Սուրեն Գոմցյան «Վարկանիշի հետևից ընկած. Հայաստանի օրենսդրության դրական և ձևական բարեփոխումները»

Doing Business զեկույցի ազդեցության ներքո զարգացող երկրներում կատարվող բարեփոխումների մի մասը ձևական է։

Doing Business զեկույցի ազդեցության ներքո

զարգացող երկրներում կատարվող

բարեփոխումների մի մասը ձևական է։

 

 

Հայաստանի օրենսդրության դրական և ձևական բարեփոխումները

Վերջին տարիներին տարբեր կազմակերպություններ հաճախ են զեկույցներ և վարկանիշներ հրապարակում, որոնք աշխարհի երկրները դասում են ըստ որոշակի չափանիշների (կոռուպցիայի մակարդակ, ներդրումային գրավչություն, կրթություն, կենսամակարդակ և այլն): Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի հրապարակումները դրականորեն կարող են ազդել կառավարությունների քաղաքականության վրա՝ նրանց դրդելով բարեփոխումների:

 

Հայաստանի Կառավարության այս տարվա գործունեության գերակա միջոցառումների ծրագրում նախատեսված են միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանի դիրքի բարելավմանը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից պատրաստվող ամենամյա Doing Business վարկանշային դասակարգման սանդղակում: Հաճախ, սակայն, բարեփոխումների մի մասը ձևական է լինում և միակ նպատակը լինում է վարկանշային սանդղակում երկրի դիրքի բարելավումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէ:

 

Doing Business զեկույցի գնահատման հիմնական չափանիշները հիմնված են ընթացակարգերի գնահատման վրա (ընկերությունների հիմնադրում, հարկային և մաքսային գործընթացներ, շինարարական թույլտվությունների տրամադրում): Հետևաբար' զեկույցի ազդեցության ներքո զարգացող երկրներում կատարվող բարեփոխումների մեծ մասը վերաբերում է ընթացակարգերի բարեփոխմանը:

 

Զեկույցի ընթացակարգային ուղղվածությունը հաճախ քննադատության առարկա է դառնում մասնագիտական շրջանակներում, քանի որ ընթացակարգերի բարեփոխումների վրա հիմնված սանդղակը չի արտացոլում երկրում ներդրումային միջավայրի իրական պատկերը: Հարկային հաշվետվությունների պատրաստման և ներկայացման վրա ծախսվող ժամանակի նվազման հաշվին երկիրը կարող է բարելավել դիրքերը Doing Business վարկանշային սանդղակում, սակայն գործնականում կարող են շարունակել գործել տարբեր խոչընդոտներ հարկային արտոնությունների և օտարերկրյա ներդրողների համար սահմանված երաշխիքների կիրառման համար, իսկ հարկային ստուգումների արդյունքներում կազմվող ակտերն ավելի հիմնավորված չեն դառնա:

 

Նմանատիպ քննադատությունները պայմանավորված են նրանով, որ Doing Business զեկույցից բավական մեծ սպասելիքներ կային: Դրանք մի կողմ դնելու դեպքում ակնհայտ է, որ զեկույցի բարեփոխումները խթանող ազդեցությունը դրական է զարգացող երկրներում: Մասնավոր հատվածի կողմից ներդրումային միջավայրի իրավական բարեփոխումների նկատմամբ թույլ պահանջարկի դեպքում կարևոր է ցանկացած այլ գործոնի առկայությունը, որը պետական մարմիններին դրդում է բարեփոխումների, թեկուզ միայն ընթացակարգային: Ամեն դեպքում, այդպիսի բարեփոխումները դրական ազդեցություն են թողնում ներդրումային միջավայրի վրա:

 

Մասնավորապես՝ ներկայում Հայաստանում զգալիորեն պարզեցվել է ընկերությունների հիմնադրման գործընթացը: Ընդ որում՝ այս ոլորտում կատարված վերջին փոփոխությունները բավական հետաքրքրություն են առաջացրել, և հնարավոր է, որ այս տարի հրապարակվող Doing Business զեկույցում հիշատակվի դրանց մասին: Մյուս կողմից՝ հանդիպում են նաև օրինակներ, երբ զեկույցում որպես օրինակելի ներկայացվող բարեփոխումները հետագայում ճանաչվում են անհաջող բարեփոխման փորձեր (օրինակ՝ ընկերությունների հիմնադրման 2008թ. բարեփոխումը Բուլղարիայում):

 

Ցավոք, Doing Business զեկույցի ազդեցության ներքո զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կատարվող բարեփոխումների մի մասը ձևական է և որպես միակ նպատակ հետապնդում է վարկանշային սանդղակում երկրի դիրքի բարելավումը և ֆինանսական միջոցների ներգրավումը՝ առանց իրական և կայուն փոփոխությունների:

 

Ձևական բարեփոխման օրինակ

Ձևական բարեփոխման հետաքրքիր օրինակ է ներդրողների պաշտպանության նպատակով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում 2011թ. կատարված փոփոխությունները, որոնց նպատակն է բարելավել մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությունը շահագրգռվածությամբ գործարքների շրջանակներում:

 

Մինչ օրս «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները գործնականում գրեթե չեն կիրառվել: Ընդ որում՝ կատարված փոփոխությունների ձևակերպումները պարզապես հիշեցնում են զեկույցի ներդրողների պաշտպանությանը վերաբերող հարցերի պատասխանները: Հատկանշական է, որ համապատասխան փոփոխություններ չեն կատարվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի շահագրգռվածությամբ գործարքներին վերաբերող հոդվածներում:

 

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության փոփոխությունների միակ խթանիչ ուժը Doing Business վարկանշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավելն է, և պարզ չէ, թե գործնականում որքանով է իրատեսական այդ կերպ փոփոխված իրավական նորմերի կիրառումը: Միաժամանակ, օրենքում և դրա կիրառման հետ կապված այլ իրավական ակտերում առկա մնացած թերությունները, որոնք խոչընդոտներ են առաջացնում ձեռնարկատիրական գործունեության համար և բիզնես միջավայրը դարձնում անկանխատեսելի (ի տարբերություն շահագրգռվածությամբ գործարքների մասին դրույթների, որոնք իրոք կիրառվում են գործնականում), շարունակում են մնալ անփոփոխ:

 

Սուրեն Գոմցյան, իրավաբան,

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերություն

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21