Դատարանների գերծանրաբեռնվածության հարցը լուծելու համար անհրաժեշտ է ոչ թե ուղիներ գտնել` ինչպես այդ գործերը այլ կառույցների փոխանցել, այլ լուծումներ գտնել քննելու․ Արամ Օրբելյանն իր մոտեցումներն է ներկայացրել ԱԺ-ում

Դատարանների գերծանրաբեռնվածության ու գործերը ողջամիտ ժամկետում քննելու հարցերը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել բռնագանձումների դատարան, որտեղ պետք է ներդրվի ամբողջական էլեկետրոնային փաստաթղթաշրջանառություն, նաև կարող է ունենալ գործառույթ որոշակի արբիտրաժային որոշումների հարկադիր կատարումն ապահովելու։ Այս տեսակետը հայտնել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ։

Նրա կարծիքով՝ բռնագանձումների դատարանի ստեղծումը էապես կբեռնաթափի մյուս դատարանները և այս կարևոր հարցը լուծելու համար պետությունը պետք է գնա այդ քայլին։

Խոսելով դատական համակարգում խնդիրների մասին, ի թիվս այլ խնդիրների, Արամ Օրբելյանը նշել է դատավորների և դատարանների անձնակազմերի անկախությունը, անձեռնմխելիությունն իրապես ապահովելու անհրաժեշտությունը։

«Պաշտոնավարման ցմահ արգելք պետք է նախատեսել պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում հրապարակային քննադատելու համար»,- կարծիք է հայտնել փաստաբանական գրասենյակի ղեկավարը։

Արամ Օրբելյանի մոտեցմամբ՝ Վարչական դատարանի որոշումները չպետք է բողոքարկման ենթակա լինեն պետական մարմինների կողմից, քանի որ բողոքարկումը քաղաքացու ու մարդու իրավունքն է, ոչ թե պետական մարմնի։ Ավելին, քաղաքացիական ու վարչական դատարանների որոշումները ևս, ըստ նրա, կախված գումարի չափից, պետք է բողոքարկման ենթակա չլինեն նույնիսկ քաղաքացիների և կազմակերպությունների կողմից՝ իհարկե, հաշվի առնելով ՍԴ որոշմամբ արձանագրված երաշխիքները։

Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր, նշվել է, որ դատարանների աշխատակազմերը խուսափում են էլեկտրոնային ծանուցումների անցնել, անգամ այն պայմաններում, երբ այդ ընթացակարգը նախատեսված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Նա շեշտել է, որ դատարանների աշխատանքի ու ռեսուրսների ճիշտ կազմակերպման համար անհրաժեշտ է էլեկտրոնային ծանուցման համակարգը որոշակի խումբ անձանց համար պարտադիր դարձնել՝ ինչը գործընթացի կիրառումը կդարձնի ինքնաբերաբար։

Արամ Օրբելյանն ԱԺ քննարկման ժամանակ ընդգծել է, որ դատարանների գերծանրաբեռնվածության ու գործերը ողջամիտ ժամկետում քննելու հարցերը լուծելու համար անհրաժեշտ է ոչ թե դատարան ուղարկվող գործերի թիվը արհեստականորեն փորձել պակասեցնել դրանցով որոշում կայացնելը վերապահելով այլ մարմինների, այլ լուծումներ գտնել այդ գործերն արդյունավետ քննելու և ողջամիտ ժամկետում որոշումներ ընդունելու համար։

Քննարկման ձայնագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=cfu1XTDRSCc

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21