Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և բիզնեսավարման հնարավորությունները. Արամ Օրբելյանն ու Արթուր Հովհաննիսյանը ելույթներով են հանդես եկել ՀՀ-ՌԴ իրավական առաջին համաժողովի ժամանակ
21/04/2022
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ու գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովի ժամանակ հանդես են եկել առանձին ելույթներով իրենց պրակտիկայի ոլորտների վերաբերյալ:
Արամ Օրբելյանը ներկայացրել է ՀՀ դատական համակարգը, վարչական արդարադատության առանձնահատկությունները, ինչպես նաև վեճերի լուծման առկա այլընտրանքային մեխանիզմները՝ մեդիացիան և արբիտրաժը:
Առանձին նաև ներկայացրել է միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ-ՌԴ պայմանագրերը և դրանց իրական կիրարկումը ՀՀ-ում:
Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել դատական գործերի իրական ընթացքի, տևողության, տարբեր դատարանների գործընթացների առանձնահատկությունների վրա և շեշտել է դատական համակարգի կայացվածության բարձր մակարդակը՝ չնայած որոշակի անհանգստացնող զարգացումների:
Արթուր Հովհաննիսյանը ելույթում ներկայացրել է անշարժ գույքի գործարքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նա խոսել է ՀՀ-ում բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության և գնման առանձնահատկություններից, իրավական կարգավորումներից:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում ապրիլի 21-22 կայացած համաժողովի նպատակն է եղել երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև:
Ակնկալվում է, որ համաժողովը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը։