Իրավաբանական ֆակուլտետների 30 ուսանողների համար մեկնարկած արբիտրաժի ամառային դպրոցում որպես դասախոսներ հանդես են եկել նաև Կոնցեռն Դիալոգից Արամ Օրբելյանն ու Լիլիթ Կարապետյանը
01/08/2023
Իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար Հայաստանի ամերիկյան համալսարանում հուլիսի 24-ին մեկնարկած արբիտրաժի ամառային դպրոցում որպես դասախոսներ հանդես են եկել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ու ընկերության գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը։
Ամառային քառօրյա դպրոցը կազմակերպել են Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ նպատակ ունենալով նպաստել արբիտրաժի վերաբերյալ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն է ընձեռնել կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։
Դասախոսության ժամանակ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ով նաև ՀՀ արբիտրների ասոցիացիայի խորհրդի անդամ է, ուսանողներին ներկայացրել է ընդհանուր տեղեկություններ արբիտրաժի վերաբերյալ, այդ թվում՝ խոսելով արբիտրաժի տարբերության մասին դատարանից, արբիտրաժի հիմնական առավելություններից ու թերություններից, արբիտրաժի տեսակներից, ինչպես նաև ներպետական օրենսդրությունից ու ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերից։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան, ՀՀ արբիտրների ասոցիացիայի անդամ Լիլիթ Կարապետյանը ուսանողներին փոխանցել է տեսական գիտելիքներ արբիտրաժի գործընթացի մասին՝ մանրամասն ներկայացնելով արբիտրաժի դիմումի ներկայացումից մինչև արբիտրաժի ավարտն ընկած ծավալուն աշխատանքի նրբությունները, որոնք այնուհետև ամրապնդվել են գործնական աշխատանքներով։