Պետությունը պետք է հնարավորություն ընձեռի մասնավոր ընկերություններին էլեկտրոնային կառավարության առկա պլատֆորմերով նոր ծառայություններ զարգացնելու. Արամ Օրբելյանը մասնակցել է «CaseKey 2022»-ի պանելային քննարկմանը

Պետությունը պետք է ոչ միայն ստեղծի էլեկտրոնային լավագույն պլատֆորմը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան ստանալ ծառայություններ, այլ նաև լուծումներ ներդնի, որ մասնավոր ընկերությունները կարողանան զարգացնել հավելյալ ծառայություններ այդ պլատֆորմից օգտվելով: Այս մասին ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը նոյեմբերի 18-ին «CaseKey 2022» բիզնես խնդիրների լուծման մրցույթի եզրափակիչ միջոցառման պանելային քննարկումների ժամանակ, որը նվիրված է եղել էլեկտրոնային կառավարության ռիսկերին ու հնարավորություններին:

Արամ Օրբելյանը, ով ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնում, պատասխանատու է եղել էլեկտրոնային մի շարք ծառայությունների ստեղծման ու զարգացման հարցերում, ընդգծել է, որ Հայաստանը բավականին առաջատար դիրքերում է էլեկտրոնային կառավարության ստեղծման գործում, բայց դեռևս շատ անելիքներ կան:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ նա առանձնացրել է երեքը. առաջինը ստեղծված հավելվածի/ծառայության անընդհատ թարմացնելու և կատարելագործելու անհրաժեշտությունն է, երկրորդը՝ էլեկտրոնային տարբերակով աշխատելու ժամանակ կրկնակի կատարվող աշխատանքից խուսափելն ու հիմնովին նոր լուծումներ գտնելը և երրորդը՝ տեխնոլոգիաները կարգավորելու ցանկությունը պետության կողմից:

«Տեխնոլոգիաները հնարավոր չէ կարգավորել օրենսդրական դաշտում, այլ հնարավոր է կարգավորել դրա հետ կապված հասարակական հարաբերությունները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառության հետևանքով առաջ եկող ռիսկերը: Վերջին տասնամյակի ամենամեծ ռիսկն անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունն է էլեկտրոնային հարթակներում, բայց, միևնույն ժամանակ, այդ հարթակների միջոցով արագանում են պրոցեսները, հեշտանում են մարդկային հարաբերությունները»,- նշել է Արամ Օրբելյանը:

Ծանոթագրություն:

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում:

Ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցել են թրեյնինգների և սովորել են, թե ինչպես լուծել իրական բիզնեսների խնդիրները: Վերջին վեց ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 500 ուսանող, 15 բանախոս, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ-եր և կրթական կենտրոններ, ինչպես նաև մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից: Մինչև եզրափակիչ միջոցառումը, այս տարի մասնակիցներն արդեն լուծել են հանրային կարևորության երեք խնդիր, իսկ եզրափակիչ միջոցառման ընթացքում թիմերը ներկայացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության (EKENG) կողմից առաջադրված e-citizen.am հարթակի հանրայնացման խնդրի լուծման իրենց տարբերակները։

Նախատեսվում է մրցույթի լավագույն մասնակիցներից ձևավորվել թիմ, որը 2023թ-ին կմեկնի ԱՄՆ և կներկայացնի Հայաստանը բիզնես խնդիրների լուծման հեղինակավոր մրցույթում:

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21