ստանա։
Ընթերցանությունն իմ առաջնային նախասիրությունն է. կարելի է ասել՝ հենց դրա համար էլ իրավաբան դարձա, որովհետև այստեղ շատ է պետք կարդալ։ Պատահել է, որ գիրք կարդալով տարվել եմ ու դասի չեմ գնացել (ժպտում է)։ Իրականում, եթե ընթերցել չսիրես, այսքան օրենսդրական փոփոխությունների դաշտում պարզապես չես կարող լավ իրավաբան դառնալ։ Իսկ քանի որ իրավաբանությունը համարվում է սթրեսային աշխատանք, իմ փորձով կարող եմ ասել, որ լավագույն հակասթրեսը գոնե ամիսը մեկ անգամ դասական երաժշտության համերգի այցելելն է։
- Ունե՞ք այնպիսի նախասիրություն, որի մասին Ձեր գործընկերները չգիտեն։
-Նախասիրություն, որի մասին չեմ խոսում, չկա, որովհետև այն, ինչ սիրում եմ, նաև քարոզում եմ (ժպտում է)։
-Կարո՞ղ ենք ֆիքսել, թե որն է այսօր երիտասարդ իրավաբանների ամենամեծ խնդիրը։
-Ցավոք սրտի, երիտասարդները հիմնականում քիչ են կարդում։ Ամենահետաքրքիրն այն է, որ ամենազբաղված մարդիկ, որպես կանոն, շատ են կարդում, իսկ քիչ կարդացողները պատճառաբանում են, թե ժամանակ չունեն։ Դա, իհարկե, ընդունելի չէ։
Երիտասարդ սերունդը (նկատի ունեմ ուսանողական վերջին կուրսերում սովորողներին) շատ ծայրահեղ է․ կամ շատ լավն են, կամ հակառակը։ Իհարկե, խնդիրն առաջնահերթ իրենց մեջ չէ, խնդիրը կրթական համակարգում է։ Ցավոք, մեր կրթական համակարգը չի ընկալում բիզնեսի պահանջները։ Մենք երկար ժամանակ է խոսում ենք այն մասին, որ կրթությունը պետք է արտահայտի տնտեսության զարգացման տեսլականը, սակայն այսօր բիզնեսն ինքն է աճեցնում իր մասնագետին։ Համալսարանական կրթությունը հիմնականում կադրեր է պատրաստում պետական համակարգի համար, իսկ բիզնես մտածողությամբ մասնագետներ, որպես կանոն, չենք ունենում։ Խնդիրը համակարգային է՝ կրթական ծրագրերի՝ իրական շուկայի անհամապատասխանության մեջ։
-Ինչի՞ մասին է Կոնցեռն Դիալոգի բրենդը։
Կոնցեռն Դիալոգի բրենդը շատ բաների մասին է, բայց եթե առանձնացնեմ էականը, ապա առաջին հերթին այն արժեքահենք ընկերության մասին է։ Մենք ունենք էթիկական բարձր ստանդարտներ, սկզբունքներ, որոնցից ամենակարևորն է՝ միշտ արժեք ստեղծել հաճախորդի համար։
Այն, ինչին ես ձգտում եմ, ինչ սովորեցնում, քաջալերում, ուղղորդում, իսկ երբեմն էլ պարտադրում եմ, թիմային աշխատանքն է։ Որովհետև որքան էլ տաղանդավոր լինեն թիմին միացող նոր մասնագետները, եթե չեն սովորում աշխատել թիմում, Դիալոգում զարգանալու և լավ մասնագետ դառնալու նրանց հեռանկարները նվազում են։
Ես միշտ ասում եմ մեր թիմին. «Պատճառը, թե ինչու եք առավոտյան, այս խցանումներով հասնում գրասենյակ ու մնում այստեղ մինչև երեկոյան ժամը վեցը, այն է, որ նստեք, քննարկեք ու գիտելիքով փոխանակվեք»։ Դա է նպաստում լավագույն լուծումներ գտնելուն, ինչին, ի դեպ, մեծ նշանակություն են տալիս նաև միջազգային վարկանիշավորման առաջատար կազմակերպություններն իրենց որոշումները կայացնելիս։
Մեր կորպորատիվ մշակույթը թելադրում է ազնվություն, քաղաքակիրթ շփում և ընկերասիրություն։ Այս առումով մենք բավականին հաջողել ենք. հակառակ դեպքում ընկերությունն էլ չէր հաջողի։ Հենց հարցազրույցի առաջին փուլից փորձում ենք գնահատել մասնագետի համատեղելիությունը թիմի հետ։
-Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չէ առանց...
-Առանց ինձ (ժպտում է)։
-Նարինեն Նարինե չէ առանց...
-Առանց իր ազատության։
-Եթե Կոնցեռն Դիալոգը գիրք լիներ, ի՞նչ վերնագիր կունենար, և եթե Ձեր մասին այնտեղ մի տող լիներ, ի՞նչ կուզեիք, որ գրվեր։
-Վերնագիրը թող լիներ «Փաստաբանի արկածները ՀՀ-ում», իսկ իմ մասին... «Նա պատմության այն իմաստունն էր, ում մոտ բոլորը գնում էին խորհուրդ հարցնելու»։