Հաջողություններ արձանագրելու համար միջազգային իրավական գործընթացներին զուգահեռ պետք է իրականացվի նաև քաղաքական, դիվանագիտական ու հասարակական աշխատանք. Արամ Օրբելյան

Միջազգային իրավական գործընթացներին զուգահեռ պետք է իրականացվի նաև քաղաքական, դիվանագիտական ու հասարակական աշխատանք, եթե ուզում ենք շոշափելի հաջողություներ արձանագրել։ Այս մասին Հայաստանում ֆրանսիական համալսարանի կազմակերպած «Իրավունքի գիշեր» միջոցառման ժամանակ ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ միջազգային իրավունքի դեպքում դատական որոշման հարկադիր կատարման բացակայությունը մի շարք դժվարություններ է առաջացնում վերջանպատակին հասնելու հարցում։ Ավելին, բանախոսը մատնանշել է, որ, ի տարբերություն ազգային իրավական համակարգերի, միջազգային իրավունքում նույնիսկ միջազգային դատական ատյաններին դիմելու համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը, ինչը որոշակիորեն առանձնացնում է միջազգային իրավական համակարգը որպես յուրահատուկ երևույթ: Հետևաբար միջազգային իրավական գործիքները չեն կարող արդյունավետորեն կիրառվել ազգային իրավական գործիքների մոդելով, ինչը սակայն չի բացառում միջազգային իրավունքի գոյությունը և կիրառությունը:

Միջոցառման շրջանակում «Միջազգային իրավունք․ արդարությա՞ն գործիք, խաղաղությա՞ն, թե՞․․․» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ Արամ Օրբելյանը նշել է, որ միջազգային իրավունքի գոյության ապացույց է բազմաթիվ ոլորտներում միջազգային համագործակցությունը՝ ինչպիսին է համագործակցությունը կրթության, մշակույթի, փոխադրումների, միջազգային արբիտրաժի և անձանց ամենօրյա կյանքին վերաբերվող բազմաթիվ ոլորտներում: Միևնույն ժամանակ միջազգային իրավունքի կիրառության առանձնահատկությունն առավել խնդրահարույց է դարձնում դրա ամբողջական կիրառությունն անվտանգության և խաղաղության հարցերով: Սակայն, ըստ բանախոսի, միջազգային իրավական գործիքների և դիվանագիտության և այլ գործիքների համակարգված կիրառությունը հնարավորություն է տալիս հասնել արդյունքի:

ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և զինված հարձակման դեպքում նման գործիքներ կարող են լինել ՄԱԿ-ի տարբեր հարթակներ՝ ներառյալ Միջազգային դատարանը, ԵԽ՝ ներառյալ ՄԻԵԴ-ը և ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ի գործիքակազմը և ՀԱՊԿ-ն, անվտանգության և ռազմական հարցերով համագործակցության երկկողմանի պայմանագրերը, ինչպես նաև պառլամենտական և հանրային դիվանագիտությունը, գիտական և մշակութային շրջանակների հետ աշխատանքը և այլն: Արամ Օրբելյանի կարծիքով՝ բոլոր այդ գործիքների համակարգված կիրառման դեպքում հնարավոր է զգալի արդյունք արձանագրել՝ չբացառելով ՀՀ-ի և ՀՀ զինված ուժերի առաջնային դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում:

Նշենք, որ «Իրավունքի գիշեր» միջոցառումն անցկացվում է 2017 թվականից Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախաձեռնությամբ։ Այն ամեն տարի կազմակերպվում է հոկտեմբերի 4-ին՝ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության Սահմանադրության օրը և նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնելու իրավունքը, դրա սկզբունքները և մասնագիտությունները։ Հայաստանում ֆրանսիական համալսարանն արդեն երկրորդ անգամ է միանում այս նախաձեռնությանը։

Միջոցառման ժամանակ բացի կլոր սեղան քննարկումից, տեղի է ունեցել նաև ապագա իրավաբանների միջև բանավեճ, միջազգային իրավունքին վերաբերող վավերագրական ֆիլմի ցուցադրություն, անցկացվել է իրավունքի մասին ընդհանուր զարգացվածության մրցույթ և այլն։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21