Հայացք դեպի արբիտրաժ. Խորհրդաժողով Երեւանում

Մարտի 13-ին Երեւանում անցկացված «Հայացք դեպի արբիտրաժ. Արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով խորհրդաժողովի առաջնահերթ նպատակն  էր գործարար միջավայրին ներկայացնել Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային ինստիտուտի վերաբերյալ տեղեկատվություն:

Խորհրդաժողովը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը և ՀՀ արբիտրների ասոցիացիան` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանում գործող տեղական և միջազգային արբիտրաժային կառույցների գործունեությունը, առկա մարտահրավերները, արբիտրաժի զարգացմանը խոչընդոտող գործոնները, դրանց հաղթահարման եղանակները: Խորհրդաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչներն անդրադարձան  նաեւ արբիտրաժի ինստիտուտի հանդեպ վստահության պակասի պատճառներին։

ՀՀ արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Օրբելյանի գնահատմամբ «Հայաստանում արբիտրաժային դատարանների մասին իրազեկվածության պակաս կա, ինչի հետեւանքով չկա նաեւ բավարար վստահություն այդ ինստիտոտւտի հանդեպ, մենք թերահավատորեն ենք վերաբերվում այն երեւույթին, ինչի մասին   քիչ կամ ընդհանրապես տեղեկություն ունենք»։ Այնինչ, ըստ Արամ Օրբելյանի  արբիտրաժային դատարանների շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն կարող է բեռնաթափվել։ «Խոսք խառը մասնագիտական, տեխնիկական գործերը դատարանից հանելու մասին է, այդ դեպքում դատարանը կկենտրոնանա այն գործերի վրա, որոնք արբիտրաժի ենթակա չեն:»

Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելով իր նախագահությամբ գործող կառույցի գործառույթները, նպատակներն ու սկզբունքները, Արամ Օրբելյանը անդրադարձավ նաեւ Հայաստանում վեճերի առցանց լուծման մեխանիզմներին, դրանց  առանձնահատկություններին ու  զարգացման հեռանկարներին:

Ներկայացվեց «.am» և «.հայ» դոմենային անունների վերաբերյալ վեճերի լուծման առցանց հարթակի ստեղծման և արբիտրաժի կանոնների մշակման հետ կապված Կոնցեռն-Դիալոգի իրականացրած աշխատանքները,  ինչպես նաև սպառողների իրավունքներ իառավել արդյունավետ պաշտպանության նպատակով նմանօրինակ մեխանիզմները այլ բնագավառներում կիրառելու հնարավորությունները:

Համաժողովին ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, արբիտրների եւ իրավաբանական ընկերությունների, ինչպես նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21