Կոնցեռն Դիալոգ. «Դեպի նվազագույն ընդհանուր հայտարար» (դիտարկում Doing Business վարկանշային դասակարգման սանդղակի 2012թ. հրապարակման վերաբերյալ)

Doing Business-2012. մրցակցություն օրենսդիրների միջև

Օրենսդիրների միջև մրցակցության արդյունքում ստեղծվում է իրադրություն,

երբ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ ավելի մեղմ կանոններ

սահմանած երկրների կազմակերպություններն առավելություններ են

ստանում՝ ի հաշիվ ավելի խիստ կանոններով երկրների

կազմակերպությունների:

 

 

Doing Business-2012. մրցակցություն օրենսդիրների միջև

 

Հինգշաբթի հրապարակվեց հերթական Doing Business վարկանշային դասակարգման սանդղակը: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նախ՝ օրենսդիրների միջև առկա է թեժ մրցակցություն՝ ուղղված օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և բիզնես միջավայրի բարելավմանը, և երկրորդ՝ Doing Business զեկույցը՝ Համաշխարհային բանկի թերևս ամենահայտնի և ակտիվ գովազդվող ծրագրերից մեկը, խթանում է այդ մրցակցությունը:

 

Ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների դասակարգման սանդղակում Հայաստանը անցած տարվա ընթացքում կատարված հինգ բարեփոխումների արդյունքում բարելավել է իր դիրքը և զբաղեցնում է 55-րդ տեղը: Ընդ որում՝ ձեռնարկված միջոցները համապատասխանում են բարեփոխումների ընդհանուր համաշխարհային միտումներին, որոնց հիմնական ուղղվածությունը կազմակերպությունների հիմնադրման, ձեռնարկատիրական գործունեության իրականացման և պայմանավորված ֆինանսական ճգնաժամով՝ սնանկացման հետ կապված գործընթացների պարզեցումն է:

 

Ակնհայտ է, որ երբ ձեռնարկատերերը և կառավարությունները հասկանում են, որ բիզնեսի ընտրությունը կախված է կառավարությունների առաջարկներից, առաջանում է շուկա և մրցակցություն տարբեր երկրների միջև: Գլոբալիզացիային և ինտեգրման գործընթացներին, ինչպես նաև միջազգային առևտրին և ներդրումներին խոչընդոտող գործոնների ֆորմալ վերացումը նպաստում է, որ պետություններն օգտագործեն համեմատական օրենսդրական առավելությունները տեղական ընկերությունների համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

 

Նմանապես, այդ խթաններն առաջանում են նաև բիզնեսի մոտ, որը որոնում է ներդրումների համար առավել բարենպաստ իրավական ռեժիմը և ներդրումների մասին որոշում կայացնելուց առաջ, բացի տնտեսական գործոններից, գնահատում է իրավական գործոնները: Օրենսդիրների միջև մրցակցության արդյունքում ստեղծվում է իրադրություն, երբ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ ավելի մեղմ կանոններ սահմանած երկրների կազմակերպություններն առավելություններ են ստանում՝ ի հաշիվ ավելի խիստ կանոններով երկրների կազմակերպությունների:

 

Գիտական հրապարակումներում օրենսդիրների մրցակցությունը միանշանակ գնահատական չի ստացել, և գոյություն ունեն իրար հակասող երկու տեսակետներ: Գիտնականների մի մասը կարծում է, որ մրցակցությունը բերում է իրավական պահանջների թուլացմանը ներդրումների և նոր բիզնես ծրագրերի ներգրավման նպատակով՝ առաջացնելով այսպես կոչված «մրցավազք դեպի ներքև» ֆենոմենը: Ընդունելով այս ռիսկը և տեղի տալով աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցում արժեքները խեղաթյուրելուն վերաբերող բազմաթիվ մեղադրանքների՝ Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան 2009-ից դադարեցին օգտագործել «աշխատողների աշխատանքի ընդունումը» ցուցիչը (որը զեկույցի սկզբնական տարբերակներում ավելի «սադրիչ» անվանում ուներ՝ «աշխատողներին աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը»): Նոր զեկույցում ցուցիչը նորից ընդգրկված է, սակայն դեռ առանց դասակարգման, քանի որ գնահատման մեթոդաբանությունը վերջնականապես մշակված չէ:

 

Համաձայն երկրորդ տեսակետի՝ օրենսդիրների մրցակցությունը բերում է «մրցավազքի՝ դեպի վերև». տարբեր երկրներ փորձում են մշակել օրենսդրություն, որը լավագույն պաշտպանությունն է առաջարկում ներդրումների համար: Հնարավոր է բերել բազմաթիվ օրինակներ, որոնք նույն հաջողությամբ կարող են հաստատել երկու տեսակետներն էլ:

 

Doing Business նախագիծը հաստատում է, որ առնվազն որոշ հարցերում տարբեր երկրներ շարժվում են դեպի «նվազագույն ընդհանուր հայտարարը»: Հենց այս նախագծի լույսի ներքո է հարկավոր դիտարկել վերջին տարիներին Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունները՝ կապված բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի պահանջի վերացման, առևտրային կազմակերպությունների պետական գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների պարզեցման հետ:

 

Գործնականում օրենսդիրների մրցակցության էական մյուս հետևանքը տարբեր պետությունների գործողությունների համակարգման անհրաժեշտությունն է: Խնդիրն այն է, որ առանձին երկրների՝ օրենսդրության և իրավական կարգավորման խստացմանն ուղղված քայլերի հետևանքով այդ երկրների ընկերությունները հայտնվում են ոչ մրցակցային միջավայրում՝ համեմատած այլ երկրների ընկերությունների հետ:

 

Այս պատճառով է, որ որոշ հարցերում օրենսդրության պարզեցման հետ մեկտեղ (օրինակ՝ վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված փոփոխությունները բերել են գրանցելու համար անհրաժեշտ ավելի քիչ փաստաթղթեր պահանջելուն, դրանց քիչ ուսումնասիրելուն, նվազագույն կապիտալի ավելի ցածր շեմ սահմանելուն, ինչը չի կարող չբերել որոշակի չարաշահումների) տեղի է ունենում համապատասխան իրավական կանոնների և պահանջների խստացում այլ ոլորտներում: Մասնավորապես՝ վերջին տարիներին Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) ձեռնարկած քայլերի շնորհիվ օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում, ուղղված են եղել բիզնեսի շահառուների բացահայտման, փողերի լվացման դեմ պայքարի կանոնների խստացման, այդ թվում՝ վերահսկման գործընթացում միջնորդների (աուդիտորների, փաստաբանական ընկերությունների, խորհրդատուների, բանկերի) ներգրավման հաշվին: Իրար հակասող, բայց միևնույն ժամանակ միմյանց հակակշռող միտումները թույլ են տալիս ենթադրել, որ օրենսդիրների մրցակցությունը կբերի բիզնեսի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը:

 

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21