Տեղի է ունեցել Կոնցեռն Դիալոգի կազմակերպած սեմինարն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը մայիսի 16-ին կազմակերպել էր սեմինար ՀՀ քրեական նոր օրենսգրքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն սահմանող կարգավորումների վերաբերյալ։

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքի՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ կարող են լինել նաև իրավաբանական անձինք՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետությունում ստեղծված:

Նոր կարգավորումներով քրեական հետապնդման կարող են ենթարկվել ոչ միայն ընկերությունների աշխատակիցները՝ որպես ֆիզիկական անձինք, այլև հենց ընկերությունների համար կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ. տուգանք, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, հարկադիր լուծարում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան, ի․գ․ թ, դոցենտ, ԵՊՀ դասախոս Սերգեյ Մարաբյանը, ավագ իրավաբան, փաստաբան Տիրայր Կարապետյանը և կրտսեր իրավաբան Սվետլանա Մկրտչյանը մանրամասն ներկայացրել են բոլոր այն հնարավոր դեպքերը, երբ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, ինչպիսին պետք է լինի քրեական հետապնդման գործընթացը, ինչ հետևանքներ կարող են առաջանալ  ընկերությունների համար, ինչպիսի գործիքներ կարող են կիրառվել հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:

Սեմինարին մասնակցել են Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրեններ, հաշվապահներ, իրավաբաններ։

Կոնցեռն Դիալոգի կողմից կազմակերպվող սեմինարները լինելու են շարունակական։ Հաջորդ սեմինարներին մասնակցելու համար հետևեք կայքի և սոցիալական ցանցերի հրապարակումներին։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21