«ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտություն չկա». Արամ Օրբելյանի հարցազրույցը tert.am-ին

ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, այդ դատարանի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել մի քանի տարի հետո, այնինիչ ընդհանուր դատաիրավական բարեփոխումները հետ են ընկնում: «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ Tert.am-ի հետ զրույցում  անդրադարձել է  Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին։ 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

Ըստ Օրբելյանի՝ ակնհայտ է, որ ցանկացած ոլորտի մասնագիտացում, կենտրոնացում կարող է տալ դրական արդյունք, բայց խնդիրը պետք է դիտարկել պետական ռեսուրսները ծախսելու գործընթացի տեսանկյունից:

«Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործերի քանակը, համեմատած այլ հանցագործությունների քանակի հետ, չի համապատասխանում դատավորների հարաբերակցությանը, և առաջանում է օրինաչափ հարց՝ արդյոք պե՞տք է կոռուպցիոն գործերին առաջնահերթություն տրվի, որ արագ քննվեն, թե՞, օրինակ, անձի գույքի դեմ ուղղված գործերին, սպանություններին, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններին վերաբերող գործերին»,-ասաց նա՝ նշելով, թե ծախսի նպատակահարմարության և արդյունավետության խնդիր կա:

Արամ Օրբելյանի  տպավորությամբ հակակոռուպցիոն դատարանը կդառնա արտակարգ դատարան: «Որովհետև, եթե ասում ենք՝ կոռուպցիա չկա, բայց ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան, տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ:

Եթե դատարանի իրավազորությունն ուղղված լիներ այսօրվանից տեղի ունեցող արարքներին, կասեի, որ սա արտակարգ դատարան չէ, բայց փաստացի, սա դառնում է մի դատարան, որը պետք է  ձևավորվի հիմա, դատավորները նշանակվեն հիմա, և քննվեն նախկինում տեղի ունեցած հանցագործությունները և ենթադրյալ ապօրինի հարստացումը. սա տեղավորվում է արտակարգ դատարանի սահմանման մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խնդիր կա դատարանի անկախության տեսակետից.

«Փաստացի, նշանակվելու են դատավորներ, որոնք որոշակի իրավական նորմերի և անձանց նկատմամբ ունենալու են շատ հստակ մոտեցում»,-նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝  https://www.tert.am/am/news/2020/08/23/Orbelyan/3377117

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21