Սուրեն Գոմցյան. «Կորպորատիվ իրավունք»

Իրավական նորմերի ձևավորումը եղել և մնում է հիմնական խնդիրներից մեկը հետխորհրդային երկրներում, որոնք ժամանակին ընդունել են շուկայական տնտեսության տարրեր՝ առանց համապատասխան իրավական հիմքերի և սովորույթների առկայության: 1990-ականների առաջին կեսի բարեփոխականները և նրանց օտարերկրյա խորհրդատուները ենթադրում էին, որ տնտեսական բարեփոխումները և իրավական նորմերի առաջարկը սոցիալական բազայի ընդլայնման շնորհիվ կհանգեցնեն տնտեսական խաղորդների կողմից իրավական նորմերի նկատմամբ պահանջարկի առաջացմանը:

 

Սակայն փորձը ցույց տվեց, որ այս տրամաբանությունը զուրկ չէ թերություններից՝ շուկային վերաբերող հիմնական օրենքներն ընդունվել են, առկա են մասնավոր սեփականությունն ու ձեռնարկատիրությունը, սակայն դրական փոփոխություններ իրավանորմերի պահանջարկի մասով չկան կամ դրանք աննշան են: Փորձագետները նշում են այդ երևույթի մի քանի հնարավոր պատճառներ՝ խորհրդային իրավական մշակույթի ժառանգությունը՝ վեճերի լուծման հարցում իրավունքի և դատարանների նկատմամբ իր անվստահությամբ, իրավական բարեփոխումները, որոնք հաշվի չէին առնում արդեն ձևավորված ձեռնարկատիրական փորձը, իրավական համակարգի թերությունները, օրենքի առջև փաստացի անհավասարությունը: Այս պայմաններում հայկական բիզնեսը հարաբերությունների կարգավորման հարցում շատ հաճախ նախընտրում է իրավունքի փոխարեն հիմնվել ոչ ֆորմալ մեխանիզմների վրա:

 

Իրավունքի նկատմամբ թույլ պահանջարկի վառ օրինակներից մեկը Հայաստանի գործող կորպորատիվ օրենսդրությունն է: Կորպորատիվ հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ ակտերը վաղուց գործում են, բայց դրանց որոշ դրույթներ մինչ օրս գործնականում չեն կիրառվել: Որպես կորպորատիվ օրենսդրության նկատմամբ թույլ պահանջարկի վկայություն կարող են հանդիսանալ այս ոլորտում դատական գործերի փոքր թիվը (ընդամենը 11 հայցադիմում՝ 2009թ. ընթացքում) և օրենքներում կատարվող հազվադեպ փոփոխությունները:

 

Մասնավորապես՝ և՛ «Բաժնետիրական ընկերությունների մասին», և՛ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմքում ընկած է Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքների մոտեցումը: Այս ոլորտում երկու երկրների օրենքների սկզբնական խմբագրությունները բովանդակային առումով բավական մոտ էին: Սակայն եթե Ռուսաստանում կորպորատիվ դաշտը կարգավորող օրենքների ընդունումից հետո կատարվել են մի քանի նշանակալի փոփոխություններ, ապա Հայաստանի նշված օրենքները գրեթե գործում են սկզբնական խմբագրությամբ (անցած տարիների ընթացքում կատարվել են մի քանի փոքր փոփոխություններ, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների մասով փոփոխվել են կանոնադրական կապիտալին և բաժնետերերի ռեեստրի վարմանը առաջադրվող պահանջները, ինչպես նաև ընդլայնվել է կանոնադրությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից որոշումներ ընդունելու համար հարկավոր ձայների շեմի կարգավորման հնարավորությունը): Այսպիսի իրավիճակի պատճառը պարզ է՝ գործող օրենքների թերություններն անտեսանելի են, եթե դրանք չեն կիրառվում, կամ տեսանելի են փոքր խմբի համար, որին դրանց առկայությունը կարող է նույնիսկ ձեռնտու լինել:

 

Մասնագիտական շրջանակներում կորպորատիվ իրավունքի արդյունավետությունը գնահատվում է դրա նորացմամբ և զարգանալու հնարավորությամբ: Ինչքան ինովացիոն, ճկուն և հարմարվող է իրավունքի համակարգը, այնքան ավելի հավանական է, որ այն ունակ է համարժեքորեն արձագանքել միջավայրի փոփոխություններին և հնարավորություն տալ ձեռնարկատերերին օգտվել նոր շուկայական հնարավորություններից՝ միաժամանակ ապահովելով ներդրողների պաշտպանվածության պատշաճ մակարդակ: Հակառակ դեպքում իրավունքը կաþմ խոչնդոտում է զարգացումը, կաþմ ստեղծում է հնարավորություններ չարաշահումների և տարբեր խմբերի իրավունքների ու շահերի ոտնահարումների համար:

 

Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների փորձը ցույց է տալիս, որ իրավանորմերի նկատմամբ թույլ պահանջարկի պայմաններում իրավունքի ինովացիոն զարգացումը զգալիորեն սահմանափակված է, և հնարավոր են միայն օրենքների վարընթաց (top-down) փոփոխություններ, որոնք մշակվում և առաջարկվում են պետության կողմից լոբբիստիական շահերի ճնշման տակ՝ առանց շուկայական ուժերի մասնակցության և հետաքրքրվածության:

 

Սա, իր հերթին, բացասաբար է ազդում իրավական բարեփոխումների արդյունավետության վրա, քանի որ շատ հաճախ այսպիսի բարեփոխումները հիմնված են օտարերկրյա փորձի վրա և բավարար ուշադրություն չեն դարձնում ներդրվող նոր նորմերի համապատասխանեցմանը տեղական պահանջներին և ինստիտուցիոնալ միջավայրին:

 

Ներկայումս կորպորատիվ իրավունքի ոլորտում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ իրավական ակտերը (կամ պետությունը) առաջ են անցել պրակտիկայից, և այդ ակտերի ընդունումը կամ փոփոխությունները թելադրված ու պահանջարկված չեն շուկայական ուժերի կողմից: Նման պայմաններում պետությունը տեսականորեն կարող է սահմանել հիմնական խաղի կանոնները և սպասել կազմակերպությունների և ներդրողների կողմից պահանջարկի առաջացմանը: Հիմնական կանոններից դուրս օրենքի դրույթների բովանդակությունը փաստացի կարևոր չէ, քանի որ դրանք չեն կիրառվում: Հետևաբար՝ ներկա պայմաններում պետությունը պետք է կենտրոնանա գործող օրենքների կիրառման վրա՝ իրավունքի նկատմամբ պահանջարկ ստեղծելու նպատակով: Այս պահանջարկը կարող է ինքնուրույն առաջ տանել հետագա բարեփոխումները:

 

Սուրեն Գոմցյան,

իրավագիտության թեկնածու, ՀՊՏՀ,

«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերություն

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21